Բանկային համակարգը դեռևս դիմակայում է ճգնաժամի հարվածներին

03.05.2009 «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը «Հայաստանի զրուցակից» թերթին:

— Պարոն Աթայան, ըստ Ձեզ, որպես ոլորտի մասնագետի, ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս անդրադարձավ հայաստանյան բանկային համակարգի վրա:

- Ճգնաժամը համաշխարհային բնույթ է կրում և բնականաբար իր ազդեցությունն է թողնում նաև մեր ազգային տնտեսության, այդ թվում` բանկային համակարգի վրա: Լողացող փոխարժեքին անցնելու հետևանքով բանկերը միայն մեկ օրում` մարտի երեքին 4,7 մլրդ դրամի վնաս կրեցին, ինչը հիմնականում պայմանավորված էր դրամով ավանդները դոլարով վերաձևակերպելու հանգամանքով: Բայց այս վնասը խոշոր բանկերի համար զգալի կորուստ չէ և չի կարող որևէ ազդեցություն ունենալ համակարգի իրացվելիության մակարդակի վրա: Բանկերը նախորդ տարիների շահույթների հաշվին այն արագ կվերականգնեն: Միայն «Յունիբանկը» 2008 թվականին արձանագրել է մոտ 1,5 մլրդ դրամի շահույթ:

—    Իսկ տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումը պակասե՞ց:

— Հաշվի առնելով տնտեսության զարգացման վերջին միտումները` մենք ձեռնամուխ եղանք փոքր և միջին ձեռներեցության աջակցության նոր ծրագրի իրականացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառու միջոցների համալրման նպատակով ֆինանսավորման կարիք ունեցող ձեռնարկությունների քանակն այժմ բավականին մեծ է: Այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է, այն հիմնականում ընդգրկում է ներքին սպառմանն ուղղված ձեռնարկությունները: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-երին տրամադրվում են մինչև 30 ամիս մարման ժամկետով և առավելագույնը 30 հազար դոլար գումարի վարկեր, որոնց տարեկան տոկոսադրույքը սահմանված է 22 24%: «Յունիաստրում» ռուսաստանյան բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում «Յունիբանկին» վերջերս հատկացվեցին նաև 50 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ևս կուղղվեն վարկային ակցիաների իրականացմանը: Նշեմ, որ մարտի վերջի դրությամբ մեր բանկի ընդհանուր վարկային ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 48,4 մլրդ դրամ:

—    Իսկ տոկոսադրույքնե՞րը: Դրանք բարձրացրե՞լ եք:

— Տոկոսադրույքները սահմանվում են` ելնելով փողի գնից, իսկ այն այժմ բարձրացել է: Եթե պետական պարտատոմսերի տոկոսադրույքը սահմանվել է 13%, ապա բանկերն ավանդի մրցունակությունը պահելու համար պետք է առաջարկեն ավելի բարձր տոկոսադրույքներ: «Յունիբանկում» ավանդային առավելագույն տոկոսադրույքը 14% է, այն հանրապետության ամենաբարձր առաջարկներից է: Կարծում եմ` ավանդային տոկոսադրույքները բարձրացնելու ուղղությամբ դեռևս անելիքներ ունենք: Հակառակ պատկերն է վարկային տոկոսադրույքների պարագայում. ՀՀ օրենսդրության համաձայն` բանկերը չեն կարող վարկերի տոկոսադրույքները 24%-ից բարձր սահմանել: Հետևաբար բարձրացնելով ավանդային տոկոսադրույքները` բանկերն սկսում են աշխատել փոքր մարժայով, ինչն էլ այսօր մենք անում ենք` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով պահպանելով առաջատարի դիրքը:

—    Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում պետական վարկերին. դրանք չե՞ն կարող հատկացվել ձեր` բանկերի միջոցով: Ըստ Ձեզ` պետությունն այդ գործառույթն ինչո՞ւ է ստանձնել:

—    Պետությունը երկու ծրագիր է իրականացնում. նախ` ուղղակի վարկավորում է կոնկրետ ձեռնարկություններին, հաջորդը` բանկերին պետական երաշխիքներ է հատկացնում, որպեսզի նրանք վարկավորում կատարեն: Այնպես որ բանկերը ներառված են: Կառավարությունն այս պահին միջոցներ է մշակում, որպեսզի եղած ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն:

— Ինչպե՞ս եք գնահատում բանկերի կայունության մակարդակը: Եթե տնտեսության մեջ գործերը վատ են կամ տնտեսական անշեղ անկում է գրանցվում` բանկերի կայունությունը թվացյալ չէ՞:

— Բանկերը բավականաչափ կապիտալիզացված են, հետևաբար կայուն են: «Յունիբանկի» բաժնետերերը փետրվարին 3 մլրդ դրամով ավելացրին բանկի կանոնադրական կապիտալը, թեև դրա անհրաժեշտությունը չէր զգացվում: Այժմ բանկի ընդհանուր կապիտալը 12 մլրդ 467 մլն դրամ է, ակտիվները` 77,9 մլրդ դրամ, պարտավորությունները` 65,4 մլրդ դրամ:
Ես շուկայում վարկերի չվերադարձման լուրջ միտումներ դեռևս չեմ տեսնում, թեև ավելի հստակ պատկերացումներ հնարավոր կլինի ունենալ մի քանի ամսից հետո: Իսկ այն վարկառուների նկատմամբ, ովքեր վճարումները մինչ ճգնաժամային երևույթները պարտաճանաչորեն կատարում էին, սակայն ստեղծված իրավիճակում ժամանակավոր խնդիրներ ունեն` բանկը լոյալ դիրքորոշում է ցուցաբերում և փորձում ընդառաջել:

— Դրսից եկող մասնավոր փոխանցումները ևս նվազել են, բնականաբար` ձեր եկամուտները նույնպես: Դա «Յունիբանկ»-ին չի՞ թուլացրել:

—    «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի 50%-ը: 2008 թվականի արդյունքներով նրա շրջանառությունը կազմել է գրեթե 802 մլն դոլար: Այս տարի դրամական փոխանցումների ծավալը նվազել է մոտ 30%-ով` հասնելով 2007 թվականի մակարդակին: Բայց չէ՞ որ 2007-ը վատ տարի չէր...

— Ձեր բանկը շատ արագ կայացավ, մասնաճյուղեր բացեց և գործունեություն ծավալեց երկրով մեկ: Ո՞րն էր գաղտնիքը:

—    «Յունիբանկը» ստեղծվեց 2001 թվականին` բանկային համակարգում բավականին սուր մրցակցության պայմաններում: Ինձ բախտ է վիճակվել այն ղեկավարել առաջին իսկ օրվանից: Սկսեցինք մեկ գրասենյակից, յոթ հոգուց բաղկացած անձնակազմով: Այսօր արդեն ունենք 30 մասնաճյուղ, երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է մեր ներկայացուցչությունը: Եվս մեկ նոր մասնաճյուղ այս տարի կբացվի Գավառում: Տարեկան կտրվածքով սպասարկում ենք 1,5 մլն հաճախորդի: Բանկի հանդեպ վստահության մասին է խոսում նաև ավանդատուների թվաքանակի աճը. «Յունիբանկին» բաժին է ընկնում ՀՀ բանկային համակարգի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 20%-ը:

— Բանկային մասնագետ լինելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ, բնավորության ի՞նչ որակներ պետք է ունենաս:

—    Առաջին հերթին հաճախորդներին և գործընկերներին պետք է վստահություն ներշնչես: Ի դեմս «Յունիբանկի»` նրանք պետք է տեսնեն հուսալի, կայուն և առաջընթաց ունեցող գործընկերոջ: Նշանակում է` հաճախորդի հանդեպ պետք է լինես ազնիվ և պարտադրես, որ նա էլ այդպիսին լինի քո հանդեպ: Հակառակ դեպքում համագործակցությունը չի կայանա:

—    Ինձ թվում է` բանկային գործը և մտքի, և բնավորության խիստ կարգապահություն է պահանջում:


—    Բանկային գործն այլ հատկանիշներ ևս պահանջում է, դրանք ձևավորվում են նաև աշխատանքի ընթացքում: Հիմնականն արագ մտածելու և արագ որոշում կայացնելու կարողությունն է, «լսելու» ունակությունը...

—    Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր գործը:


—    Ես երկու աղջիկ ունեմ, մեկը չորս, մյուսը` մեկուկես տարեկան: Այնպես որ վաղ է այդ մասին մտածելը: Համենայնդեպս թող իրենք որոշեն:

— Բանկը շա՞տ ժամանակ է խլում: Ընտանիքին հատկացնելու ժամանակ քի՞չ է մնում:

— Օրվա մեջ առնվազն 12 ժամ բանկում եմ: Մնացած ժամանակ էլ հեռախոսով եմ «աշխատում»: Իսկ հանգստյան օրերը փորձում եմ ընտանիքիս հետ անցկացնել, հիմնականում` քաղաքից դուրս, բնության գրկում:

—    Բանկը նաև բարեգործությամբ է զբաղվում: Հատկապես ի՞նչ ոլորտներ և աշխատանքներ են ձեր հետաքրքրությունների շրջանակում:

— Ինչպես մեր բաժնետերերը, այնպես էլ ես գտնում եմ, որ եթե բանկը եկամուտ է ստանում` պետք է դրա մի մասը հատկացնի բարեգործական նախաձեռնություններին: Հակառակ պարագան ինձ համար անհասկանալի է: Բարեգործական ձեռնարկները, կարծում եմ, հրապարակելու կարիք չկա, դրանք պարզապես պետք է իրականացնել: Ինչ վերաբերում է այլ ծրագրերին` ասեմ խոշոր նախագծերից մեկի մասին` պատրաստվում ենք Հայաստան հրավիրել մեծ հռչակ վայելող արտասահմանյան նվագախումբ: Իսկ 2008-ին, գիտեք, «Յունիբանկը» Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգների կազմակերպիչներից էր:

01.05.09թ.

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ