Կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

25.05.2017
2017թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին նախորդ տարվա աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին հետագա պլանները:

Բանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն իր ելույթում առանձնացրեց հաշվետու տարվա կարևոր ձեռքբերումները. «Յունիբանկը մեծ աշխատանք է տարել հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման ուղղությամբ: Մեզ հաջողվեց տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճեց երկու անգամ»:

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաև ակտիվների որակը, ինչի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է կապիտալը, այն հասցնելով 34,8 մլրդ ՀՀ դրամի, և այդպիսով կատարել ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

Բարձր գնահատելով ներդրողների վստահությունը բանկի հանդեպ, 2016թ.-ին բանկի Խորհուրդը որոշում ընդունեց իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12.9% տարեկան եկամտաբերությանը:

2016թ. -ին բանկի ակտիվները կազմել են 185.4 մլրդ ՀՀ դրամ` տարվա ընթացքում աճելով 17.2%-ով, իսկ պարտավորությունները, աճելով 11.2%-ով, կազմել են 150.5 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.7%-ով և կազմել 118.6 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում ավանդների ծավալը կազմել է 114.8 մլրդ ՀՀ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:

2016թ.-ին Յունիբանկը տոնեց իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են 325 000 հաճախորդ և 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ և ներկայացուցչություն Ռուսաստանում:

Բանկի ուժեղ կողմերը և մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի և շուկայում մասնաբաժնի մեծացման համար: Քառամյա ռազմավարական ծրագրի համաձայն, Յունիբանկի մանրածախ վարկավորման ծավալը կաճի 44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը` 37%-ով: Այսպիսով, բանկը կավելացնի իր մասնաբաժինը մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտներում, համապատասխանաբար, շուկայի 13% և 10%-ով: Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ 2020թ.-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի նվազագույնը 50%-ը կբաշխվի որպես շահութաբաժին: Իսկ դա նշանակում է, որ էապես կբարձրանա բանկի ներդրումային գրավչությունը:

«Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության և բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին և մտերիմներին` որպես վստահելի և շահավետ գործընկեր», - ամփոփեց իր խոսքը Գագիկ Զաքարյանը:

Բաժնետերերի ընդհանուր ժողովը 2016թ. ֆինանսական արդյունքներով սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժինների չափը համարեց հավասար արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին:

Ժողովում բանկի Խորհուրդը հաստատվեց հետևյալ կազմով`Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան: Խորհրդի նախկին անդամ Արարատ Ղուկասյանը 25.05.2017թ.-ից կզբաղեցնի բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ