Վ.Աթայան. «Ակնհայտ ռիսկեր, որոնք բանկերը ներկայիս դրությամբ չկարողանան վերահսկել, ՀՀ բանկային համակարգում ես չեմ տեսնում»

10.05.2009 «Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը banker.am պորտալին:

-Պարոն Աթայան, ինչպիսի՞ն են բանկի 2009թ.-ի առաջին եռամսյակի արդյունքները: Որքանո՞վ է «Յունիբանկ»-ն ապահովել իր նախանշած ծրագրերը և ցուցանիշները 1-ին եռամսյակում և 2009թ.-ին ի՞նչ տարեկան արդյունք է ակնկալում ստանալ:

Ճգնաժամը բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաեւ բանկային համակարգի վրա եւ այդ առումով 2009թ.-ի առաջին եռամսյակը կարեւոր ժամանակաշրջան էր նախանշված ծրագրերի առաջնահերթությունների հստակեցման, ռիսկերի վերագնահատման եւ զարգացման նոր ուղիների նշագծման համար: Եռամսյակային կտրվածքով  առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարված են, աճի միտումները պահպանվել են: Մեր ակտիվները մարտի վերջի դրությամբ կազմել են մոտ 78 մլրդ դրամ` առաջին եռամսյակում աճելով 13%-ով: Բանկի կապիտալը կազմել է 12 մլրդ 467 մլն դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 30%: Նշեմ, որ փետրվարին  բանկի բաժնետերերը  3 մլրդ դրամով ավելացրել էին բանկի կանոնադրական կապիտալը, թեեւ դրա անհրաժեշտությունը չէր զգացվում:
Վարկային ներդրումների ծավալը հաշվետու եռամսյակում կազմել է 48,4 մլրդ  դրամ: Պարտավորություններն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 10,5%-ով և կազմել 65 մլրդ  431 մլն  դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 36,2 մլրդ դրամը, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներինը` 8,2 մլրդ դրամը: Ի դեպ, իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը տարեսկզբի համեմատ աճել է կրկնակի անգամ:  
Բնականաբար, լողացող փոխարժեքին անցնելու արդյունքում բանկը կրեց նաեւ որոշակի վնասներ` մոտ 175,9 մլն դրամի չափով: «Յունիբանկ»-ի նման խոշոր ֆինանսական հաստատության համար դա զգալի կորուստ չէ: Գործունեության նախորդ տարիներին ունեցած շահույթի հաշվին մենք այն արագ կվերականգնենք եւ, կարծում եմ, 2009 թվականը շահույթով կփակենք: 2008-ին «Յունիբանկ»-ի շահույթը կազմել է 1,5 մլրդ դրամ:  

-Վերջին 2-3 տարում «Յունիբանկ»-ն ինտենսիվ աճ ապրեց, բանկային շուկայում տեղ զբաղեցնելով առաջատար բանկերի շարքում, այդ թվում բանկային ծառայությունների սակագների և տոկոսադրույքների մրցունակ և հաճախորդների համար գրավիչ առաջարկի շնորհիվ: Բանկային բիզնեսի որոշ հատվածներում բանկը անվիճելի առաջատար է` դրամական փոխանցումներ, ժամկետային ավանդներ: Ներկայիս տնտեսական պայմաններում տոկոսադրույքների և սակագների ի՞նչ առաջարկ է ծրագրավորել բանկը 2009թ. համար:

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով «Յունիբանկ»-ին բաժին է ընկնում ՀՀ բանկային համակարգի 20%-ը: Դա լուրջ ցուցանիշ է, ինչը խոսում է  բանկի հանդեպ բնակչության մի հոծ զանգվածի վստահության մասին:  Առաջատարի դիրքը պահպանելու համար, ավանդատեսակները մշակելիս դրանց պայմանները  առավելագույնս համապատասխանեցնում ենք արդի պահանջներին:  Այսօր «Յունիբանկ»-ը շեշտը դնում է բազմարժութային ռեժիմով ավանդների  վրա, ինչը հաճախորդին հնարավորություն է տալիս,  արտարժույթի շուկայական փոխարժեքի տատանման դեպքում,  առանց ավանդային պայմանագրի խզման, փոխել  ներդրված ավանդի արժույթի տեսակը:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի մոտ 52%-ը: «Յունիստրիմ»-ի առավելություններից մեկը ցածր սակագինն է` սկսած 1,1%-ից: Ընդ որում, որքան մեծ է փոխանցվող գումարը, այնքան փոքր է սակագինը: Հաճախորդների համար ոչ պակաս կարեւոր  նախապայման է նաեւ փոխանցման իրականացման արագությունը, որը «Յունիստրիմ»-ում կազում է ընդամենը տաս րոպե: Համակարգի աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր:      

Ինչ վերաբերում է վարկավորման ոլորտին, ապա ելնելով  տնտեսության զարգացման վերջին միտումներից, առաջնահերթությունը տվեցինք ՓՄՁ-երին, որպեսզի կարողանան  ապահովել հետագա անխափան գործունեությունը: Վարկավորման նոր ծրագիրը արդեն  մեկնարկել է: Ձեռնարկություններին տրամադրում ենք մինչեւ 30 ամիս մարման ժամկետով 30 հազար դոլարի գումարով վարկեր: Վարկերի տարեկան տոկոսադրույքները կազմում են 22-24%:  
«Յունիաստրում» ռուսաստանյան բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում վերջերս «Յունիբանկ»-ին հատկացվեցին նաեւ 50 մլն դոլար վարկային միջոցներ, որոնք եւս նախատեսում ենք ուղղել  վարկային ակցիաների իրականացմանը:    

-Բանկային շուկայում տոկոսադրույքները աճում են: Ե’վ ավանդներինը ե’ւ վարկերինը: Ձեր կարծիքով ի՞նչ միտում կունենան տոկոսադրույքները 2009-2010թթ.-ին: Արդյո՞ք  այս տեսակետից անիմաստ մրցակցություն չի ծավալվել բանկերի միջև ավանդային շուկայում և արդյուքում չեն շահի ոչ բանկերը և ոչ էլ բանկերի վարկառուները:

ՀՀ օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ բանկային վարկի տոկոսադրույքը չի կարող լինել ավելին  քան բանկային տոկոսադրույքի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, որը ներկայումս 12% է: Այսինքն, վարկերի տոկոսադրույքները 24%-ից ավելի լինել չեն կարող: Այլ հարց է ավանդային տոկոսադրույքները: Ես բազմիցս նշել եմ, որ ներկա պայմաններում ավանդների տոկոսադրույքների բարձրացումը միանգամայն արդարացված է: Նախ պետք է պահել ավանդի մրցունակությունը պետական պարտատոմսերի նկատմամբ, որոնց համար արդեն սահմանվել է 13%, երկրորդը` ավանդատուն ի պահ դնելով իր գումարները բանկում պետք է  դրա դիմաց եկամուտ ստանա: Հաշվի առնելով դա եւ այն, որ այս տարի կանխատեսվում է համեմատաբար բարձր գնաճ, ավանդի տոկոսադրույքները պետք է ձգտեն 20%-ին:    «Յունիբանկ»-ում ավանդային առավելագույն տոկոսադրույքը ներկայումս սահմանված է 14%  եւ այն հանրապետության ամենաբարձր առաջարկներից մեկն է:  

-Վերջին շրջանում բանկն արդիականացրեց իր համակարգչային ցանցը և սերվերային տնտեսությունը, անցավ “մեկ սերվերի” տեխնոլոգիայի: Ի՞նչ լրացուցիչ հնարավորություններ, եւ ծառայություններ է ընձեռում այս մոդելը բանկի հաճախորդների համար:


Ներկայումս «Յունիբանկ»-ը շահագործում է  Blade տեսակի սերվերային խումբը: Վերջին սերնդի այս սերվերների ներդրումը  հնարավորություն ընձեռեց բանկին էապես բարձրացնել  աշխատանքի արդյունավետությունը եւ տեղեկատվական համակարգերի հուսալիությունը: 2008թ.-ին լուրջ` մի քանի մլն դոլարի ներդրումներ ենք արել  տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ենթակառուցվածքում, ինչը պայմանավորված էր նաեւ բանկի 30 մասնաճյուղերում սպասարկման online համակարգի ներդրմամբ: Այս համակարգի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն ստացան բանկային գործարքներ կատարել ցանկացած մասնաճյուղում` անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից, ինչը հատկապես էական նշանակություն ունի «Յունիստրիմ»-ից օգտվող հաճախորդների համար:
Մեկ տարում «Յունիբանկ»-ը սպասարկում է մոտ 1,5 մլն հաճախորդի: Նման թվաքանակի  սպասարկումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է   ապահովել նաեւ ծառայությունների մատուցման բազմազանությունը: Այդ իսկ պատճառով, միանալով Telcell վճարային համակարգին,  բնակչությունից սկսեցինք ընդունել ավելի քան տասը տեսակի ծառայությունների վճարումներ, այդ թվում՝ նաեւ կոմունալ: Վճարումներն իրականացվում են online ռեժիմում, վճարումն իրականացնելիս հաճախորդը  տեղեկացվում է նաեւ SMS հաղորդագրության միջոցով: Շուտով կառաջարկենք եւ մեկ լրացուցիչ ծառայություն` կոմունալ վճարումների իրականացում, առանց բանկ հաճախելու:

- Ձեր կարծիքով որո՞նք են այսօրվա հիմնական ռիսկերը ՀՀ բանկերի համար և ինչպե՞ս եք գնահատում բանկերի պատրաստավծությունը այդ ռիսկերին դիմակայելու տեսակետից: Կա՞ արդյոք անհրաժեշտությունը պետական մի հատուկ մարմնի ստեղծման, որն իր վրա կվերցնի հակաճգնաժամային միջոցառումների կոորդինացումը, աջակցությունը բանկերին:

Ակնհայտ ռիսկեր, որոնք բանկերը ներկայիս դրությամբ չկարողանան վերահսկել, ՀՀ բանկային համակարգում ես չեմ տեսնում: Կապիտալիզացիայի մակարդակը ավելի քան բավարար է բանկերի կայունությունը ապահովելու համար: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում դեռեւս մտահոգիչ չէ: Ի տարբերություն արտերկրի բանկերի, մեզ մոտ բոլոր վարկերը տրամադրվել են գրավի ապահովվածությամբ: Այնպես որ, ժամկետանց վարկերի ծավալների աճի դեպքում, բանկը կարող է իրացնել գրավը եւ վերադարձնել իր միջոցները: Իհարկե, հաշվի առնելով ճգնաժամային երեւույթների առկայությունը,  ըմբռնումով ենք մոտենում մեր այն վարկառուներին, որոնք մինչ այժմ պարտաճանաչ կատարել են իրենց պարտավորությունները, սակայն ստեղծված իրավիճակում ունեն  ժամանակավոր խնդիրներ: Նման դեպքերում վերանայում ենք վարկի պայմանները եւ փորձում գտնել երկու կողմերի համար ընդունելի տարբերակ:    

ՀՀ բանկերի ներկայիս խնդիրներից մեկն էլ ՀՀ դրամով միջոցների ներգրավումն է, որպեսզի հնարավոր լինի ՀՀ դրամով վարկեր տրամադրել: Այստեղ կառավարությունը իրոք անելիք ունի` բանկերին ՀՀ դրամով վերաֆինանսավորման առումով:  Հետագայում հնարավոր է նաեւ, պետական աջակցության կարիքն առաջանա նաեւ խոշոր վարկառուների հետ կապված:

- Որևէ զվարճալի մասնագիտական ֆինանսա-բանկային պատմություն Ձեր պրակտիկայից կամ անեկդոտ պատմեիք Banker.am կայքի ընթերցողների համար£

Զավեշտալի պատմություններ իրոք պատահում են: Գյումրիում մասնաճյուղ էինք բացում եւ անհրաժեշտ գույքն էինք ձեռքբերում: Մի օր զանգահարում է այդ աշխատանքները համակարգողը եւ ասում, թե մասնաճյուղի համար չհրկիզվող պահարանը /սեյֆը/ արդեն ձեռք է բերել, այն էլ` նախահաշվի գումարից ցածր արժեքով: Միաժամանակ ավելացնում է, թե, բայց  մի երկու խնդիր կա. չհրկիզվող պահարանը փական չունի, բացի դա էլ, ետեւի մասում մի մեծ անցք կա: Ու սա  գյումրեցուն հատուկ բարբառով...  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ