Թիվ մեկ խնդիրը նորմալ վարկառու գտնելն է

09.07.2009 «Կապիտալ»  թերթի հարցազրույցը «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ

- Պրն Աթայան, մի քանի ամիս շարունակ բանկային համակարգը համարյա թե սառեցրել էր հիպոթեկային վարկավորումը: Սակայն օրերս «Յունիբանկը» հայտարարեց հիպոթեկային լայնամասշտաբ վարկավորումը վերսկսելու մասին: Ի՞նչն է փոխվել շուկայում:

- Մենք երբեք իրացվելիության կամ ռեսուրսի խնդիր չենք ունեցել: Պարզապես շուկայում սպասողական վիճակ էր ձևավորվել, այդ թվում՝ պոտենցիալ վարկառուների մոտ, ինչի արդյունքում վարկավորման ծավալները նվազեցին: Այժմ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության պահանջարկը վարկերի նկատմամբ հետզհետե վերականգնվում է: Այդ իսկ պատճառով մշակեցինք մի շարք նոր գործիքներ և հայտարարեցինք լայնածավալ վարկավորման վերսկսման մասին:
Առայժմ մեծ հաջողությամբ ընթանում է փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը՝ խանութներ, փոքր արտադրամասեր, սպասարկման ոլորտի ձեռնարկություններ: Ինչ վերաբերում է հիպոթեկային շուկային, ապա այստեղ մտցրել ենք նոր գործիք՝ առավելագույնը $100 հազ., 18% տոկոսադրույք և 10 տարի մարման ժամկետ: Ներկա պահին տոկոսադրույքը 20% է, սակայն խորհուրդը քննարկում է մինչև 18% իջեցնելու հնարավորությունը:
Ըստ մեր ուսումնասիրությունների՝ օգոստոս-սեպտեմբերը անշարժ գույք գնելու ամենաակտիվ ամիսներն են: Մեր գնահատականներով՝ նորակառույց շենքերում գնային մեծ տատանում չի սպասվում, սակայն երկրորդային շուկայում գների զգալի իջեցում չի բացառվում:
Հիմա սփյուռքահայերի շրջանում պահանջարկ կա հիմնականում նոր, բայց պատրաստի բնակարանների նկատմամբ: Կիսակառույց շենքերում նույնիսկ էժան տարածքները լուրջ պահանջարկ չունեն: Սկսել ենք նաև ավտովարկ տրամադրել, սակայն առայժմ վարկավորում ենք միայն նոր ավտոմեքենաների գնումը:

- Ասացիք, որ ռեսուրսների կարիք չունեք: Հնարավո՞ր է, որ ավանդների տոկոսադրույքները նվազեցվեն:

- Հնարավոր է, որ հուլիսի կեսերից կամ օգոստոսին ավանդների տոկոսի նվազում լինի: Հունիսին ավանդների լուրջ աճ ենք ունեցել, այդ թվում՝ դրամով: Եթե այս միտումը շարունակվի, ավանդների տոկոսադրույքի նվազումն անխուսափելի կլինի:

- Կառավարությունը բանկերին էժան վարկային ռեսուրս է առաջարկում, խոսքը ռուսական վարկի բաշխման մասին է: Դա ինչպե՞ս կազդի ֆինանսական շուկայի վրա:

- Կառավարությունն առաջարկում է մի սխեմա, որը միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կաշխատի: Վարկավորումն իրականացվելու է դրամով, ոչ ավելի, քան 15%-ով, որից հետո այդ վարկը պետությունը վերաֆինանսավորում է: Սակայն այստեղ խնդիր կա: Բանկերն ունեն զգալի սեփական ռեսուրսներ, որով կարող են վարկեր տրամադրել: Առաջնահերթ մենք մեր ռեսուրսներից պետք է վարկեր տրամադրենք:

- Այդ դեպքում ի՞նչն է խանգարում վարկավորման աճին:

- Մեզ համար թիվ մեկ խնդիրը նորմալ վարկառու գտնելն է: Վարկառու, որն ունի դրամական հոսքեր, աշխատում է և վարկը չի վերցնում պարտք փակելու համար: Ցանկանում ենք, որ մեր տրամադրած վարկը մտնի տնտեսություն և սկսի աշխատել: Վարկառուների մեծ մասը վարկ է ուզում այլ տեղում պարտք փակելու համար:
Սակայն եթե մեր վարկառուն խնդիրներ ունի՝ կապված ճգնաժամի հետ, նրան ձեռք ենք մեկնում՝ վերակառուցում ենք վարկը, ժամկետներն ենք երկարաձգում, կամ նոր վարկ ենք տալիս, կարող է՝ տոկոսադրույքն իջեցնենք: Այդպես չէ, որ տնտեսությունը վարկի կարիք ունի, մենք չենք տալիս: Հենց զգանք, որ տնտեսությունն աշխատող է, ինքներս կառաջարկենք համագործակցել:
Այսօր մեկ այլ խնդիր էլ կա: Բիզնեսմենների մի մասի մոտ կուտակված փող կա, որ չեն ծախսում՝ ո՛չ ավանդ են դնում, ո՛չ շրջանառության մեջ: Մինչև նրանք չսկսեն ծախսել, տնտեսությունը չի աշխուժանա:

- Հայաստանում հիմա գործնականում անհնար է դրամով վարկ ստանալ, բոլոր բանկերը միայն դոլարով են վարկ առաջարկում: Դա ի՞նչ է, դրամի նկատմամբ անվստահությո՞ւն:

- Չէ, անվստահություն չկա: Պարզապես մեր ռեսուրսը դոլարով է, մարդիկ այսօր միայն դոլարով ավանդ են բերում, քանի դեռ այսօր մենք արտարժույթի կարճ դիրք ունենք: Դրամային ռեսուրսի խնդիրը ողջ բանկային համակարգի համար դեռևս մնում է բաց:

- Ձեր ասածից բխում է, որ բանկերը ստիպված են լինելու զգալի քանակությամբ դոլար վաճառել, որպեսզի կարողանան դրամով վարկեր տրամադրել: Բայց այդ դեպքում արտարժութային ռիսկեր չե՞ն առաջանում:

- Այո: Միակ տարբերակը, որ բանկերը սկսեն դրամով վարկ տրամադրել, այն է, որ դոլար վաճառեն: Դրամն այդ ժամանակ կարող է արժևորվել: Դա բանկերին ձեռնտու է, քանի որ ակտիվների վերագնահատումից մենք կշահենք:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ