«Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գ.Զաքարյան. «Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի»

19.03.2009 Այս տարվա մարտ ամսից Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը գործում է նոր հասցեում` ք.Երեւան,  Նալբանդյան 4/1: Նոր, հիմնովին վերանորոգված 1255 քառ. մետր մակերեսով տարածքը գրադարանին տրամադրվել է «Յունիինվեստ» ներդրումային ընկերության կողմից` երկու տարի ժամկետով, անվարձահատույց օգտագործման իրավունքով: Գրադարանի նախկին տարածքում` Ամիրյան 2 հասցեում, «Յունիինվեստ» ընկերությունը ներկայումս իրականացնում է «Ամիրյան Պլազա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո, «Յունիինվեստ»-ի եւ գրադարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Իսահակյանի անվան գրադարանը կտեղափոխվի   համալիրի նորակառույց շենք, իր նախկին հասցե:
Գրադարանին տրամադրված ներկայիս տարածքի հատակագիծը մանրամասնորեն քննարկվել է ճարտարապետների եւ գրադարանի աշխատակազմի հետ: Ամբողջությամբ վերկառուցվել են գրադարանի նոր տարածքի պատերը, հատակը, լուսավորությունը, անցկացվել է տանիքի ջրահեռացման համակարգ, իրականացվել են սանտեխնիկական աշխատանքներ, ինչպես նաեւ կառուցվել է նոր մուտք Գլխավոր պողոտայի կողմից: Շենքում ներդրվել է նաեւ ջեռուցման, օդափոխման եւ  հակահրդեհային համակարգեր, անցկացվել է հեռախոսային կապ,  կառուցվել համակարգչային ցանց: Գրադարանի համար ձեռք է բերվել նոր ժամանակակից կահույք եւ անհրաժեշտ տեխնիկա: Ընթերցասրահներում եւ «Ամերիկյան անկյունում» անցկացվել է ձայնամեկուսացման համակարգ: «Յունիինվեստ»-ն իր վրա է վերցրել նաեւ գրադարանի ընթացիկ տարվա  ձմռան կոմունալ վճարումները:
Նոր տարածքի մակերեսը 455 քառ. մետրով ավելի է այն տարածքից, որը համաձայն ՀՀ կառավարության որոշմանը «Յունիինվեստ»-ը պարտավոր է հատկացնել գրադարանին Ամիրյան 2 հասցեում կառուցվող համալիրում: Մեծ տարածքը հնարավորություն է ընձեռել գրադարանին առավել հարմարավետ կազմակերպել ընթերցողների սպասարկումը: Ներկայումս գրադարանը ընդգրկում է 18 բաժիններ, այդ թվում` ընդարձակ գրապահոցներ եւ երկու ընթերցասրահներ: Ցուցահանդեսների, գրքերի շնորհանդեսների, գրական երեկոների  կազմակերպման համար գրադարանի նոր տարածքում կառուցվել է համապատասխան դահլիճ: Գրադարանի օգտագործմանն է հանձնվել  նաեւ ոչ մեծ  ամառային այգի:
Միջազգային չափանիշներին համապատասխանությունը, գրադարանի նոր տարածքի հարմարավետությունն արդեն իսկ արժանվույնս են գնահատվել ընթերցողների, գրադարանի հյուրերի, այդ թվում նաեւ` Հայաստանում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչների կողմից:
Մարտի 19-ին գրադարանն այցելեց «Յունիինվեստ» ընկերության սեփականատեր, ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի բաժնետեր եւ նախագահ, հայաստանյան «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նա հավաստիացրեց, որ գրադարանի հետ համագործակցությունը ոչ միայն շարունակվելու, այլեւ ընդլայնվելու է: Մասնավորապես, մոտակա ժամանակներս գրադարանում նախատեսվում է հիմնել «Ռուսական անկյուն», արդեն իսկ գործող  «Ամերիկյան անկյունի» սկզբունքներով:
Կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935թ.-ին: Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի անունը գրադարանին շնորհվել է 1955թ.-ին: Այժմ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը հանրապետության ամենախոշոր գրադարաններից  մեկն է եւ երկրորդը ըստ ընթերցողների թվի  եւ գրքային ֆոնդի: Գրադարանը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ եւ ընդգրկում է 7 մասնաճյուղեր, ինչպես նաեւ մանկական, տեխնիկական եւ արվեստի գրադարաններ: Ներկայումս գրադարանն ունի մոտ մեկ միլիոն միավոր տպագիր հրատարակություն: Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն  ունի տարեկան ավելի  քան 30 հազար ընթերցող:
Բացի «Ամիրյան Պլազա» համալիրի կառուցումից, Գագիկ Զաքարյանը «Յունիաստրում Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովի հետ  Հայաստանում իրականացնում է նաեւ մի շարք այլ ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, 2008թ.-ի վերջին պայմանագիր կնքվեց Ռուսաստանի ապահովագրական շուկայի առաջատար եռյակում ընդգրկված «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության հետ` Հայաստանում «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ապահովագրական նոր ընկերություն ստեղծելու վերաբերյալ: Ներդրումային  ծրագրերից է նաեւ «ԳԵԳԱՄԵՏ» ընկերության ստեղծումը, որը գործում է հանքարդյունաբերության ոլորտում եւ զբաղվում է  քրոմի, երկաթքրոմի հանքավայրերի շահագործմամբ եւ հրակայուն նյութերի արտադրությամբ: Նշված նախագծերի իրագործումը կապահովի լրացուցիչ մուտքեր ՀՀ պետական բյուջե եւ հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ