«Յունիբանկ»-ն ամփոփեց 2007թ. իր գործունեության արդյունքները

04.05.2008 Մայիսի 2-ին Երեւանում կայացած բաժնետերերի տարեկան ժողովում «Յունիբանկ»-ն ամփոփեց գործունեության վեցերորդ տարվա արդյունքները` համարելով դրանք հաջողված ինչպես ռազմավարական ծրագրերի իրագործման, այնպես էլ` որակական բարեփոխումների տեսանկյունից: Ինչպես «Մեդիամաքսին» հայտնեցին «Յունիբանկ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, բանկը հիմնականում կատարել է 2007թ.-ի բիզնես-պլանով առաջադրված խնդիրները եւ ապահովել է գործունեության հիմնական ցուցանիշների աճի դրական դինամիկա: Հաշվետու տարում հաճախորդների թվաքանակի աճը կազմել է 69%, հաճախորդների թիվը գերազանցել է 33600-ը: Ներգրավված միջոցների ծավալն աճել է 1.8 անգամ` տարեվերջին կազմելով 23.84 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով «Յունիբանկ»-ը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը:
Տրամադրված վարկերի ծավալն աճել է 2 անգամ` կազմելով 29.6 մլրդ դրամ:
«Յունիբանկ»-ը զգալի արդյունքներ է արձանագրել նաեւ դրամական փոխանցումների շուկայում: «Յունիստրիմ» համակարգով շրջանառությունը կազմել է 657 մլն դոլար, ինչը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայի 50%-ից ավելին է:
Բանկը շարունակել է նաեւ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը` մասնաճյուղերի քանակը հասցնելով 29-ի: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Իջեւան, Կամո, Սպիտակ, Տաշիր եւ Երեւան քաղաքներում:
2007թ.-ին բանկը հաջողությամբ իրագործել է ABN AMRO եվրոպական բանկի «Բանկային ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման ծրագիրը»:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ