Ավանդներին վտանգ չի սպառնում:

20.10.2008 «Յունիբանկ»-ը  զերծ կմնա  ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքներից

ՀՀ բանկային համակարգի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մակերեսային բնույթ կկրի` դրան առավելապես կնպաստի հայաստանյան ֆինանսական համակարգի ոչ բավարար  ինտեգրումը միջազգային շուկաներին: Այս կարծիքն է հայտնել «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: Նրա խոսքերով, միջազգային ֆինանսական ճգնաժամն առավելապես կանդրադառնա արժեղթղերի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանկերի վրա, իսկ, ինչպես հայտնի է, հայաստանյան բանկերի ներգրավվածությունը այդ շուկայում չափազանց փոքր է:
Միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների հնարավոր բացասական ազդեցությունը իր գործունեության վրա  նվազագույնին հասցնելու նպատակով, «Յունիբանկ»-ը միջոցների ներգրավման եւ տեղաբաշխման հարցում նախապատվությունը տվել է տեղական շուկային: Արժեղթղերի շուկայում «Յունիբանկ»-ի մասնակցությունը զրոյական է. միջոցների հիմնական մասը ուղղվել է տնտեսության իրական հատվածի վարկավորմանը, հիփոթեքին եւ ավտովարկավորմանը:
Արդյունքներն ակնհայտ են. այս տարվա 9 ամիսների ընթացքում բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 160 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 70 տոկոսով:   Բանկի շահույթը այս տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ կազմել է 2,4 մլրդ. դրամ:
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը`  այսօր էլ առաջարկելով ավանդների լավագույն պայմաններից մեկը: «Այս ցուցանիշի շարունակական աճը վկայում է բանկի հանդեպ բնակչության վստահության մասին: Դրա հիմնական գրավականը  հաճախորդների հետ փոխհամաձայնեցված գործընկերային հարաբերությունների կառուցումն է: Եթե մեր հաճախորդների մոտ հարցեր կառաջանան կապված ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացումների հետ, ապա նրանք կարող են այցելել մեր բանկի ցանկացած մասնաճյուղ եւ սպառիչ տեղեկատվություն ստանալ լիազորված անձի կողմից»:  
Վարդան Աթայանի համոզմամբ, «Յունիբանկ»-ը  բավարար լիկվիդայնություն ունի ընթացիկ վճարումների գծով իր պարտավորությունները կատարելու համար, այնպես որ ավանդատուների միջոցներին ոչ մի իրական վտանգ չի սպառնում: «Նման չափավոր պահպանողական գործելաոճի, ակտիվների ու պասիվների ճիշտ ձեւավորման եւ կառավարման շնորհիվ «Յունիբանկ»-ն այսօր ընդհանրապես «կախված չէ» միջազգային ֆինանսական շուկաների տատանումներից եւ դրանց բացասական հետեւանքներից», - վստահեցնում է բանկի նախագահը:    
Անդրադառնալով հուլիսին «Յունիբանկ»-ի հիմնական գործընկեր հանդիսացող ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի բաժնետոմսերի փաթեթի մի մասի «Կիպրոս Բանկ»-ին վաճառելուն, Վարդան Աթայանը նշեց, որ «Յունիաստրում Բանկ»-ի մասնակիցների խմբում նոր ռազմավարական գործընկերոջ եւ ներդրողի ներգրավումը դրականորեն կանդրադառնա նաեւ «Յունիբանկ»-ի գործունեությանը: Գործարքի շնորհիվ «Յունիաստրում Բանկ»-ի կանոնադրական կապիտալն ավելացել է 50  մլն դոլարով:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ