«Յունիբանկը» դրամի լողալուց շատ չի տուժել

24.03.2009 Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առկա են բիզնես ուղղություններ, որոնք արագ զարգանալու հնարավորություն ունեն: «Յունիբանկը» պատրաստվում է այս տարի իր ուշադրությունը սևեռել այդպիսի բիզնեսների վարկավորման վրա։ Այդ նպատակով «Յունիաստրում բանկը» բանկի համար բացել է $50 մլն վարկային գիծ, որով արդեն իրականացվում է նման բիզնես ուղղությունների վարկավորումը։
«Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք  վարկավորելու են փոքր և միջին բիզնեսը։ Ըստ նրա՝ ներկայում Հայաստանում առկա են բիզնեսներ՝ տեղական հումքի վրա հիմնված սննդի արտադրություն, արագ սննդի պատրաստում, հասարակական տրանսպորտ, որոնք բարգավաճում են, և «Յունիբանկն» առաջնահերթ վարկավորելու է բարձր եկամտաբերություն ունեց բիզնեսները, իսկ վնասով բիզնեսներին վարկեր չեն տրամադրվելու:
Այն վարկառուների համար, որոնք վճարումները ժամանակին են կատարել, եղել են պարկեշտ, սակայն ստեղծված իրավիճակում ունեն որոշակի խնդիրներ, «Յունիբանկը» երկարացնում է մարման ժամկետները և իջեցնում տոկոսադրույքները։ Ըստ Աթայանի՝ բարեխիղճ հաճախորդների նկատմամբ բանկն ունենալու է լոյալ դիրքորոշում:
Աթայանը ֆինանսական շուկայում դեռևս չի տեսնում վարկերի չվերադարձման լուրջ միտումներ, բայց խոստովանում է, որ նման զարգացումներ կան, և ավելի հստակ պատկերացում հնարավոր կլինի ունենալ մի քանի ամիս անց։ «Եթե մարդիկ աշխատանք են կորցնում, ինչի արդյունքում չեն կարողանում մարել սպառողական վարկերը, բանկերը պետք է գնան մարման ժամկետների երկարացման»,- ասաց նա։
«Յունիբանկը» նախապատրաստվել էր ճգնաժամի հետևանքներին։ Բանկի համասեփականատեր, խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ անցյալ ամիս իրենք $10 մլն-ով ավելացրել են «Յունիբանկի» կապիտալը, և չի բացառվում, որ այս տարի կրկին ավելացնեն։ «Յունիբանկի» մյուս համասեփականատերը՝ «Յունիաստրում բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովը վստահեցրեց, որ իրենք ֆինանսական խնդիրներ չունեն և չեն պատրաստվում վաճառել «Յունիբանկի» բաժնետոմսերը։
Ըստ Վ. Աթայանի՝ «Յունիբանկը» պատրաստվել էր դրամի հնարավոր արժեզրկմանը և ձեռնարկել վնասները մեղմելու քայլեր: Բացի կապիտալի ավելացումից՝ բանկը հաճախորդների դրամային ավանդները փոխել է դոլարայինի՝ ռիսկերը և վնասները վերցնելով իր վրա, որպեսզի խուսափի ավանդների արտահոսքից: Նա ասում է, որ լողացող փոխարժեքին անցնելուց հետո «Յունիբանկի» կորուստները զգալի չեն եղել, և նախորդ տարիներին ունեցած շահույթի հաշվին բանկն այդ վնասն արդեն ծածկել է:
Աթայանը խոստովանում է, որ արտարժույթի շուկայում դեռևս պահպանվում է սպեկուլյացիոն իրավիճակ, որը հիմնականում ստեղծում են փոխանակման կետերը՝ տարածելով խուճապ, որ փոխարժեքը կհասնի $1/Դ400-Դ420-ի։ Ըստ նրա՝ շուկայում իրավիճակը շուտով կհանդարտվի, և հավասարակշռված փոխարժեքը կլինի $1/Դ365-Դ367։

Մարտի 20, 2009թ.
«Կապիտալ»

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ