Վարկային պատմության և սքորի վերաբերյալ

Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորելու ժամանակ օգտագործում է հաճախորդների վարկարժանության գնահատման  սեփական համակարգերը։ Բանկում գործող սքորինգային համակարգը կազմված է մեքենայական ուսուցման միջոցով։ Սքորի վրա ազդեցություն են ունենում հաճախորդի վարկային պատմությունը, վարկային պատմության երկարությունը, վարկային բեռը, ժամկետանց վարկերի առկայությունը, ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը։
Վարկի դիմելու պահին երկար վարկային պատմություն և վարկային ցածր բեռ ունենալը մեծացնում է, իսկ բացասական վարկային պատմության առկայությունը նվազեցնում է  վարկ ստանալու հավանականությունը։ Վարկի համար դիմելու պահին գործող ժամկետանց կամ դասակարգված պարտավորության դեպքում հայտը մերժվում է։
Վարկային հարցումների քանակը և հաճախականությունը չի նվազեցնում հաճախորդի՝ Յունիբանկի սքորը, սակայն, միևնույն ժամանակ կարող է նվազեցնել այլ բանկերի կողմից օգտագործվող սքորը /ԱՔՌԱ կամ Ֆայկո սքորը/։  
 
Ի՞նչ է վարկային պատմությունը
 
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
 
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
 
Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
 
Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները, չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները, վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը:
 
Քանի տարվա տվյալներ են ներառված  վարկային պատմությունում
 
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:
 
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է       ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի           վարկային տեղեկատվություն»:
 
Ինչու է կարևոր վարկային պատմությունը  
 
Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ վարկը: 
 
Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
 
Ինչպես ձևավորել լավ վարկային պատմություն  
 
Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարեք ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները: Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ: Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր: Ժամանակին կատարեք ձեր կոմունալ վճարները,(գազ, էլեկտրոէներգիա, ջուր, բջջային հեռախոս և այլ):
 
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
 
Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը: Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
 
Ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.abcfinance.am կայքի «Վարկային պատմություն. հակիրճ ամենակարևորի մասին» էջը և/կամ www.acra.am կայքի «Հաճախ տրվող հարցեր» էջը: