Ներդրումային եվ ոչ հիմնական ծառայություններ

Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի Գանձապետարանը, որը հանդիսանում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում:  
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են "Յունիբանկ" ԲԲԸ և հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրերի պայմանների և դրույթների համաձայն:
Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերը և հայտերը կազմվում են հայերեն լեզվով, իսկ ոչ ռեզիդենտ անձանց համար՝ նաև անգլերեն և ռուսերեն լեզվով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի:
 
Հաշվետվություններն ու քաղվածքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով: Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:
Բանկին արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, ինչպես նաև առք ու վաճառքի հայտերը, ուղարկվում են թղթային (ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) հաճախորդի կամ նրա լիազորված անձի կողմից) կամ էլեկտրոնային եղանակով:
 
Հաճախորդի կողմից տրված արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և կատարումն իրականացվում է հանձնարարականներում նշված կատարման օրը: Եթե հանձնարարականների տրման և կատարման օրերը համընկնում են և հանձնարարականները ստացվել են ժամը 15:30-ից հետո,  ապա վերջիններս ենթակա են կատարման մեկ բանկային օրվա ընթացքում: Գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերը կամ առաջացած դրամական միջոցները մուտքագրվում են Հաճախորդի բանկային/քարտային կամ դեպո հաշվին, հանձնարարականը կատարելուց 1 /մեկ/ բանկային օրվա ընթացքում:
 
Հաճախորդի հանձնարարականներով երրորդ անձանց հետ կնքված գործարքների արդյունքում երրորդ անձանց կողմից Բանկին ներկայացված պահանջների հետևանքով Բանկի կրած ծախսերի և վնասների հատուցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հաճախորդը:
Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև տեղեկանք դեպո հաշվի վերաբերյալ գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Հաշվետվություններն ու տեղեկանքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` պայմանագրում նշված եղանակով: Հաշվետվությունների ու տեղեկանքների տրամադրումն անվճար է:
 
Ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ` համաձայն "Յունիբանկ" ԲԲԸ գործող սակագների: Եթե գործարքի արժույթը ՀՀ դրամից տարբեր այլ արտարժույթ է, ապա դրա դիմաց գանձվող միջնորդավճարը հաշվարկվում է ՀՀ կենտրանական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է  տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով՝ պայմանագրում նշված եղանակով: 
Արժեթղթերում ներդրումներ կատարելով` ներդրողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:  
"Յունիբանկ" ԲԲԸ արժեթղթերի շուկայում կատարում է գործարքներ պետական և կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով:

Արժեթղթերին բնորոշ հիմնական ռիսկերից են`

1. Շուկայական ռիսկ
Շուկայական ռիսկը ներառում է արտարժութային, գնային և տոկոսադրույքների տատանման ռիսկերը:

2. Վարկային ռիսկ
Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողակող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով:

3. Իրացվելիության ռիսկ
Իրացվելիության ռիսկը ենթադրում է շուկայի ոչ իրացվելի լինելու հետևանքով արժեթղթերի առքվաճառքի գործարքների իրականացման անհնարինություն կամ ոչ օպտիմալ պայմաններով իրականացում:

4. Արտարժութային ռիսկ
Արտարժութային ռիսկը ենթադրում է արտարժույթների փոխարժեքների տատանումից հնարավոր կորուստներ:

5. Տոկոսադրույքի ռիսկ
Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է:

6. Գնաճային ռիսկ
Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է:  

7. Այլ ռիսկեր
Ռիսկի այս տեսակներն  այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթղերում ներդրումներ կատարելիս:
Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել "Յունիբանկ" ԲԲԸ:   
      
  • "Յունիբանկ" ԲԲԸ չի ապահովագրում ներդրողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից: 
  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: "Յունիբանկ" ԲԲԸ  ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "Յունիբանկ" ԲԲԸ կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
  • Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով, բացառությամբ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից՝  համաձայն Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումն երաշխավորելու մասին ՀՀ օրենքի դրույթների:
  • Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են` համաձայն "Յունիբանկ" ԲԲԸ  գործող սակագների և դրույքաչափերի: 
Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականություն
Արժեթղթերի շուկայում գործարքներ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես հաճախորդի շահերի պաշտպանությունից: Շահերի բախման կանխարգելմանն են ուղղված Բանկի կողմից իրականացվող հետևյալ միջոցառումները.
Յուրաքանչյուր ներդրողի հնարավորություն է ընձեռվում Բանկի միջնորդությամբ ձեռք բերել/վաճառել արժեթղթերը առաջնային և/կամ երկրորդային շուկաներում (կարգավորվող ՛՛Հայաստանի ֆոնդային բորսա՛՛ ԲԲԸ կամ չկարգավորվող), Բանկում հաճախորդի հաշվին անհրաժեշտ միջոցների և գանձվող միջնորդավճարի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի միևնույն գնով Հայտ են  ներկայացրել, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա բավարարումը կատարվում է ժամանակագրական սկզբունքի համաձայն (ներդրողի ներկայացրած հայտում նշվում է հայտի ներկայացման ժամը)ª առաջնահերթությունը տրվում է ավելի վաղ ներկայացված  հայտին:
  • Այն դեպքում, երբ հաճախորդները (ներդրողները) միաժամանակ նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման/ վաճառքի հայտ են ներկայացրել միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկը բավարարում է հաճախորդների հայտերը համամասնորեն:
  • Այն դեպքում, երբ Բանկը և ներդրողը նույն թողարկման արժեթղթերի ձեռքբերման / վաճառքի հայտ են ներկայացրել միաժամանակ և միևնույն գնով, և հայտը բավարարվել է մասնակիորեն, ապա Բանկն առաջնահերթ բավարարված է համարում ներդրողի հայտը:
  • Տարբեր ներդրողներից նույն թողարկման արժեթղթերի միևնույն գնով առքի և/կամ վաճառքի հայտերի ստացման դեպքում Բանկը կարող է հայտերը ներկայացնել մեկ հայտի տեսքով և գործարքի կատարման դեպքում հայտերը ևս բավարարված են համարվում ժամանակագրական սկզբունքի համաձայն:
  • Եթե ընդունվում են հանդիպակաց հայտեր, ապա միևնույն կատարման գնով հայտերի դեպքում Բանկը գործարքը կատարում է կարգավորվող շուկայից դուրս նախապես այդ մասին տեղեկացնելով ներդրողներին, բացառությամբ այն արժեթղթերով գործարքների, որոնցով գործարքների կնքումը պարտադիր է կարգավորվող շուկայում:
Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Իրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բանկի կողմից մատուցվող ներդրումային և ոչ հիմնական ծառայություններից օգտվելու համար բանկ են ներկայանում տնօրենը (ղեկավարը), գլխավոր հաշվապահը (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող անձինք` իրենց հետ ունենալով ձեռնարկության կլոր կնիքը և հետևյալ փաստաթղթերը.անձը հաստատող փաստաթուղթը,
  1. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը (բնօրինակ և 1 պատճեն),
  2. կանոնադրությունը (բնօրինակ և 1 պատճեն` կարված և կնքված "Իսկականի հետ ճիշտ է" մակագրությամբ),
  3. հարկ վճարողի հաշվառման համար (բնօրինակ և 1 պատճեն),
  4. տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող այլ անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքները կամ հաստատված պատճենները, տնօրենի դեպքում նաև իրավասու մարմնի կողմից նշանակման որոշման /արձանագրության/ պատճենը: Հրամանի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական գրանցման վկայականում: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում` տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտվող այլ անձանց պաշտոնի ստանձնումը հավաստող համապատասխան փաստաթուղթ,
  5. Լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) իրավաբանական անձի հաշիվ բացելու  դեպքում լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է լուծարման (անվճարունակության) վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) ծառայություններից օգտվելու համար բանկ է ներկայանում` իր հետ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
  1. անձը հաստատող փաստաթուղթ,
  2. սոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար),
  3. անհատ ձեռնարկատիրոջ վկայականը /բնօրինակը և պատճենը/ և կնիքը /առկայության դեպքում/ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
  4. հարկ վճարողի հաշվառման համար (բնօրինակ և 1 պատճեն) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից), 
  5. լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում Բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
  6. հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր` վավերացված նոտարի կողմից:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
 
«Յունիբանկ» ԲԲԸ պետական պարտատոմսերով գործառնությունների իրականացման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ պահարության և ռեեստրի վարման կարգ

«Յունիբանկ» ԲԲԸ բրոքերային գործառնությունների իրականացման կարգ
 
Ռեպո/Հակադարձ ռեպո գործառնություններ
Յունիբանկը՝ որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձ, իրականացնում է Ռեպո/Հակադարձ ռեպո գործառնություններ ՀՀ Բանկերի և Բանկի հաճախորդ հանդիսացող որակավորված իրավաբանական անձանց հետ:
Ռեպո գործարքով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր: Վաճառողը պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:
Բանկի կողմից Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքները չեն կնքվում հրապարակային օֆերտայի ձևաչափով, այդ գործարքների պայմանները ստանդարտացված չեն, դրանք համաձայնեցվում են յուրաքանչյուր կոնտրագենտի հետ առանձին:

Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ «Սակագներ» բաժնում:

Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55: