Յունիբանկը նշում է իր 8-ամյակը

26.10.2009

Աշխարհահռչակ SPACE Խմբի աննախադեպ շոու-համերգ` նվիրված ՅՈՒՆԻԲԱՆԿԻ հիմնադրման 8-ամյակին

Ծննդյան տոնի կապակցությամբ «Յունիբանկ»-ը քաղաքին նվիրում է հանրահայտ SPACE խմբի ֆանտաստիկ համերգը, որը կկայանա Երեւանի քաղաքապետարանի հովանո ներքո: SPACE խումբը խոստանում է, որ հոկտեմբերի 30-ին ժամը 20:00-ին Մարզահամերգային համալիրը կվերածվի տիեզերական տարածության: Համերգը կուղեկցվի հզոր եւ տպավորիչ լազերային մեգա-շոուով: Այդ առիթով SPACE խմբի հիմնադիր եւ մենակատար Դիդյե Մարուանին պատասխանել է մեր հարցերին:

- Ինչպիսի՞ ծրագրով է Երեւան ժամանելու SPACE խումբը եւ հոկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ինչի՞ն է ականատես լինելու երեւանյան հանդիսատեսը:

- Առաջին հերթին կցանկանայի նշել, որ մենք անչափ ուրախ ենք այս համերգով Երեւանում հանդես գալուն, որովհետեւ շատ բարեխոսություններ ենք լսել ձեր երկրի եւ հատկապես հայերի մասին: Ֆրանսիայում բազմաթիվ հայեր են ապրում, որոնցից շատերը շատ հայտնի մարդիկ են: Իմ ճանաչողությամբ հայերը զգացմունքային շատ արժեքներ ունեն, որոնք բնորոշ չեն աշխարհի շատ ազգերի: Խոսքս հիմնականում ազգակցական եւ ներընտանիքային հարաբերությունների է վերաբերում: Երբ Շառլ Ազնավուրը «Pour toi Armenie» երգը ձայնագրելիս, ինձ մեծ պատվի արժանացնելով, հրավիրեց մասնակցելու այդ երգի ձայնագրմանը` ես անչափ երջանիկ էի այդ երգով հանդես գալով եւ ինչ-որ չափով օգնելով հայ ժողովրդին: Նշեմ, որ մենք կատարելու ենք հայ ժողովրդին շատ վաղուց հայտնի բոլոր ստեղծագործությունները, այդ թվում ` «Magic Fly», «Just Blue», «Symphony», «Running in the city» եւ շատ այլ հիթեր: Կլինեն նաեւ նոր ստեղծագործություններ` լազերային էֆեկտներով:

- SPACE խումբը շոու-բիզնեսի ամենաերկարակյաց խմբերից է: Ի՞նչն է ձեր հաջողության գաղտնիքը, եւ արդյո՞ք 80-ականների SPACE-ը տարբերվում է այսօրվա SPACE-ից:

- Երբ ես 1977թ.-ին ստեղծեցի SPACE խումբը, ապա նախընտրեցի այն անհատական ելույթներին: Պատճառն այն էր, որ այդ ժամանակ ես անձնապես պայմանագիր էի կնքել ձայնագրման ընկերության հետ, եւ երբ նրանք լսելով «Magic Fly» -ը, հրաժարվեցին թողարկել ձայնագրությունը, որակելով այն վատ ստեղծագործություն, իմ մեջ միտք հղացավ ստեղծել խումբ եւ ներկայացնել այն տիեզերագնացի հագուստներով, որպեսզի ոչ ոք չկարողանա ճանաչել ինձ: Մենք վաճառեցինք «Magic Fly»-ի ավելի քան 7 միլիոն սկավառակ ամբողջ աշխարհով մեկ:

Այդ տարիներից ի վեր SPACE-ի հետ ստեղծագործելով ես փորձեցի առավելագույնս արտահայտել եւ ներկայացնել իմ երաժշտությունն ու զգացմունքայնությունը: Ես աշխատում եմ ֆրանսիայի ամենալավ երաժիշտների հետ եւ միշտ փորձել եմ ընտրել շատ տաղանդավոր, բայց նաեւ շատ մարդկային հատկություններով մարդկանց: Ես ատում եմ մարդկային վատ հարաբերություններն ու ընդհարումները: Խմբի ստեղծումից` 1977թ.-ից սկսած ես ստիպված եմ եղել փոխել ոչ քիչ երաժիշտների եւ տեխնիկների, փորձելով միշտ միասնական պահել SPACE ընտանիքը: Երբեք չես իմանա, թե ինչն է հաջողության գաղտնիքը: Ինձ համար միակ կարեւորը՝ ձեռքբերված արժեքները պահպանելն ու անընդհատ ստեղծագործելն է:Ես երբեք չեմ աշխատել շատ վաստակելու ակնկալիքով, ստեղծագործական աշխատանքը ինձ համար կիրք է: Ես երբեմն աշխատում եմ օրվա մեջ 19 ժամ, բայց դա ինձ համար դժվար չէ: Անգամ եթե քո ստեղծագործությունները լսում են 1000 հոգի, դա արդեն լավ է, դու հնարավորություն ունես ինքնադրսեւորվելու: Եթե քեզ լսում են միլիոնավոր մարդիկ, ապա դա հիանալի է, բայց կարեւորը քո ներաշխարհը արտահայտելն է: Լավ ապրելն իհարկե կարեւոր է, բայց արտիստը հնարավորություն ունի ստեղծագործելու եւ իր ոգեշնչվածությունն ու զգացմունքները հանդիսատեսին հասցնելու, եւ ամենամեծ հաճույքը դա է: Ես երբեք չեմ փորձել հետեւել երաժշտական նորամուծություններին, բայց ես շարունակում եմ առաջ ընթանալ իմ երաժշտական ուղիով, ունենալով բացառիկ հնարավորություն, որ հասարակությունը մշտապես հետեւում է ինձ եւ մինչ այժմ գնահատում իմ երաժշտությունը: Ինձ համար առավել հաճելի է, երբ համերգներին ներկա են լինում երկու սերունդի ներկայացուցիչներ: Իմ երաժշտությունը 80-ականերից սկսած հիմնված է մեղեդիների վրա, որն ինձ համար երաժշտության մեջ ամենակարեւորն է, եւ ես անչափ ուրախ եմ, որ այն մինչ հիմա գնահատվում է: Ես նոր եմ վերջացրել SPACE-ի նոր` «From Eearth to Mars» ալբոմի ձայնագրությունը եւ mix-ը, որը կթողարկվի հունվարին: Այս ալբոմի մեջ տեղ են գտել երկու ստեղծագործություններ, որոնք հիանալի կատարում է Մեդելին Բելլը:

- Դուք ինչպե՞ս անցաք էլեկտրոնային երաժշտությանը եւ ինչու՞ ընտրեցիք հատկապես տիեզերական թեման: Ինչպե՞ս եք ստեղծում Ձեր երաժշտությունը: Արդյո՞ք Ձեր բարձրագույն դասական երաժշտական կրթությունը ազդում է ստեղծագործական աշխատանքի վրա:

- Մանկությունից սկսած ես հիանում էի տիեզերական ձեռքբերումներով: Ես հիշում եմ, երբ դեռ փոքր էի, երբ Գագարինը թռավ տիեզերք, դա ինձ համար կախարդական ինչ-որ հրաժշք էր: Սակայն, խոստովանում եմ, որ ոչ թե ես ընտրեցի տիեզերական երաժշտությունը, այլ տիեզերական երաժշտությունն ընտրեց ինձ: Ոչինչ նախապես չի պլանավորվել: 1976թ.-ին Ֆրանսիայում շատ հայտնի աստղագետ մի կին խնդրեց ինձ աստղագիտության եւ մոլորակների վերաբերյալ իր պատրաստած հեռուստատեսային ծրագրերի շարքի համար գրել երաժշտություն: Այդ ժամանակ ես լսում էի Tangerine Dream եւ Kraftwerk, եւ այնքան տպավորված եւ ազդված էի սինթեզատորների այդօրինակ հնչյուններով, որ որոշեցի ձայնագրել հեռուստատեսության ծրագրի այդ երաժշտական թեման: Կանխագուշակել ստեղծագործական պրոցեսն ու արդյունքը ես չեմ կարող, միայն գիտեմ, որ հանկարծ երաժշտություն եմ լսում, որը հայտնվում է իմ գլխում եւ ես արագորեն այն գրի եմ առնում, նախքան այն կհայտնվի մեկ այլ կոմպոզիտորի գլխում: Իմ դասական գիտելիքներն անշուշտ ազդում են իմ ստեղծագործության վրա: Ես հինգ տարեկանից սկել եմ ստեղծագործել: Կարծում եմ, որ բոլոր լուրջ ստեղծագործողներն էլ ոգեշնչվում են իրենց անվանի նախորդներով, ինչպիսիք են Շոպենը, Մոցարտը Բեթհովենը եւ այլոք: Նրանք ինձ ցույց են տվել իր սեփական երաժշտությունն արտահայտելու ուղին, իսկ Փոլ Մաքարտնին, Էլթոն Ջոնը ինձ տվեցին մեղեդու պատկերացումները: Իմ հարմոնայի դասախոսը Փարիզի կոնսերվատորիայում այն հարցին, թե որտեղից է գալիս ոգեշնչվածությունը տվեց երեւի թե ամենադիպուկ պատասխանը. «Դա այն ամբողջ երաժշտությունն է, որ դու լսել ես քո մանկությունից սկսած, եւ որը գալիս է քո անձնական ներաշխարհում զտվելուց հետո»:

- Հայաստանը ՍՍՀՄ-ի մի մասն է եղել, եւ Դուք արեւմտյան այն խմբերի շարքում եք, որոնք մուտք են ունեցել «փակ» երկիր: Դուք վայելեցիք ժողովրդի համընդհանուր համակրանքն ու սերը: Երաժշտության մեջ նոր դարաշրջան բացվեց, հատկապես փոփոխվեց էլեկտրոնային երաժշտությունը: Ինչպես է փոխվել հանդիսատեսը այդ ժամանակահատվածում:

- Ինձ համար 1983թ.-ի ամենաառաջին համերգաշրջանը ԽՍՀՄ-ում թերեւս իմ կյանքի ամենամեծ փորձությունն էր: Այդ ժամանակ այդ մեծ երկիրը փակ էր եւ գրեթե չէր ընդունում արեւմտյան արտիստների: Համերգաշրջանը ապշեցուցիչ հաջողություն ունեցավ: 21 համերգների ընթացքում 600 հազարից ավելի մարդ ցանկացավ մեզ տեսնելու եւ լսելու: Կարծում եմ, որ դա ավելին է, քան համերգը. դա մի հսկայական սոցիալական միջոցառում էր, նրանք եկել էին ոչ միայն առաջին անգամ ԽՍՀՄ-ում լազերային էֆեկտներ դիտելու, այլ լսելու ազատ եւ առանց նախապայմանների երաժշտություն: Նրանք միգուցե գիտակցում էին, որ աշխարհը փոխվում է եւ որ մարդկային ազատությունը հնարավոր է: Հպարտ եմ, որ իմ երաժշտությունը մարկանց մեջ արթնացնում է երազանք:

- Ի՞նչ կարող են ակնկալել ձեր հայ երկրպագուները համերգից:

- Դա լիովին նոր համերգ է լինելու, նոր լազերային էֆեկտներով: Կհնչեն հասարակությանը արդեն ծանոթ ստեղծագործություններ, ինչպես նաեւ նորերը, ինչպիսիք են «Earth to Mars» ալբոմի ստեղծագործությունները: Հուսով եմ, որ հայ հանդիսատեսը կզգա մեր սերը դեպի Հայաստանը, եւ մեր առաջին համերգը հաճույք կպատճառի հայ ժողովրդին, եւ կրկին կայցելենք Երեւան` հաջորդ համերգով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ