«Յունիբանկ»-ի շահույթը գերազանցել է 2,3 մլրդ դրամը

04.11.2008 Ամփոփելով անցած տաս ամսվա արդյունքները, «Յունիբանկ»-ը գոհունակությամբ է նշում, որ պահպանել է  զարգացման բարձր տեմպերը եւ էլ ավելի ամրապնդել  իր առաջատար դիրքերը բանկային ծառայությունների շուկայում: Բանկի գործունեության ցուցանիշները թույլ են տալիս անցած տասn ամիսները  գնահատել բավականին արդյունավետ եւ արգասաբեր: Այդ մասին է վկայում բանկի բոլոր հիմնական ցուցանիշների գծով արձանագրված աճը: Մասնավորապես, բանկի շահույթը  այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլրդ 379 մլն դրամ` գերազանցելով  նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գրեթե 45 տոկոսով: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 67 մլրդ 615 մլն դրամ` 2007թ.-ի հոկտեմբերի 31-ի 46 մլրդ 767 մլն դրամի դիմաց:

Արձանագրված ցուցանիշների նման աճի գրավականը բանկային գործիքների լայն տեսականին, ճկուն սակագնային քաղաքականությունն եւ սպասարկման որակի շարունակական բարելավումն է: Հարկ է նշել, որ սպասարկման կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով 2009թ.-ին «Յունիբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակը կտեղափոխվի սեփական մասնաշենք, որը կտեղակայվի Երեւանի Չարենցի փողոցում: Ներկայումս ընթանում են շենքի  շինարարական աշխատանքները:  Առաջիկայում բանկը նախատեսում է բացել նաեւ նոր մասնաճյուղ Գավառ քաղաքում: Նշենք, որ վերջերս տեղի ունեցավ «Յունիբանկ»-ի «Իջեւան» մասնաճյուղի բացումը:  

Մասնաճյուղային ցանցի ընդլայնման հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ը շարունակում է նաեւ գործող   մասնաճյուղային ցանցի մոդերնիզացման եւ միասնական ստանդարտների ներդրման ծրագիրը: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով, ծրագրի  շրջանակներում, բանկի  կողմից հանրապետության մի շարք մարզերում ձեռք են բերվել գործող մասնաճյուղերի տեղակայման համար նախատեսված նոր տարածքներ: Մոտ ապագայում նախատեսվում է վերափոխել բանկի «Սեւան», «Մարտունի», «Եղեգնաձոր», «Գյումրի» եւ «Ստեփանակերտ» մասնաճյուղերը: Ընդ որում, վերանորոգվում եւ վերափոխվում է մասնաճյուղերի ոչ միայն ոճային տեսքը,  այլ նաեւ` սպասարկման  կազմակերպման գործընթացը: Ձեւափոխման հիմնական նպատակը սպասարկման համար նախատեսված սրահների գործառնական  բաժանումն է` ըստ դրանց նշանակության: Այսինքն` դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդները, ավանդատուները եւ վարկառուները սպասարկվում են առանձնացված մասնագիտացված մենեջերների կողմից:
Հարկ է նշել, որ մասնաճյուղերի վերափոխումները  կատարվում են առանց վերջիններիս բնականոն աշխատանքների խափանման եւ հաճախորդներին անհանգստության պատճառման:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ