Ավանդատուներն ընտրում են «Յունիբանկ»-ը

02.04.2009 Ինչպես եւ նախկինում, այժմ էլ ՀՀ բանկային շուկայում ավանդների ներգրավման ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկում է «Յունիբանկ»-ը: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 14%, արտարժութայիններինը` մինչեւ 11%:  Ըստ «Յունիբանկ»-ի մանրածախ ավանդների գծով տնօրեն Արամ Համբարձումյանի,  բանկում  ավանդային տոկոսադրույքները հաշվարկվում են ելնելով այն սկզբունքից, որ ավանդատուն  խնայողություններն ի պահ դնելով, ոչ միայն պետք է դրանք զերծ պահի գնաճի ազդեցությունից, այլ նաեւ, իր համար, որոշակի եկամուտ ապահովի: «Մենք միշտ էլ աշխատել ենք փոքր մարժայի հիման վրա /վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների տարբերությունը/, այսինքն ավանդատուների համար սահմանել ենք հնարավորինս բարձր եկամտաբերություն, միաժամանակ պահպանելով վարկավորման տոկոսադրույքը միջին շուկայական մակարդակի վրա»,- պարզաբանում է Ա.Համբարձումյանը: Այս տարվա մարտի վերջին ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը բանկում գերազանցել է 36 մլրդ դրամը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 18,3 %-ի աճ:
Բանկում ավանդատեսակները մշակվում են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ առավելագույնս համապատասխանում են արդի պահանջներին:  Այսօր «Յունիբանկ»-ը շեշտը դնում է բազմարժութային ռեժիմով ավանդատեսակների վրա, ինչպիսիք են «Յունի Չեմպիոնը» եւ «Յունի Կուտակայինը»: Բազմարժութային ռեժիմը հաճախորդներին հնարավորություն է տալիս  արտարժույթի շուկայական փոխարժեքի տատանման դեպքում,  առանց ավանդային պայմանագրի խզման եւ արդեն իսկ կուտակված տոկոսագումարի կորուստի`  փոխել  ներդրված ավանդի արժույթի տեսակը:  
Հարկ է նշել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ «Յունիբանկ»-ը պահպանում է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Բանկին բաժին է ընկնում շուկայի մոտ 20%-ը, ինչը վկայում է «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահության եւ երկկողմանի շահավետ համագործակցության մասին:  

«Հայոց աշխարհ»
03.04.09թ.  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ