Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:

29.10.2009 Այս տարվա հոկտեմբերին լրանում է ՀՀ առաջատար բանկերից մեկի` «Յունիբանկի» 8-ամյակը: Շնորհիվ հաճախորդների պահանջարկների փոփոխությունների կանխատեսման և օպերատիվ արձագանքման ունակության` «Յունիբանկը» ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ և դարձել Հայաստանի մեծ պահանջարկ ունեցող ֆինանսական հաստատություններից մեկը:
ՀՀ-ում առավել ճանաչելի ապրանքանիշներից մեկի կայացման և զարգացման մասին զրուցում ենք հիմնադիրներից մեկի` «Յունիբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Գագիկ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Զաքարյան, «Յունիբանկի» ո՞ր ձեոքբերումները կնշեիք առաջին հերթին:

- Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ընդամենը 8 տարվա ընթացքում մենք զրոյից կարողացանք ստեղծել համակարգ ձևավորող ունիվերսալ բանկ: Այսօր «Յունիբանկը» գործում է երկրի բոլոր շրջաններում, ունի բավականին լայն ցանց` բաղկացած 33 մասնաճյուղից: Տարվա ընթացքում բանկը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների: Մենք ունենք մոտավորապես հարյուր հազար մշտական հաճախորդ, նրանք հիմնականում երկրի ամբողջ տարածքում գործող փոքր և միջին ձեռնարկատերեր և ֆիզիկական անձինք են: Այդ ամենի շնորհիվ «Յունիբանկը» ներառվում է հայկական լավագույն բանկերի հնգյակի մեջ:
Կարևոր եմ համարում նշել բանկային բիզնեսի հեռանկարի մեր ընդհանուր տեսականը. «Յունիբանկը» ձգտում է զարգանալ որպես դասական, հաճախորդների պահանջարկների բավարարմանն ուղղված բանկ, որն ստեղծում է գործընկերական փոխհարաբերություններ և փոխգործակցության անհատական սխեմաներ:

- Շուկայի ո՞ր հատվածներում է հաջողվել հասնել առավել մեծ ձեռքբերումների:

- Սկսեմ նրանից, որ ցանկացած ցուցանիշ դիտարկելիս «Յունիբանկը» հայտնվում է Հայաստանի բանկային բիզնեսի առաջատարների շարքում:
Ակտիվների չափով մենք 4րդ տեղում ենք, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մասով` 2-րդ: ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 20%-ը ներդրված է մեր բանկում: Դա բավականին լուրջ ցուցանիշ է, որը վկայում է բնակչության զգալի մասի` բանկի նկատմամբ վստահության մասին: Մեծ պահանջարկ ունի «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը, որին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի 50%ից ավելին: Համակարգի կարևորագույն առավելություններից մեկը ցածր սակագներն են` սկսած 1%-ից: Կարևոր չափանիշ է փոխանցման արագությունը` 10 րոպե: Համակարգն ընդգրկում է աշխարհի 90 երկիր:
Ինչ վերաբերում է վարկավորմանը` մենք առաջին հերթին զարգացրել ենք մանրածախ գործիքները, օրինակ` հիպոտեկային, ավտոմեքենաների ձեռքբերման, պլաստիկ քարտերով տրամադրվող, փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորումը: Մեր մրցակցային առավելություններն են` ֆինանսական հասանելի ռեսուրսները, տեխնոլոգիաների իմացությունը և կուտակած փորձը:
Մենք վարկի վաղաժամկետ մարման պարագայում տուգանքներ չենք գանձում և չունենք թաքնված միջնորդավճարներ: Բանկն ընդլայնել է պլաստիկ քարտերով վարկավորման գործիքների ցանցը: Մենք ունենք հատուկ առաջարկներ` կրեդիտային քարտերի վերաբերյալ, այդ թվում` նաև աշխատավարձային նախագծեր, որոնք նպատակաուղղված են տարբեր պահանջներ և հնարավորություններ ունեցող հաճախորդներին:
Պլաստիկ քարտերի հատվածում աշխատելու ընթացքում մենք թողարկել ենք մոտավորապես 34 հազար քարտ, ընդ որում ակտիվորեն տրամադրում ենք ինչպես կրեդիտային, այնպես էլ դեբետային քարտեր: Մշտապես բարելավում ենք այդ ծառայությունների որակը, ավելացնում հասանելիությունը:
«Յունիբանկի» բանկոմատների ցանցը բաղկացած է ավելի քան 60 միավորից: POS տերմինալների մասով ՀՀ բանկային համակարգում մենք զբաղեցնում ենք 2րդ տեղը: Ընդլայնման ռազմավարությունն իրականացվում է «Ֆինանսներ տան մոտ» սկզբունքով, այդ նպատակով մենք շարունակում ենք ավելացնել սպասարկման կետերի քանակը` դրանով ապահովելով մեր ներկայությունը ինչպես մայրաքաղաքի բոլոր թաղամասերում, այնպես էլ երկրի շրջաններում: Ցանցի այդպիսի ընդլայնումը հաճախորդների համար ապահովում է մեր բոլոր ծառայությունների հարմարավետ հասանելիությունը:
Բացի դրանից` առաջին անգամ Հայաստանում մեր հաճախորդներին հնարավորություն տվեցինք սպասարկվել շուրջօրյա: «Յունիբանկի» երկու` «Զվարթնոց» և «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղերն աշխատում են շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Ապագայում 24-ժամյա ռեժիմի կանցնեն նաև այլ մասնաճյուղեր: Սպասարկման որակի բարձրացմանը նպաստում է նաև մասնաճյուղային ցանցը onlie համակարգին միացնելը: Շնորհիվ դրա` մեր հաճախորդները հնարավորություն են ստացել բանկային գործառնություններ իրականացնել ցանկացած մասնաճյուղում` առաջնային սպասարկման հասցեից անկախ:

- Բանկային համակարգը վերջին ամիսներին սառեցրել էր  վարկավորումը, հատկապես սպառողականը: Սակայն վերջերս «Յունիբանկը» հայտարարեց սպառողական և բիզնես ոլորտում վարկային նոր գործիքների իրականացման մասին: Շուկայում ի՞նչ է փոխվել:

- Զարգացումների անորոշության պայմաններում շուկան որոշակի սպասման մեջ էր, և բանկերի վարկային ակտիվությունը որոշ չափով նվազել էր: Այդ նվազումը միանգամայն տրամաբանական էր: Սակայն արդեն նշմարվում է դրական տեղաշարժ: Ս. թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 56 միլիարդ դրամը: Կուզենայի նշել, որ չնայած ճգնաժամային երևույթներին, մենք չէինք սառեցրել սպառողական վարկավորումը, իսկ ամառվանից բոլոր ուղղություններով վերսկսեցինք լայնածավալ վարկավորումը և հաշվի առնելով տնտեսության վերջին միտումները` ձեռնամուխ եղանք փոքր և միջին բիզնեսի աջակցման նոր ծրագրի իրականացմանը: Որպես բիզնեսի ֆինանսավորման գործիք` «Յունիբանկն» առաջարկում է արտադրության ընդլայնման, սարքավորումների փոխարինման կամ շրջանառու միջոցների համալրման վարկեր: Փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված բիզնես վարկի գումարը կազմում է մինչև մեկ միլիոն դոլար: Խոշոր հաճախորդներին տրամադրվում են մինչև 4,5 միլիոն դոլարի չափով վարկեր:
«Յունիբանկի» մրցակցային առավելությունը երկարաժամկետ վարկավորումն է` փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող ձեռներեցները կարող են վարկ ստանալ մինչև 5 տարի մարման ժամկետով: Իսկ սպառողական վարկերը տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով` 10 միլիոն դրամի չափով:

- «Յունիբանկն» ինչպե՞ս հաղթահարեց ճգնաժամի գագաթնակետը, և այդ իրավիճակն ինչպե՞ս անդրադարձավ հաճախորդների վրա:

- Չնայած դժվարություններին, որոնք առաջացան ՀՀ բանկային համակարգում, «Յունիբանկը» 2008-ին ապահովեց 1,5 մլրդ դրամի չափով շահույթ: Սակայն ասել, թե մենք չնկատեցինք ճգնաժամը, անազնիվ կլինի: Միջազգային ճգնաժամը բնականաբար անդրադարձավ նաև մեզ վրա, ինչով էլ պայմանավորված` 2009-ը նախանշված ծրագրերի և ռիսկերի վերանայման համար դարձավ կարևոր շրջան: Բայց ընդհանուր առմամբ մեզ հաջողվեց իրականացնել մեր հիմնական նպատակները և պահպանել աճի տեմպերը: Դա մեզ հաջողվեց առաջին հերթին միջոցների տեղաբաշխման պահպանողական քաղաքականության շնորհիվ:

- Դուք և Ձեր գործընկեր Գեորգի Պիսկովը նաև ռուսաստանյան «Յունիաստրում բանկի» բաժնետերերն եք և այն ղեկավարում եք հիմնադրումից ի վեր: Ո՞րն էր համագործակցության սկիզբը:

- Ամեն ինչ սկսվեց Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի պատերի ներսում: Ես ընդգրկված էի կոմերիտական աշխատանքում, իսկ Գեորգին ավելի շատ նախընտրում էր գիտական աշխատանքը: Մենք ընկերացանք, պարզվեց, որ լրացնում ենք միմյանց: Համալսարանից հետո ես ընդունվեցի ասպիրանտուրա: Այդ ժամանակ ինստիտուտում ստեղծվեց նոր լաբորատորիա, որը գլխավորեց Գեորգին և ինձ հրավիրեց միասին աշխատել: Այնտեղ մենք սովորեցինք աշխատել օրը 24 ժամ և վստահել իրար: Բայց դա հետաքրքիր չէր, և մենք ցանկանում էինք զբաղվել ավելի բարդ բանով, որտեղ կարող էինք գործի դնել մեր համակարգված մոտեցումները և ինժեներակազմակերպչական հմտությունները: Այդպես` 1990ին ստեղծվեց «Յունիաստրում հոլդինգը»: Հետզհետե լուծելով ֆինանսական հոսքերի կազմակերպման խնդիրները` մենք հանգեցինք մեր բանկն ստեղծելու գաղափարին: 1998 թ. ճգնաժամն ստիպեց վերանայել մեր մարքետինգային քաղաքականությունը և այն ուղղորդել դեպի ֆիզիկական անձինք: Այս տարիներին մեր թիմը կարողացավ ոչ մեծ ընկերությունից ստեղծել դաշնային մակարդակի բանկ: Այսօր «Յունիաստրում բանկը» ներկայացված է 40 շրջաններում և ունի բավականին լայն ցանց` 220 գրասենյակ: «Յունիաստրում բանկը» 4000 աշխատող է և գրեթե մեկ միլիոն մշտական հաճախորդ: Այն ճանաչվել է Ռուսաստանի ամենաճանաչված ապրանքանիշը և պարգևատրվել Best Russia Brand պատվոգրով:

- Վերադառնանք Հայաստան: Ի՞նչ ծրագրեր ունի «Յունիբանկը»:

- Մենք կշարունակենք զարգացնել ՓՄՁ-երի վարկավորումը և պլաստիկ քարտերի բիզնեսը:
Կշարունակենք նաև խոշոր հաճախորդների վարկավորումը: Կիրականացվեն նաև մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքներ: Այս տարի մենք արդեն բացել ենք 3 նոր մասնաճյուղ, որոնցից մեկը` Գավառում: Ծրագրում ենք բացել մասնաճյուղեր «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գրեթե բոլոր ստորաբաժանումներում: Մոտ ապագայում նախատեսում ենք մասնաճյուղեր բացել նաև Դավիթաշեն, Աջափնյակ, Էրեբունի և Ավան համայնքներում: 2010ի սկզբին նախատեսում ենք մասնաճյուղ բացել նաև Մեղրիում` Ագարակ քաղաքում:
«Յունիբանկը» կշարունակի իրականացնել նաև հովանավորական ծրագրեր և մասնակցել երկրի սոցիալ-մշակութային կյանքին:

- Դուք աջակցում եք մշակույթի, գիտության և սպորտի գործիչներին: Ձեր օգնությամբ Հայաստանում և Ռուսաստանում հանդես են գալիս արտասահմանյան էստրադայի աստղերը: «Յունիաստրում Բանկը» համագործակցում է Մանկական միջազգային գեղարվեստական պատկերասրահի հետ, ինչպես նաև «Դինամո-Մոսկվա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հովանավորն է: Ռուսաստանյան բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև եկեղեցիների վերականգնմանը: Ո՞ր ասպարեզներին եք նախապատվությունը տալիս:

- Կյանքում պետք է տեղ լինի ոչ միայն բիզնեսի, այլև հոգու համար: Եվ այդ առումով մենք իրոք քիչ բան չենք արել: Օգնում ենք հրատարակել գրքեր` Ռուսաստանի և Հայաստանի պատմության մասին, մեր անմիջական մասնակցությամբ լույս է տեսել մոտ 80 գիրք: Ամեն տարի կազմակերպում ենք երկու-երեք խոշոր համերգ: Դմիտրի Դիբրովի հետ Ռուսաստանում անցկացրել ենք ջազային երաժշտության փառատոն, կազմակերպել ենք Շերի, Շառլ Ազնավուրի, Լուչանո Պավարոտիի, Գեորգի Գարանյանի համերգները, իսկ Հայաստան ենք բերել ռուսաստանյան արտիստներին: Մաեստրո Ջիվան Գասպարյանի հետ, ում մենք աջակցում ենք, ստեղծել ենք հիմնադրամ, որն իրականացնում է տարբեր ծրագրեր: Անցած տարեվերջին «Յունիբանկի» աջակցությամբ կայացավ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգների շարքը, որին մասնակցում էին մի շարք արտասահմանյան աստղեր` Բորիս Գրեբենշչիկովը, Ալան Պարսոնը, Պիտեր Գաբրիելը, Զուկերոն և ուրիշներ:
Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով միայն փող է ստեղծում` ավելի շատ փող շահելու համար: Քանի դեռ ես լսում եմ երաժշտություն և հետաքրքրվում եմ գիտությամբ, զբաղվում եմ սպորտով և գտնում եմ ժամանակ, որպեսզի վերադառնամ իմ հայրենիք` Երևան, և քանի դեռ իմ հանգստյան օրերն անցկացնում եմ ընտանիքիս հետ և շփվում եմ ընկերներիս հետ` դա ինձ չի սպառնում: Մենք գիտակցում ենք պատասխանատվության այն բաժինը, որը հասարակության առջև ունեն «Յունիբանկն» ու «Յունիաստրում բանկը»` իբրև խոշոր կազմակերպություններ: Փորձում ենք, որպեսզի մեր ծրագրերը լինեն հնարավորինս բազմակողմանի: Դա կարող է լինել մշտական մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին կամ էլ համեստ օգնություն մանկատանը: 2008ին Լեռնային Ղարաբաղում կայացավ նաև մոտ 700 զույգերի միաժամանակյա պսակադրության արարողությունը: «Յունիբանկն» այդ առիթով թողարկեց հատուկ ոսկե պլաստիկ քարտեր` 2000 դոլար անվանական արժեքով, և նվիրեց բոլոր զույգերին: Այսինքն մեր նախասիրությունների շրջանակը բավականին լայն է` մշակույթ, սպորտ, արվեստ, սոցիալական բնագավառ:

-Պարոն Զաքարյան, Հայաստանում Ձեր գործունեությունը «Յունիբանկ»-ով չի սահմանափակվում:

-«Յունիաստրում բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովի հետ Հայաստանում իրականացնում ենք մի շարք այլ ծրագրեր: Մասնավորապես «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության հետ, որը Ռուսաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից է, Հայաստանում հիմնեցինք «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը: Ներդրումներ են ուղղվել նաև «ԳԵԳԱՄԵՏ» ընկերությունը հիմնելու համար, որը մասնագիտանում է քրոմի, երկաթքրոմի և այլ մետաղների հանքավայրերի շահագործման մեջ: Դա մեզ հնարավորություն տվեց ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր և ապահովեց լրացուցիչ մուտքեր` ՀՀ պետական բյուջե: Զուգահեռաբար Երևանի կենտրոնում` Ամիրյան փողոցում, կառուցում ենք «Ամիրյան պլազա» բազմաֆունկցիոնալ համալիրը, որն ունենալու է յուրատիպ դիզայն: Համալիրում կգործեն 16 մետրանոց ատրիում, կախովի ապակե բար, հյուրանոց, բար-ռեստորաններ, սրճարաններ, ֆիթնես ակումբ, առևտրի սրահներ, գրասենյակներ: Ակնկալում ենք, որ շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա վերջին:
Հայաստանում շուկան բավականին հետաքրքիր է և կարող է լավ շահույթ բերել: Մենք վերլուծել ենք շատ երկրների վիճակը, այդ թվում նաև Ռուսաստանինը, և եկել այն եզրակացության, որ Հայաստանում ներդրումներ անելը կրկնակի շահավետ է:

-Ինչպե՞ս եք տոնելու բանկի 8-ամյակը:

-Այս անգամ որոշել ենք չսահմանափակվել ավանդական խնջույքով, մեր բանկի տոնի կապակցությամբ ցանկանում ենք քաղաքին իսկական տոն նվիրել: «Յունիբանկի» հրավերով Հայաստան է ժամանելու լեգենդար SPACE խումբը: «Տիեզերական» երաժշտությունն ուղեկցվելու է լազերային գունեղ շոուով: Համերգն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:
Նշեմ, որ SPACE խմբի հոբելյանական շրջագայությունը Ռուսաստանում անցկացվել է «Յունիաստրում բանկի» աջակցությամբ: Կրեմլում կայացած համերգն աննախադեպ հաջողություն է ունեցել: Այդ իսկ պատճառով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանում SPACE խմբի համերգի կազմակերպման գաղափարը, որպեսզի հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունենա տեսնելու տպավորիչ ներկայացում` որակյալ երաժշտությամբ և նորաոճ հատուկ էֆեկտներով: Հետաքրքիր կլինի լսել նաև մեր ավանդական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ և SPACE խմբի էլեկտրոնային սինթեզատորների հնչյունների համադրությամբ:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին` վստահության համար և նրանց հոկտեմբերի 30-ին հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր` SPACE խմբի համերգին:

- Հաճա՞խ եք Հայաստան գալիս:

-Ես իսկապես շատ եմ սիրում Հայաստանը: Երևանում լինում եմ եռամսյակը երկու-երեք անգամ: Դրանք հիմնականում գործնական այցելություններ են: Թեև իհարկե` ես ունեմ իմ սիրած վայրերը, որոնք միշտ փորձում եմ այցելել: Դա, օրինակ, Արարատի նախալեռն է, Խոր Վիրապը և Հայաստանի ամենայուրահատուկ վայրերից մեկը` Գառնին:

-Որակական ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բանկի ղեկավարը, որպեսզի կարողանա հասնել այսպիսի արդյունքների:

-Առաջին հերթին` բանկիրը պետք է իր գործում լինի ազնիվ, բաց և արհեստավարժ: Բոլորն էլ սխալներ անում են, անհաջողություններ լինում են: Բայց անհրաժեշտ է հաճախորդի հետ լինել ազնիվ և նրան բացատրել, թե ինչու է այս կամ այն բանը տեղի ունեցել: Նաև անհրաժեշտ է փոխշահավետ պայմաններ գտնել: Հաճախորդի հաջողությունը նաև մեր հաջողությունն է, մեր շահույթը և մեր իմիջը: Մենք պետք է այնպես աշխատենք, որ հաճախորդը բավարարված լինի:

-Այդպիսի բազմազբաղությամբ դժվար չէ՞ ընտանիքի, ընկերների համար ժամանակ գտնելը: Ի՞նչն է Ձեզ հնարավորություն տալիս առույգությունը պահպանել:

-Եթե հնարավորություն է ընձեռվում` փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս: Թեև սովորաբար ես տուն եմ գնում, երբ երեխաներն արդեն քնած են լինում: Չորս երեխա ունենք` երկու աղջիկ և երկու տղա: Բայց ես նրանց հետ անցկացնում եմ բոլոր հանգստյան օրերը: Որպես կանոն` այդ օրերին մենք մեկնում ենք ամառանոց: Կարծում եմ` կարևորն այն է, որ ընտանիքում լինեն սեր և ընկերություն: Պետք է լինեն նաև փոխադարձ հարգանք և ըմբռնում, որ յուրաքանչյուրն ունենա կյանքի իր ընկալումը: Բացի դա` հարկավոր է հաճախ միասին լինել, դա ամրապնդում է ընտանիքը: Ես սիրում եմ, որ ընկերներս հաճախ են մեզ այցելում, այդ պատճառով շաբաթ-կիրակի օրերին մեր տանը շատ հյուրեր են լինում: Ես շատ առույգ և համառ մարդ եմ: Եթե ինչ-որ ծրագիր եմ նախաձեռնում` անհրաժեշտության դեպքում կարող եմ գիշերները չքնել, որպեսզի այն իրականացնեմ: Լավ մարզավիճակում լինելուն օգնում է նաև սպորտը: Մարզաձևերից նախընտրում եմ ֆուտբոլը, վոլեյբոլը, թենիսը և լեռնային դահուկասահքը: Պատանեկությունից շատ սիրում եմ ջուրը, ծովը: Երբ արձակուրդում եմ լինում` աշխատում եմ որքան հնարավոր է` շատ լողալ:

-Ձեր դուստրերը ծնվել են Ֆրանսիայում: Երբ մեծանան` կնախընտրեք, որ ապրեն Ռուսաստանո՞ւմ, թե արտասահմանում:

-Արտասահմանում կարելի է կրթություն ստանալ, բայց ավելի լավ է` ապրեն Ռուսաստանում: Այն հիանալի երկիր է, հատկապես իր մարդկանցով: Արևմուտքում կյանքին այլ կերպ են մոտենում: Այնտեղ ամեն ինչը չափազանց պրագմատիկ է: Այնպես որ հուսամ` իմ երեխաները կապրեն Ռուսաստանում: Այստեղ ավելի հոգեհարազատ միջավայր է և ավելի մոտ իմ հայրենիքին` Հայաստանին:

-Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները գնային Ձեր հետքերով` զբաղվեին ֆինանսական գործունեությամբ:

-Այդ առումով ես լիովին դեմոկրատ եմ: Կարծում եմ, որ զավակներին սեփական հետաքրքրությունները և ապրելակերպը պարտադրելն այնքան էլ ճիշտ չէ: Կարելի է խորհուրդներ տալ, օգնել ուսումը կազմակերպելուն, բայց կյանքի ուղին ամեն ոք պետք է ինքն ընտրի: Ավագ որդիս, օրինակ, զբաղվում է ապահովագրական բրոքերական բիզնեսով, և դա նրան դուր է գալիս: Կարծում եմ` վատ ընտրություն չէ: Աշխատում եմ երեխաներին չճնշել, կարևորը, որ նրանք զբաղվեն այն գործով, որում կարող են առավելագույնս ինքնարտահայտվել:

«Հայաստանի զրուցակից»
30.10.09թ.

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ