Բանկային քարտերի սպասարկման և օգտագործման պայմաններն ու կանոնները

Կիրառվող հասկացություններ
Քարտի թողարկում, տրամադրում և վերաթողարկում
Լրացուցիչ քարտի տրամադրում
Քարտային գործարքներ
Արժույթի փոխարկում
Քարտային գործարքների բողոքարկում
SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացում
Քաղվածքների տրամադրում
Քարտային գործարքների անվտանգության կանոններ
Քարտի կորուստ, գողություն, զեղծարարություն
Վճարներ և գանձումներ
Քարտի փակում
Հաշվի վարկավորում/օվերդրաֆտ
Քարտապանի իրավունքները և պարտականությունները
Բանկի իրավունքները և պարտականությունները
Բանկի և քարտապանի պատասխանատվությունը

Կիրառվող հասկացություններ

Բանկային քարտ (այսուհետ՝ Քարտ) ArCa տեղական և Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտեր, որոնք հանդիսանում են Բանկի սեփականությունը և տրամադրվում են հաճախորդներին, նրանց կողմից Բանկում բացված Քարտային հաշիվներով կանխիկ միջոցներ ստանալու և անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:

Քարտային հաշիվ (այսուհետ՝ Հաշիվ)՝ Բանկում Քարտապանի անվամբ բացված բանկային հաշիվ, որում հաշվառվում են Քարտերով և դրանց հետ կապված բոլոր գործարքները և գործառնությունները:

Քարտապան՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որը Բանկի հետ կնքել է բանկային քարտի թողարկման և սպասարկման պայմանագիր:

Լրացուցիչ Քարտ` Քարտապանի կողմից լիազորված անձին օգտագործման համար տրամադրված Քարտ` համաձայն Քարտապանի գրավոր դիմումի: Լրացուցիչ քարտով գործառնություններն իրականացվում են Քարտապանի լիազորված անձի կողմից, Քարտապանի կողմից սահմանված սահմանաչափի սահմաններում, ընդ որում այդ գործառնություների հետ կապված ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է Քարտապանը:

Գործարք` քարտի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ՝ քարտով ցանկացած գործառնության կատարում,  այդ թվում ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարում, կանխիկի ստացում և այլն: 

Գործարքի հավաստագրում` քարտով գործարքի կատարման համար Բանկի կամ համապատասխան վճարային համակարգի կողմից տրվող թույլտվություն կամ հաստատում:

Գործարքի հաշվառման օր` քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքը Բանկի հաշվառմանը ներկայացնելու կամ Քարտապանի հանձնարարականը կատարելու հիմքով` Բանկի կողմից քարտային հաշվով գործարքը հաշվառելու օր:

Գաղտնաբառ` Քարտապանի անձը նույնականացնող ծածկագիր, որը կիրառվում է Քարտապանի կողմից քարտի և քարտային հաշվի վերաբերյալ տեղեկատվության ստացման, Բանկի կողմից սահմանված դեպքերում` քարտի սպասարկման հետ կապված հարցերով հեռախոսակապի միջոցով Բանկ դիմելու, ինչպես նաև Բանկի և/կամ  ArCa, MasterCard, Visa վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված այլ դեպքերում:

Սակագներ` Բանկի կողմից սահմանված և հաստատված, Քարտերի տրամադրման և սպասարկման նպատակով հրապարակված սակագները, ներառյալ` Բանկի առանձին որոշմամբ սահմանված հատուկ, փոփոխված և/կամ արտոնյալ սակագները:

Քարտի կասեցում (բլոկավորում)` տվյալ համարով քարտին ցանկացած գործարքի հավաստագրման հարցման ժամանակավոր կամ վերջնական մերժում:

Անհատական նույնականացման համար (PIN-կոդ)` Քարտապանին նույնականացնող ծածկագիր, որը կիրառվում է Քարտապանի կողմից քարտային վճարահաշվարկային համակարգերի կանոններով նախատեսված դեպքերում քարտով գործարքներ կատարելիս:  

Գերածախս` Քարտապանին հասանելի դրամական միջոցներից ավել գումարի օգտագործում:

Վճարային սահմանաչափ` դրամական միջոցների չափ (Քարտային հաշվի մնացորդը և վարկային գծի (օվերդրաֆտի) հանրագումարը՝ բացառությամբ չնվազող մնացորդի), որի սահմաններում Քարտապանը կարող է ստանալ կանխիկ գումար և կատարել անկանխիկ վճարումներ:

Քաղվածք` Բանկի կողմից Քարտապանին տրամադրվող հաշվետվություն քարտային հաշվով (ներառյալ հիմնական և հավելյալ քարտերով) կատարված գործառնությունների վերաբերյալ:

CVV/CVC կոդ` քարտի դարձերեսին նշված և Քարտապանին նույնականացնող կոդ, որը կիրառվում է Քարտապանի կողմից ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելիս:

Stop-ցուցակ` միջազգային վճարային համակարգերի կողմից վարվող ցուցակ, որտեղ քարտապանի կամ Բանկի ցանկությամբ տեղադրվում են հափշտակված քարտերի համարները` դրանց միջոցով գործարքների իրականացումը կանխելու նպատակով:

Առևտրի/սպասարկման կետ` ապրանքների վաճառքի և (կամ) ծառայությունների մատուցման կետ, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, որի կողմից վաճառվող ապրանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց հնարավոր է վճարել քարտի միջոցով:

Բանկոմատ՝ ավտոմատացված մեքենա, որը կարող է իրականացնել ֆինանսական գործառնություններ՝ օգտագործելով  վճարային գործիքներ և (կամ) նույնականացնող այլ միջոցներ:

POS տերմինալ՝ էլեկտրոնային սարք, որը նախատեսված է առևտրի/սպասարկման կետում անկանխիկ կամ Բանկի տարածքում վճարային քարտով անկանխիկ և կանխիկ գործառնությունների կատարելու համար:

Պրոցեսինգային կենտրոն՝ իրավաբանական անձ կամ նրա կառուցվածքային ստորաբաժանում, որն ապահովում  է բանկային քարտերի սպասարկման գործընթացում մասնակիցների միջև տեղեկատվական և տեխնոլոգիական փոխհարաբերությունները: 

Քարտի  թողարկում, տրամադրում և վերաթողարկում

Բանկի կողմից քարտը թողարկվում  է հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` Բանկի կողմից սահմանված բոլոր վճարումները կատարելու դեպքում՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

Քարտը և PIN կոդը քարտապանին տրամադրվում են առանձին-առանձին` Բանկի տարբեր աշխատակիցների կողմից: PIN կոդը տրամադրվում է փակ ծրարով, ուստի այն ստանալիս ստուգեք PIN կոդի ծրարի փակ և ամբողջական լինելը, ինչպես նաև քարտի տվյալների ճշտությունը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացրեք Բանկին:

PIN կոդը հայտնի է միայն քարտապանին և այն մոռանալու կամ կորցնելու դեպքում թողարկվում է նոր PIN կոդ՝ համապատասխան դիմումի հիման վրա:

Քարտը Բանկից ստանալուն պես Քարտապանը պարտավոր է ստորագրել քարտի դարձերեսին` ստորագրման դաշտի վրա: Քարտի դարձերեսին քարտապանի ստորագրությունը նախատեսված է քարտապանի նույնականացման համար և ստորագրության առկայությունը պարտադիր է:

Քարտի վավերականության ժամկետը նշվում է քարտի դիմերեսին աա/տտ (ամիս/տարի) ֆորմատով: Քարտը վավեր է մինչև նշված տարվա նշված ամսվա վերջին օրացուցային օրը ներառյալ:

Քարտի ժամկետի լրանալուց հետո այն պետք է վերադարձվի Բանկ՝ 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում:

Քարտի գործողության ժամկետն երկարաձգելու համար քարտի ժամկետը լրանալուց, Քարտապանը պետք է Բանկ ներկայացնի համապատասխան դիմում, վճարելով Քարտի վերաթողարկման համար, համաձայն Բանկում գործող սակագների: 

Լրացուցիչ  քարտի  տրամադրում

Քարտապանը (հիմնական քարտապան) կարող է իր քարտին (հիմնական քարտ) կից Բանկից ստանալ լրացուցիչ քարտ(եր) ինչպես իր համար, այնպես էլ երրորդ անձի համար՝ համապատասխան դիմումի հիման վրա:

Լրացուցիչ քարտով կատարվող գործարքները հաշվառվում և արտացոլվում են հիմնական քարտի քարտային հաշվում:

Լրացուցիչ քարտը կարող է տարբեր լինել հիմնական քարտի տեսակից, սակայն պետք է քարտի դասով լինի հիմնական քարտին հավասար կամ ավելի ցածր դասի:

Հիմնական քարտապանը յուրաքանչյուր լրացուցիչ քարտի համար կարող է սահմանել առանձին ամսական վճարային սահմանաչափ:

Հիմնական քարտով և լրացուցիչ քարտ(եր)ով կատարված գործարքների հանրագումարը չպետք է գերազանցի հիմնական քարտի համար սահմանված վճարային սահմանաչափը:

Հիմնական և լրացուցիչ քարտերով իրականացված բոլոր գործարքների արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները հանդիսանում են հիմնական քարտապանի պարտավորությունները:

Քարտապանն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել կան ժամանակավոր կասեցնել լրացուցիչ քարտը՝ ներկայացնելով համապատասխամ գրավոր դիմում: 

Քարտային գործարքներ

Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները.

  • կանխիկի մուտքագրում՝ քարտով կանխիկ մուտքի հնարավորություն ունեցող սարքավորման միջոցով, ինչպես նաև Բանկում,
  • կանխիկի ելքագրում՝ քարտով կանխիկի ելքի հնարավորություն ունեցող բանկոմատի, POS տերմինալի միջոցով,
  • փոխանցում՝ բանկոմատի միջոցով, Բանկի բջջային հավելվածի միջոցով,
  • անկանխիկ եղանակով վճարում ապրանքների և ծառայությունների դիմաց՝ առևտրի/սպասարկման կետերում՝ ներառյալ ինտերնետ միջավայրում:

Բանկի բանկոմատները սպասարկում են բանկոմատի վրա պատկերված լոգոտիպով վճարահաշվարկային համակարգերը (ArCa, MasterCard, Visa):

Բանկի քարտերով վճարումներ կարող եք կատարել ArCa, MasterCard և Visa քարտերով` վճարման դաշտում համապատասխան լոգոտիպը նշված լինելու դեպքում:

Բանկի կողմից թողարկված ArCa տեղական քարտերով հնարավոր է անկանխիկ և կանխիկ գործարքներ իրականացնել միայն ՀՀ տարածքում, իսկ միջազգային քարտերով՝ նաև արտերկրում:

Քարտից քարտ փոխանցումը (բանկոմատի կամ Բանկի բջջային հավելվածի միջոցով) քարտին հասանելի է դառնում, որպես կանոն, մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում:

Բանկի դրամարկղում քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի հաշվից քարտին փոխանցումը քարտի վրա և այլ բանկերից փոխանցումները քարտին հասանելի են դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում  (Բանկի պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):

Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հետևյալ ժամկետներում՝

  • ՀՀ տարածքում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
  • ՀՀ տարաքից դուրս կատարված գործարքների դեպքում 15 օրացուցային օրվա ընթացքում:

Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը Քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար, մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Քարտով կանխիկի ստացման օրական գործարքների առավելագույն գումարը և քանակը սահմանվում են Բանկի սակագներով: Սահմանված սահմանաչափը գերազանցող չափով գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել համապատասխան դիմում:

ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել Սակագներով սահմանված սահմանաչափը:

Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել քարտով գործարքների իրականացումը հետևյալ դեպքերում՝

  • եթե Բանկն ունի տեղեկատվություն կամ կասկածներ քարտով կատարված գործարք(ներ)ի հավաստիության կամ հնարավոր զեղծարարության վերաբերյալ,
  • եթե Քարտապանն ունի Բանկի նկատմամբ չմարված պարտավորություններ,
  • եթե Քարտապանը խախտել է պայմանագրի և սույն պայմանների դրույթները և պահանջները:

Ցանկացած գործարք, որը ճանաչվում է Քարտապանի քարտի միջոցով կատարված գործարք, հանդիսանում է Քարտապանի պարտավորությունը:

Քարտով կատարված գործարքը և այն չեղարկելու արդյունքում գումարի վերադարձման գործարքը տարբեր գործարքներ են, որոնք արտացոլվում են քաղվածքում: 

Արժույթի փոխարկում

Քարտի սպասարկման նպատակով Բանկի կողմից կարող են բացվել քարտային հաշիվներ հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ռուսական ռուբլի, ինչպես նաև կարող են տրամադրվել բազմարժութային քարտեր, որոնք պարունակում են միաժամանակ երեք քարտային հաշիվ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով:

Քարտով հնարավոր է կատարել գործարքներ ցանկացած արժույթով:

ՀՀ տարածքում գործող բանկերի բանկոմատները տրամադրում են միայն ՀՀ դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ տվյալ երկրի իրավական ակտերով սահմանված արժույթով դրամական միջոցներ:

ՀՀ տարածքում ՙԱրմենիան Քարդ՚ վճարային համակարգի անդամ հանդիսացող բանկերի բանկոմատների կամ POS-տերմինալների, ինչպես նաև հայկական կայքերի միջոցով կանխիկ և/կամ անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում արժույթի փոխարկումը կատարվում է ներքոհիշյալ սկզբունքներով.

1.Քարտային հաշիվների արժույթից տարբերվող արժույթով կատարված գործարքի գումարը փոխարկվում է քարտային հաշվի արժույթի, իսկ բազմարժութային քարտերի դեպքում՝ այն արժույթի, որով առկա են բավարար դրամական միջոցներ համապատասխան քարտային հաշվին: Բազմարժութային քարտերի բոլոր երեք հաշիվներին բավարար գումար լինելու դեպքում գումարի գանձումը քարտային հաշիվներից կատարվում է հետևյալ սկզբունքով

  • գումարների գանձման հաշիվների հաջորդականությունը ըստ արժույթների հետևյալն է` ՀՀ դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD) և Եվրո (EUR),
  • գումարը գանձվում է նախ քարտապանի սեփական միջոցներից, իսկ սեփական միջոցների անբավարարության դեպքում` վարկային սահմանաչափի գումարից` առկայության դեպքում:

2. Եթե գործարքի արժույթը համապատասխանում է քարտային հաշիվներից որևէ մեկին, ապա համակարգը գործարքի գումարը գանձում է տվյալ արժույթով արտահայտած հաշվի սեփական միջոցներից, իսկ տվյալ արժույթային հաշվին սեփական միջոցների անբավարարության պարագայում՝ գումարի անբավարար մասը գանձվում է մյուս հաշիվներից համաձայն արժույթների հետևյալ առաջնայնության՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո: Նշված հաշիվներին սեփական միջոցների անբավարարության դեպքում գանձումն իրականացվում է վարկային սահմանաչափից:

Գործարքների գումարների փոխարկումը կատարվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքներով:

Արտերկրում բանկոմատների կամ POS-տերմինալների կամ արտասահմանյան կայքերի միջոցով կանխիկ և/կամ անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում (ինչպես նաև ՀՀ տարածքում գործող "ՎՏԲ Հայաստան" բանկի բանկոմատներից կամ POS-տերմինալներից օգտվելու դեպքում) արժույթի փոխարկումը կատարվում է հետևյալ կերպ՝

1.եթե գործարքի արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա Visa և MasterCard վճարային համակարգերից ստացված ֆայլերում ֆիքսված գումարը, որը համապատասխանաբար արտացոլված է ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ Բանկը փոխարկում է ՀՀ դրամի և գանձում է համապատասխան քարտային հաշվից (բազմարժութային քարտերի դեպքում գանձումը կատարվում է քարտային հաշիվներից ըստ արժույթների առաջնայնության` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո):

2. Եթե գործարքի արժույթը համընկնում է քարտային հաշվի կամ բազմարժութային քարտի որևէ հաշվի արժույթի հետ, ապա Visa և MasterCard վճարային համակարգերից ստացված ֆայլերում ֆիքսված գումարը, որը համապատասխանաբար արտացոլված է ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ Բանկը գանձում է համապատասխան քարտային հաշվից: Բազմարժութային քարտերի դեպքում տվյալ արժույթով արտահայտված հաշվին բավարար միջոցներ չլինելու դեպքում գումարի անբավարար մասը փոխարկվում է այն փոխարժեքի, որով կան բավարար միջոցներ քարտային հաշվին և գանձվում է համապատասխան հաշվից:

Գործարքների գումարների փոխարկումը կատարվում է Բանկի կողմից պրոցեսինգային կենտրոնի համար սահմանված փոխարժեքներով: Բանկի կողմից պրոցեսինգային կենտրոնի համար սահմանված փոխարժեքները կարղ են տարբերվել Բանկի հրապարակված փոխարժեքներից:

Գործարքի կատարման և հաշվանցման օրերը տարբեր են, ուստի Բանկի կողմից պրոցեսինգային կենտրոնի համար սահմանված փոխարժեքի փոփոխման հետևանքով քարտային հաշվին կարող է առաջանալ գերածախս (օվերլիմիտ), որի գծով ձևավորվում են պարտավորություններ: Փոխարժեքների տարբերությունից քարտապանի մոտ առաջացող հնարավոր վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում: 

Քարտային գործարքների բողոքարկում

Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում Քարտապանը կարող է Բանկի կողմից սահմանված ձևով Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման դիմում ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում: Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և Բանկի պահանջով՝ այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

Առևտրի/սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո Քարտապանը կարող է Բանկ ներկայացնել բողոքարկմանդիմում, եթե չեղարկված գործարքի գումարը չի վերադարձվել տվյալ առևտրի/սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում՝

  • ՀՀ տարածքում կատարված գործարքների համար՝ չեղարկման օրվանից 15 օր,
  • ՀՀ տարածքից դուրս կատարված գործարքների համար՝ 30 օր:

Բողոքարկումն իրականացվում է քարտապանի կողմից Բանկին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:  

Բողոքարկման բացասական պատասխանի դեպքում Քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:

Գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբ բողոքի կամ պահանջի ներկայացում, և Բանկի դերակատարումը սահմանափակվում է համապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և օժանդակությամբ:

Բողոքարկման դիմումի պատասխանը Բանկը Քարտապանին տրամադրում է հետևյալ ժամկետներում.

  • ArCa վճարահաշվարկային համակարգում կատարված գործարքների դեպքում՝ դիմումի ստացման օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում,
  • միջազգային վճարահաշվարկային համակարգերում կատարված գործարքների դեպքում՝ դիմումի ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,
  • Բանկի բանկոմատներով կատարված կանխիկ գումարի մուտքագրման կամ ելքագրման գործարքների բողոքարկման դեպքում (եթե բանկոմատը չի տրամադրել կանխիկ գումարը, սակայն այն նվազեցվել է քարտային հաշվից, կամ Քարտապանը մուտքագրել է կանխիկ գումար, սակայն քարտային մնացորդը չի ավելացել) դիմումի ստացման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկն իրավունք ունի մերժել բողոքարկման դիմումի կատարումը, եթե՝

  • գու­մարը տվյալ ապրանքի կամ ծառայության համար վճարվել է Քարտի միջոցով մասամբ կամ մի քանի գոր­ծարք­ներով,
  • քարտապանը բողոքարկում է գործարքն իր կողմից այն չթույլատրելու և/կամ չիրականացնելու հիմքով, սակայն գործարքը կատարվել է PIN կոդի գոր­ծած­մամբ,
  • քարտապանը բողոքարկում է գործարքի փաստացի կատարման ամսաթվի և գործարքի հաշվանցման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում արտարժութային փոխարժեքների տատանումներից քարտա­պանի ստացած ֆինանսական վնասը,
  • գործարքի գումարը հնարավոր չէ վերադարձնել համաձայն տվյալ վճարային համակարգի Կանոնների: 

SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացում 

Քարտապանը կարող է ակտիվացնել SMS հաղորդագրությունների ծառայությունը համապատասխան դիմումի հիման վրա:

Ծառայության ակտիվացման պահից Քարտապանը ծանուցվում է գործարքների վերաբերյալ՝ դիմումում նշված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ ստանալու միջոցով:

Նշված ծառայությունը հատկապես կարևոր է վճարային քարտի զեղծարար օգտագործումը կանխելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է համացանցում 3D Secure համակարգ գործիքը կիրառող կայքերի միջոցով քարտային գործարքներ կատարելու համար (նշված համակարգը բարձրացնում է անվտանգության մակարդակը համացանցում քարտային գործարքներ կատարելիս) :

Քարտային հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS ծառայությունն ակտիվածված լինելու դեպքում Քարտապանի տրամադրած հեռախոսահամարին ուղարկված  SMS-ները Քարտապանին Բանկից անկախ հանգամանքներով չհասնելու և չհասնելու հետևանքով Քարտապանի կրած վնասների կամ ունեցած կորուստների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի բջջային հեռախոսի կամ բջջային կապի խափանման, հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպության մոտ ծագած տեխնիկական, ծրագրային կամ այլ խնդիրներ առաջանալու հետևանքով, Քարտապանի բջջային հեռախոսահամարի փոփոխության (որի մասին պատշաճ չի տեղեկացվել Բանկին) կամ Քարտապանի ռոումինգում գտնվելու ժամանակ Քարտով կատարված գործարքների վերաբերյալ Քարտապանի բջջային հեռախոսահամարին Բանկի կողմից ուղարկված SMS –ները չստանալու համար: Քարտապանի հեռախոսը երրորդ անձանց հասանելի դառնալու պարագայում դրանում պահվող տվյալները կամ հեռախոսի միջոցով ձեռքբերվող տեղեկատվությունը բացահայտվելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում: 

Քաղվածքների տրամադրում

Բանկը ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված  ձևով, ժամկետայնությամբ և քարտապանի հետ համաձայնեցված եղանակով քարտապանին տրամադրում է քարտային հաշվի քաղվածքներ (առնվազն 30-օրյա պարբերությամբ): Քաղվածք կարող է չտրամադրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Քարտային հաշվի քաղվածքը չի ներառում Բանկի կողմից դեռևս չհաշվառված գործարքները, որի հետևանքով հնարավոր է լինի տարբերություն փաստացի կատարված և քաղվածքում ընդգրկված գործարքների մեջ, ինչպես նաև քարտի և քարտային հաշվի մնացորդների մեջ: 

Քարտային գործարքների անվտանգության կանոններ

Քարտապանը պետք է պահպանի քարտը և PIN-կոդն այլ անձանց համար անհասանելի վայրում: Արգելվում է պահել քարտը և PIN-կոդը միասին, նշել PIN -կոդը քարտի վրա, տեղադրել քարտի նկարը կամ քարտի տվյալները սոցիալական ցանցերում, որևէ այլ եղանակով հայտնի դարձնել քարտի տվյալները կամ PIN -կոդը այլ անձանց:

Քարտապանը չպետք է վստահի իր քարտն այլ անձանց, նույնիսկ ընտանիքի անդամներին: Նման անհրաժեշտության դեպքում նրանց համար կարելի է բանկից պատվիրել լրացուցիչ քարտեր:

Բանկը խորհուրդ է տալիս առանց ծայրահեղ անհրաժեշտության չբարձրացնել քարտի հավաստագրման սահմանաչափը, քանի որ այն նվազեցնում է այլ անձանց կողմից քարտի չարտոնված օգտագործման դեպքում հնարավոր կորուստների չափը:

Նաև խորհուրդ է տրվում ունենալ բանկի կոնտակտային հեռախոսահամարները եւ Ձեր քարտի համարը այլ կրիչների վրա, օրինակ նոթատետրում կամ բջջային հեռախոսում: Այդ տվյալները կպահանջվեն քարտի կորստի դեպքում ' այն արգելափակելու համար:

Բանկոմատի միջոցով գործարք կատարելիս քարտապանը պետք Է ուշադրություն դարձնի բանկոմատի արտաքին տեսքին, քարտի ընդունման անցքին և ստեղնաշարին: Բանկոմատի վրա կամ կողքին տեսախցիկների կամ անսովոր սարքերի արկայության պարագայում մի օգտվեք տվյալ բանկոմատից:

Խորհուրդ է տրվում չօգտվել բանկոմատներից մութ և ոչ մարդաշատ վայրերում:

Մի կիրառեք ֆիզիկական ուժ, որպեսզի տեղադրեք քարտը բանկոմատում: Եթե քարտը չի տեղադրվում կամ դժվարությամբ է տեղադրվում, ձեռնպահ մնացեք տվյալ բանկոմատի օգտագործումից:

Բանկոմատից օգտվելիս՝ մուտքագրեք Pin-կոդը այնպես, որ այն տեսանելի չլինի այլ անձանց համար: Մերժեք կողմնակի անձանց առաջարկները՝ Ձեզ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Հիշեք, որ Pin-կոդը երեք անգամ անընդմեջ սխալ հավաքելու դեպքում քարտը բլոկավորվում է: Եթե վերջին, երրորդ գործարքը Ձեր կողմից կատարվի է բանկոմատի միջոցով, ապա բանկոմատն առգրավվելու է քարտը:

Բանկոմատի միջոցով գործարք կատարելուց հետո մի մոռացեք վերցնել Ձեր քարտը, այլապես բանկոմատից դուրս գալուն հաջորդող 30 վարկյանի ընթացքում քարտը կառգրավվի բանկոմատի կողմից:

Քարտի առգրավման դեպքում բանկոմատի էկրանին հայտնվում է քարտի առգրավման մասին հաղորդագրություն: Քարտի առգրավման դեպքում քարտապանը պետք է անմիջապես հայտնի այդ մասին Բանկին` զանգահարելով (+374 10) 555 385 հեռախոսահամարով:

Առևտրի/սպասարկման կետում գործարք կատարելիս պարտադիր պահեք քարտը Ձեր տեսադաշտում: Գործարքը կատարելուց հետո ստուգեք գործարքի գումարի ճշտությունը անդորրագրի վրա:

Սխալ գործարք իրականացնելու դեպքում պահանջեք, որ աշխատակիցը կատարի հետադարձ գործարք: Համաձայնության չգալու դեպքում զանգահարեք Բանկ, իսկ դրա անհնարինության դեպքում դիմեք Բանկին հնարավորինս կարճ ժամկետում:

Համացանցում գործարք կատարելիս անհրաժեշտ է հավաստիանալ, որ տվյալ կայքում առկա են կազմակերպության կոնտակտային տվյալներ: Խնդրում ենք օգտվել միայն հայտնի և վստահելի կայքերից: Ուշադրություն դարձրեք զննարկիչի (browser) համապատասխան դաշտում "փականի" նշանի առկայության վրա: Դա նշանակում է, որ Ձեր և կայքի միջև փոխանակվող տվյալները պաշտպանված են չարտոնված միջամտությունից:

Համացանցում գործարք կատարելիս, ըստ կայքի պահանջի, անհրաժեշտ է համապատասխան դաշտում մուտքագրել քարտի CVV/CVC կոդը, որը գտնվում է քարտի դարձերեսին և բաղկացած է երեք նիշից:

Համացանցում գործող որոշ կայքեր կիրառում են 3D Secure համակարգը, որը թույլ է տալիս բարձրացնել քարտային գործարքների անվտանգության մակարդակը: Նշված գործիքից օգտվելու համար բանկի քարտապանները պետք է ակտիվացնեն SMS հաղորդագրությունների ծառայությունը, ինչն իրենց թույլ կտա տվյալ կայքում գործարք կատարելու ընթացքում ստանալ հեռախոսահամարին միանվագ կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել կայքի համապատասխան դաշտում:

Հիշեք, որ համացանցում գործարք կատարելիս որևէ պարագայում PIN-կոդը չի պահանջվում, ուստի մի մուտքագրեք այն ոչ մի պատրվակով:

Բանկը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն ձեր համակարգչից ՝ անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու նպատակով։

Տեղադրեք Ձեր համակարգչի վրա հակավիրուսային ծրագրեր և պարբերաբար թարմացրեք դրանք, դա կարող է պաշտպանել Ձեզ վնասակար ծրագրերի ներթափանցումից: 

Քարտի կորուստ, գողություն, զեղծարարություն

Քարտի և/կամ PIN-կոդի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում Քարտապանը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղեկացնել Բանկին (շուրջօրյա +374 10 55-53-85, +374 10 59 55 55, +374 55 02 53 58 /Viber/, +7 958 799 72 94 /Ռուսաստան/) կամ ArCa պրոցեսինգային կենտրոնին (շուրջօրյա +374 10 59-22-22) հեռախոսահամարներով:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը կասեցնում է քարտը:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո Քարտապանը պարտավոր է ողջամիտ ժամկետում այդ մասին նաև գրավոր տեղեկացնել Բանկին: Պատշաճ տեղեկացման պահ է համարվում գրավոր տեղեկացումը:

Մինչև քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելը քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում պահանջող գործարքների, այդ թվում՝ համացանցում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:

Քարտապանը պարտավոր է հատուցել քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը այլ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:

Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը՝ ստանալով քարտ նոր տվյալներով: Քարտը վերաթողարկման համար քարտապանը կատարում է վճարներ՝համաձայն Բանկի սակագների: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նախկին քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: 

Վճարներ և գանձումներ

Քարտապանը վճարում է Բանկին քարտի սպասարկման հետ կապված Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ, եթե Բանկի և Քարտապանի միջև այլ համաձայնություն չի կայացվել:

Քարտի սպասարկման միջնորդավճարի առաջին վճարումը Քարտապանը կատարում է քարտը պատվիրելիս իսկ հաջորդ վճարումները՝ Բանկի սակագներով սահմանված պարբերականությամբ՝ կանխավճարային կարգով:

Քարտով գործարքների իրականացման արդյունքում քարտի վճարային սահմանաչափը գերազանցելու դեպքում քարտային հաշվին ձևավորվում է գերածախս: Բանկի սակագներով սահմանված դեպքում և չափով Բանկ Քարտապանից գանձում է վճարային սահմանաչափը գերազանցելու տուժանք:

Բանկի սակագներով քարտի համար սահմանված միջնորդավճարները և քարտի սպասարկման հետ կապված այլ վճարները՝ ներառյալ քարտային հաշվին ձևավորված գերածախսը և տուժանքը, պարտավորությունները կազմող գումարները Բանկի կողմից գանձվում են անակցեպտ եղանակով՝ առանց Քարտապանի հանձնարարականի: Գանձումն առաջնահերթ կատարվում է քարտային հաշվից, իսկ քարտային հաշվին միջոցների բացակայության դեպքում կարող է կատավել Քարտապանի՝ Բանկում ունեցած այլ հաշիվներից:

Չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից վերադարձվելուց հետո Բանկը մուտքագրում է քարտային հաշվին՝ նվազեցնելով չեղարկման համար պահումները (առկայության դեպքում): Անկախ չեղարկված գործարքի գումարի վերադարձման հանգամանքից և ժամկետից՝ Քարտապանը պետք է Բանկին վճարի կատարված գործարքի արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները:

Քարտապանի կողմից քարտը վաղաժամկետ Բանկ հանձնելու դեպքում երկրորդ և այլ տարիների համար գանձված սպասարկման վճարն ենթակա է վերադարձման՝ ըստ չօգտագործված ամիսների հաշվարկի:  

Բանկը պատասխանատվություն չի կրում այլ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների համար:

Բանկի գործող սակագների հետ Դուք կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում: 

Քարտի փակում

Քարտի փակումն իրականացվում է քարտապանի գրավոր դիմումի համաձայն կամ քարտի ժամկետի ավարտի դեպքում:

Բանկը քարտի փակման դիմումը ստանալուց հետո ստուգում է քարտային հաշվի նկատմամբ արգելանքների կամ քարտային հաշվի փակումը սահմանափակող այլ գործոնների առկայությունը և վերջիններիս բացակայության դեպքում  2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում փակում է վճարային քարտը և քարտային հաշիվը:

Քարտի փակման դեպքում Քարտապանը պետք է քարտը վերադարձնի Բանկ: Քարտապանի կողմից քարտը չվերադարձնելու դեպքում քարտի փակման դիմումում Քարպատանը պարտավոր է իր ստորագրությամբ այդ մասին նշում կատարել: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտը չվերադարձնելու հետևանքով քարտով իրականացված գործարքների համար:

Քարտը փակելիս տվյալ քարտի բոլոր լրացուցիչ քարտերը նույնպես փակվում են: 

Հաշվի վարկավորում/օվերդրաֆտ

Հաշվի վարկավորումը (օվերդրաֆտ) կատարվում է Բանկում գործող ներքին իրավական ակտերին և սակագների համաձայն: Եթե տեղի է ունեցել Բանկի կողմից չարտոնագրված հաշվի վարկավորում (օվերլիմիտ), ապա տոկոսների հաշվառումը չարտոնագրված գումարի մասով կատարվում է այլ տոկոսադրույքով: Օվերդրաֆտի ապահովագրման պայմանների փոփոխության դեպքում, օվերդրաֆտի տոկոսը կարող է տարբերվել սակագներում նշված տոկոսադրույքից:

Հաշվի վարկավորման դեպքում դրամական պարտավորությունների վերադարձման (մարման) կարգը, պայմանները, ժամկետները սահմանվում են Բանկի և քարտապանի (վառկառուի) միջև կնքված վարկավորման պայմանագրով:

Տրամադրված դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տարեկան անվանական և փաստացի տոկոսադրույքներըը Բանկի և քարտապանի (վառկառուի) միջև կնքված վարկավորման պայմանագրով:

Քարտապանի իրավունքները և պարտականությունները

Քարտապանն իրավունք ունի.

  • Օգտագործել Քարտը որպես վճարային միջոց Գործարքներ կատարելու համար:
  • Դիմել Բանկին Լրացուցիչ քարտեր ստանալու համար, Լրացուցիչ քարտերը կասեցնելու համար` գրավոր տեղեկացնելով դրանց փակման մասին և վերադարձնելով դրանք Բանկին: Ընդ որում, փակման մասին ծանուցում ստանալուց հետո Բանկը պատասխանատվություն չի կրում Լրացուցիչ քարտերով կատարված չհավաստագրված գործարքների համար, եթե դրանք չեն վերադարձվել Բանկին:
  • Բանկից ստանալ Քարտով և/կամ Լրացուցիչ քարտերով կատարված Գործարքների ամսական քաղվածքը:
  • Հանձնարարել Բանկին կասեցնել և/կամ ապակասեցնել Քարտը/Լրացուցիչ քարտերը:
  • Պատվիրել և ստանալ նոր Քարտ/Լրացուցիչ քարտեր` ժամկետները լրացած քարտերի փոխարեն:
  • Հիմնավոր պատճառներով և ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կանոններին համապատասխան բողոքարկել Քաղվածքում արտացոլված ցանկացած գործարք` Բանկի կողմից սահմանված ձևով գրավոր բողոքարկում ներկայացնելով Բանկ` ՀՀ օրենսդրությամբ և ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կանոններով սահմանված ժամկետում: Նշված ժամկետում Քաղվածքում արտացոլված Գործարքների դիմաց բողոքարկում չստանալու դեպքում այդ Գործարքները համարվում են Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման ենթակա չեն: Ընդ որում, Քարտապանի կողմից չթույլատրված կամ նրա կողմից չկատարված լինելու պատճառով Գործարքների դիմաց բողոքարկում կարող է ներկայացվել բացառապես Քարտի ռեկվիզիտները փոխարինող վերաթողարկում իրականացնելու դիմում կամ Քարտի փակման դիմում ներկայացնելուց հետո:
  • Հաշվին միջոցներ մուտքագրել ինչպես անձամբ, այնպես էլ իր հանձնարարությամբ՝ երրորդ անձի միջոցով, անկանխիկ կամ կանխիկ:
  • Ցանկության ժամանակ լուծել Պայմանագիրը՝ գրավոր ծանուցելով Բանկին և մարելով առկա պարտավորությունները:

Քարտապանը պարտավորվում է.

  • Քարտի բացման համար Բանկին ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղփերը՝ Բանկի սահմանված ցանկին համապատասխան, ինչպես նաև Բանկին տրամադրել իր կամ իր լիազորված անձի մասին հավաստի տեղեկություններ:
  • Իրականացնել Գործարքներ միայն Հաշվի մնացորդի (վարկային սահմանաչափի), Կանխիկացման և Վճարային սահմանաչափերի սահմաններում:
  • Վճարել Բանկին Քարտի/Լրացուցիչ քարտերի և Հաշվի սպասարկման հետ կապված բոլոր վճարները, տույժերը և տուգանքները, որոնք բխում են սույն պայմանագրից, Բանկի կողմից հաստատված վճարային քարտերի սպասարկման սակագներից` համաձայն Կանոնների և ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կանոնների:
  • Դրամական միջոցների գերածախս առաջանալու դեպքում մեկ ամսվա ընթացքում մարել առաջացած գերածախսի գումարը և հաշվարկված տույժը:
  • Քարտի գործողության դադարեցման դեպքում այն 10 օրացուցային օրվա ընթացքում հանձնել Բանկին:
  • Ժամկետանց կամ անվավեր ճանաչված Քարտը վերադարձնել Բանկ:
  • Քարտի/Լրացուցիչ քարտերի կորստի կամ նրա ռեկվիզիտների և/կամ PIN-կոդի այլ անձանց հասանելի դառնալու կասկած ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին և կատարել Քարտի կասեցում: Քարտի կասեցումն իրականացնելուց հետո Բանկը պատասխանատվություն է կրում ցանկացած հավաստագրված գործարքի համար: Քարտի կասեցումը կարող է կատարվել բանավոր՝ Քարտի գաղտնաբառի օգտագործմամբ կամ գրավոր դիմումի ներկայացման միջոցով:
  • Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:
  • Ստանձնել ֆինանսական պատասխանատվություն Քարտով/Լրացուցիչ քարտերով կատարված իր կողմից չթույլատրված և/կամ չիրականացված բոլոր Գործարքների համար, եթե չի իրականացվել Քարտի կասեցում:
  • Ստանձնել ֆինանսական պատասխանատվություն առանց հավաստագրման Քարտով/Լրացուցիչ քարտերով կատարված Գործարքների համար և/կամ անհրաժեշտության դեպքում Բանկ ներկայացնել գրավոր դիմում` Քարտով առանց հավաստագրման Գործարքների ներկայացումը կանխելու համար (առձեռն, e-mail, fax)` հստակ նշելով, թե ըստ MasterCard/Visa միջազգային վճարային համակարգերի տարածքային տարանջատման աշխարհի որ տարածաշրջաններում և ինչ ժամկետով է ցանկանում կանխել Քարտով իրականացված բոլոր Գործարքների ներկայացումը: Ընդ որում, Քարտով/Լրացուցիչ քարտերով իրականացված բոլոր Գործարքների ներկայացման կանխման նվազագույն ժամկետը կազմում է 2 (երկու) շաբաթ` սկսած դիմումը ստանալու աշխատանքային շաբաթվա Շաբաթ օրվանից 2 (երկու) շաբաթվա ընթացքում:
  • Նախկինում կորցված Քարտը/Լրացուցիչ քարտերը գտնելու դեպքում վերադարձնել դրանք Բանկին:
  • Չբողոքարկել PIN-կոդի մուտքագրմամբ իրականացված գործարքները` դրանք իր կողմից չթույլատրելու և/կամ չիրականացնելու հիմքերով:
  • Ողջամիտ ժամկետում Բանկին տեղեկացնել հեռախոսահամարի, աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների փոփոխությունների մասին:
  • Քարտի/Լրացուցիչ քարտերի ժամկետային վերաթողարկում իրականացնելու վերաբերյալ իր որոշման մասին Բանկին տեղեկացնել Քարտի/Լրացուցիչ քարտերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ:
  • Գործարքների իրականացման ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
  • Առևտրի/սպասարկման կետերում գնված ապրանքների/մատուցված ծառայությունների որակից դժգոհ լինելու և/կամ ընդհանրապես ապրանքները/ծառայությունները չստանալու դեպքում համապատասխան կետից պահանջել պատշաճ որակի ապրանքի/ծառայության տրամադրում և միայն դրանից հետո դիմել Բանկին վճարված գումարի բողոքարկման գործընթաց սկսելու համար:
  • Բանկի պահանջով փոխհատուցել բողոքարկվող գումարի հետգանձման հետ կապված Բանկի կատարած բոլոր ծախսերը:
  • Երրորդ անձանց չփոխանցել Քարտը/Լրացուցիչ քարտերը և PIN-կոդը:
  • Բանկից չպահանջել Գործարքների կատարման և քարտային հաշվին փաստացի հաշվանցման ժամանակահատվածում արտարժութային փոխարժեքների տատանումից առաջացած հնարավոր կորուստների փոխհատուցում:
  • Համաձայնվել այլ բանկերին պատկանող սպասարկման կետերում կատարված Գործարքների փոխհաշվարկների իրականացման ժամանակ օգտագործվող վճարային համակարգերի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքներին, ինչպես նաև Բանկի սպասարկման կետերում Գործարքների փոխհաշվարկներն իրականացնելու ժամանակ օգտագործվող Բանկի արտարժույթի փոխարժեքներին:
  • Հետ վերադարձնել Բանկի կողմից սխալմամբ Հաշվին մուտքագրված միջոցները ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվված այն պահից, երբ հայտնաբերվել է սխալ մուտքագրման փաստը կամ ստացել է դրա վերաբերյալ Բանկի գրավոր պահանջագիրը:
  • Քարտը ստանալուն պես անմիջապես ստորագրել Բանկի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերում Քարտի և PIN-կոդը ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում և հետագայում զերծ պահել այն երրորդ անձանց կողմից օգտագործվելուց՝ Քարտը և PIN-կոդը մշտապես պահելով իր անմիջական տիրապետման և օգտագործման ներքո, ընդ որում Քարտը և/կամ PIN-կոդը չտրամադրել այլ անձանց, իսկ տրամադրելու դեպքում պատասխանություն կրել Քարտով կատարված գործարքների համար:
  • Խստորեն հետևել Կանոններին և պահպանել Բանկի և Քարտապանի միջև կնքված պայմանագրի դրույթները:
Բանկի իրավունքները և պարտականությունները

Բանկն իրավունք ունի.

  • Ցանկացած օրինական եղանակներով ստուգել Քարտապանի վճարունակությունը և անձնական տվյալները:
  • Մերժել Քարտի վերաթողարկման ցանկացած դիմում առանց Քարտապանին բացատրությունների տրամադրման:
  • Իրավասու պետական մարմինների կողմից ստացված համապատասխան որոշման հիման վրա` համաձայն ՀՀ օրենսդրության կասեցնել Քարտը/Լրացուցիչ քարտերը:
  • Քարտապանի կողմից սույն պայմանագրի դրույթների և Կանոնների խախտման դեպքում կասեցնել Քարտը/ Լրացուցիչ քարտերը և առանց ծանուցման մարել քարտի գծով առաջացած ժամկետանց պարտավորությունները Բանկում բացված ավանդային/ընթացիկ հաշիվներից, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում ձեռնարկել պարտքերի մարմանն ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ` մուտքագրելով քարտապանի անունը համակարգի անբարեխիղճ Քարտապանների ցուցակում:
  • Քարտի կասեցման դեպքում կասեցնել նաև բոլոր Լրացուցիչ քարտերը:

Անակցեպտ կերպով Հաշվից գանձել`

  • սխալմամբ Հաշվին մուտքագրված գումարները,

  • սույն պայմանագրով, Բանկի սակագներով և Կանոններով նախատեսված վճարները, տույժերը և տուգանքները,

  • ըստ ՀՀ օրենսդրության իրավասու պետական մարմինների կողմից ստացված որոշման հիման վրա գանձման ենթակա գումարները,

  • Քարտային հաշվի նվազագույն մնացորդի համալրման համար անհրաժեշտ գումարները,

  • Քարտի/Լրացուցիչ քարտերի միջոցով կատարված գործարքների գումարները` վճարային համակարգերից ստացված Փոխհաշվարկային փաստաթղթերի հիման վրա,

  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, տվյալ դեպքում կիրառելի բոլոր հարկերը,

  • պայմանագրի և Կանոնների խախտումով իրականացված գործարքների գումարները,

  • անհրաժեշտության դեպքում Քարտապանին որոնելու աշխատանքների իրականացման ծախսերը,

  • Բանկի առջև Քարտապանի պարտավորությունների մարման համար առաջացած ծախսերը:

  • Դրամական միջոցների գերածախս առաջանալու դեպքում և այն Քարտապանի կողմից ժամանակին չմարելու դեպքում կատարել Քարտի կասեցում և անակցեպտ գանձել անհրաժեշտ գումարը Քարտային հաշվի նվազագույն մնացորդից, ինչպես նաև կատարել տույժերի և տուգանքների հաշվեգրում` համաձայն Բանկի սակագների:

  • Գանձել վճարներ, տույժեր, տուգանքներ կապված Քարտի/Լրացուցիչ քարտերի սպասարկման և տրամադրման հետ` համաձայն սույն պայմանագրի և Բանկի սակագների:

  • Իրականացնել բոլոր անհրաժեշտ արտարժութային փոխարկումները կապված փոխհաշվարկների իրականացման հետ, ընդ որում, Գործարքի փաստացի կատարման ամսաթվի և Գործարքի հաշվանցման ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում արտարժութային փոխարժեքների տատանումներից Քարտապանի հնարավոր ֆինանսական կորուստները չեն կարող լինել բողոքարկման առարկա:

  • Մերժել Քարտապանի կողմից անկանխիկ գործարքի դիմաց ներկայացված բողոքարկման դիմումը, եթե գումարը տվյալ ապրանքի կամ ծառայության համար վճարվել է Քարտի միջոցով մասամբ կամ մի քանի գործարքներով:

  • Մերժել Քարտով կատարված Գործարքի բողոքարկման դիմումը, եթե Գործարքը կատարվել է PIN կոդի գործածմամբ:

  • Մերժել Քարտի կեղծման պատճառով կամ երրորդ անձանց կողմից օգտագործման հետևանքով հափշտակված գումարների բողոքարկումը, եթե գումարները հնարավոր չէ վերադարձնել համաձայն ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կանոնների:

  • Միակողմանիորեն փոփոխել Բանկի գործող սակագները և Կանոնները` տեղեկացնելով այդ մասին Բանկի լրատվական ստենդերի, Բանկի պաշտոնական կայքում տեղադրելու և այլ տպագիր նյութերի միջոցով, որոնք ուժի մեջ կլինեն համընդհանուր ծանոթացման համար հասանելի լինելու պահից:

  • Քարտի ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Քարտապանի` Բանկ չներկայանալու դեպքում փակել քարտային հաշիվը:

  • Քարտից հրաժարվելու դեպքում Քարտապանին չվերադարձնել Քարտի սպասարկման վճարը:

Բանկը պարտավորվում է

Քարտապանին Քարտը տրամադրել 4 (չորս) բանկային օրվա ընթացքում` հաշված պայմանագրի կնքման օրվանից կամ նույն ժամկետում սահմանված կարգով վերաթողարկել Քարտը:

Քարտից հրաժարվելու դեպքում վերադարձնել Քարտապանին Քարտային հաշվի նվազագույն մնացորդը և հաշվարկված տոկոսագումարը:

Ապահովել Քարտի սպասարկումը` համաձայն ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կողմից ընդունված ստանդարտների և կանոնների:

Յուրաքանչյուր ամիս Քարտապանին տրամադրել Քաղվածք` քարտապանի հետ համաձայնեցված կարգով:

Իրականացնել գումարների մուտքագրումը Հաշվին` ոչ ուշ, քան Բանկի դրամարկղ գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` կանխիկ մուտքի դեպքում, կամ ոչ ուշ, քան Բանկի թղթակցային հաշվին գումարի մուտքագրման օրվան հաջորդող բանկային օրը` անկանխիկ մուտքի դեպքում:

Սահմանված կարգով ընդունել Քարտապանի կողմից Գործարքների բողոքարկման դիմումները և ձեռնարկել բոլոր ընթացակարգերը Քարտապանի շահերը պաշտպանելու համար` համաձայն ArCa, MasterCard, Visa վճարային համակարգերի կանոնների:

Անակցեպտ ձևով քարտապանի կողմից Բանկում բացված բոլոր տեսակի հաշիվների միջոցներից մարել քարտային հաշվի գծով առաջացած պարտքը:

Քարտի կորստի վերաբերյալ Քարտապանից ծանուցում ստանալուց հետո կատարել Քարտի կասեցում: Բանկը պատասխանատվություն է կրում կորցրած Քարտի ոչ օրինական օգտագործման համար միայն կորստի վերաբերյալ ծանուցում ստանալու և միայն դրանից հետո իր կողմից հավաստագրված գործարքների համար:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել պայմանագրի գաղտնիությունը:

Բանկի և քարտապանի պատասխանատվությունը

Քարտապանը պատասխանատվություն է կրում պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար:

Այն վնասը, որը պատճառվել է Բանկին Քարտապանի կողմից պայմանագրով և Կանոններով նախատեսված իր պարտականութունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ենթակա է փոխհատուցման ամբողջ չափով:

Բանկը պատասխանատվություն է կրում Քարտապանի, Քարտի և Գործարքների հետ կապված ամբողջ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար` համաձայն ՀՀ օրենսդրության, պայմանագրի և Կանոնների:

Բանկը պատասխանատվություն չի կրում իր վերահսկողության շրջանակներից դուրս տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակների համար, որոնք կապված են այլ բանկերի սպասարկման կետերի կողմից Քարտը/Լրացուցիչ քարտերը սպասարկման չընդունելու, իրեն կամ այլ բանկերին պատկանող ծրագրա-տեխնիկական սարքերի անսարքության (Բանկոմատներ և տերմինալներ), ինչպես նաև Քաղվածքների ավտոմատացված ուղարկման դեպքում ծրագրային խափանումների հետևանքով Քաղվածքների չստացման համար:

Բանկը պատասխանատվություն չի կրում բոլոր այն դեպքերի համար, երբ Քարտով կատարված գործարքի վերաբերյալ Քարտապանին կարճ հաղորդագրության (SMS) միջոցով Բանկի անհապաղ տեղեկացումից հետո Քարտապանի կողմից չի ձերնարկվել կանխարգելիչ միջոցառումներ և անհապաղ չի հայտնել Բանկին գործարքն իր կողմից չկատարելու մասին:

Քարտային հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS ծառայություն ակտիվածված լինելու դեպքում Քարտապանի տրամադրած հեռախոսահամարին ուղարկված SMS-ները Քարտապանին Բանկից անկախ հանգամանքներով չհասնելու և դրա հետևանքով Քարտապանի կրած վնասների կամ ունեցած կորուստների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցում (ինտերնետ) 3D Secure անվտանգության համակարգ ունեցող կայքերի միջոցով գործարք կատարելու անհնարինության դեպքում, եթե Քարտապանը չի դիմել Բանկ կարճ հաղորդագրության ծառայությունն (SMS) ակտիվացնելու համար, կամ դիմել է, սակայն տրամադրել է ոչ վավեր հեռախոսահամար, կամ այդ ծառայությունն ակտիվացված է, սակայն կարճ հաղորդագրության ուղարկման պահին հեռախոսահամարը գտնվում է անհասանելի վիճակում կամ եթե կարճ հաղորդագրությունը Քարտապանին չի հասել երրորդ անձի գործողության կամ անգործության պատճառով կամ Բանկից չկախված որևէ այլ հանգամանքի պատճառով: