«Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը միացվել է online համակարգին

17.03.2009 «Յունիբանկն» ավարտեց իր հայաստանյան մասնաճյուղային ցանցի միացումը սպասարկման online համակարգին: Ներկայում տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը և 28 մասնաճյուղը: Բանկի ևս երկու մասնաճյուղ՝ «Ստեփանակերտն» ու «Գանձասարը», որ տեղակայված են ԼՂՀ-ում, կմիացվեն online համակարգին մոտ ժամանակներս:
Online համակարգի գործարկման շնորհիվ բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց բանկային գործարքները կատարել այդ համակարգին միացված ցանկացած մասնաճյուղում՝ անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից:
Ինչպես նշեց «Յունիբանկի» Տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, այս համակարգի կիրառությունն առավել ուշագրավ է դրամական փոխանցումների ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Մասնավորապես, «Յունիստրիմ» համակարգով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում՝ անկախ փոխանցողի նշած հասցեից:
Նշենք, որ 2008թ. Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է $802 մլն՝ 22%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Online համակարգի ներդրման աշխատանքները «Յունիբանկում» սկսվել էին 2008թ. հուլիսից: Բանկի ներդրումներն այս ուղղությամբ կազմել են մոտ $1 մլն: «Տարեկան կտրվածքով «Յունիբանկը» սպասարկում է մոտ 1,5 մլն հաճախորդի, այնպես որ մեզ համար շատ կարևոր է հաճախորդների նման թվաքանակի սպասարկման հետ մեկտեղ պահպանել սպասարկման հարմարավետությունն ու արագությունը»,- ասել է Մ.Հակոբյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ