Բիզնես վարկավորման նոր ծրագիր «Յունիբանկ»-ից

11.10.2009 Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը «Յունիբանկ»-ի համար միշտ էլ հանդիսացել է զարգացման առաջնահերթ ուղղություններից  մեկը: Կուտակված փորձը եւ տեխնոլոգիաների իմացությունը հնարավորություն է տալիս բանկին ձեռնարկություններին տրամադրել համալիր սպասարկում եւ գործիքների լայն տեսականի: «Մեր մրցակցային առավելությունները` մատչելի ֆինանսական ռեսուրսներն են, ինչպես նաեւ մասնաճյուղային խոշոր ցանցը` 31 մասնաճյուղ», -ասում է Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը: «Բարդ տնտեսական պայմաններում մենք փորձեցինք մեր բիզնես ծրագիրը կազմել հաճախորդների համար առավելագույնը շահավետ: Մենք չենք գանձում տույժեր վարկի վաղաժամկետ մարման համար եւ չունենք թաքցված միջնորդավճարներ»:

Որպես ֆինանսավորման գործիք «Յունիբանկ»-ն առաջարկում է վարկեր արտադրության ընլայնման, սարքավորումների փոխարինման, շրջանառու միջոցների համալրման եւ բիզնեսի հետ կապված այլ նպատակների համար: Փոքր եւ միջին բիզնեսի համար վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դոլար: Խոշոր հաճախորդներին տրամադրվում են մինչեւ 4,5 մլն դոլար վարկեր: «Յունիբանկ»-ի առավելություններից է երկարաժամկետ վարկը. փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկը կարող են ստանալ մինչեւ 5 տարի ժամկետով:  Տարեկան տոկոսադրույքը կազմում է 15%-ից մինչեւ 22%:

Առանձին  գործում է վարկային ծրագիր «ռուսական վարկի» շրջանակներում: Այս բիզնես-վարկերի պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը` 15%, ժամկետը` 5 տարի, վարկի գումարը փոքր եւ միջին բիզնեսի համար` մինչեւ 50 մլն դրամ, իսկ վերամշակող եւ մթերող կազմակերպությունների համար` մինչեւ 500 մլն դրամ:

Բանկը սկսել է նաեւ տրամադրել նոր ծառայություն` «Բիզնես-լոմբարդ» վարկ, որը նպատակաուղղված է բիզնեսի գործարկման համար:  Վարկերի տրամադրումը իրականացվում է առանց ֆինանսական վերլուծության` խանութների գրավադրմամբ: Վարկը  տրամադրվում է ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, վարկի ժամկետը` 24 ամիս: Վարկի գումարը կազմում է 50 հազար դոլար:

Իր պարտաճանաչ վարկառուներին բանկը առաջարկում է օգտվել էքսպրես վարկից: «Այս գործիքի անվանումը` «Արագ վարկ»-ը,  ինքն իր մասին արդեն խոսում է: Վարկը տրամադրվում է ընդամենը 2-3 օրվա ընթացքում: «Արագ վարկը» տրամադրվում է առանց լրացուցիչ ֆինանսական վերլուծության` նախորդ տարի մարված գումարի 1,5 պատիկի չափով, բայց ոչ ավելի քան 30 հազար դոլարը: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, մարման ժամկետը` 3 տարի»,- նշեց Արա Ավագյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ