«Յունիբանկ»-ի օժանդակությամբ կթողարկվեն Գարի Քյոսայանի ձայնասկավառակները

22.12.2009 Նոր տարվա շեմին «Յունիբանկ» ՓԲԸ-ի անմիջական օժանդակությամբ կթողարկվի կոմպոզիտոր Գարի Քյոսայանի «Յոթ գույն» խորագրով մանկական երգերի, իսկ  2010թ.-ին` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմականացման համար գրված ստեղծագործությունների ձայնասկավառակները:    Մանկական երգերում կոմպոզիտորին հաջողվել է առանձնակի խորությամբ արտահայտել մանուկներին հատուկ անմիջականությունը, պարզությունն ու անհոգությունը: Սկավառակն առանձնանում է գունեղ  մեղեդիներով, որոնց ջերմությունն ու ներքին տրամադրությունը դրական զգացումների բուռն լիցք են հաղորդում ունկնդրին:  
«Մուսա լեռան 40 օրը» վեպի բեմադրության երաժշտությունն արդեն իսկ քաջածանոթ է հայ հանդիսատեսին: Բեմադրության պրեմիերան տեղի  է ունեցել այս տարվա հոկտեմբերին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` լեփ-լեցուն դահլիճում: Վեպի բեմականացումն իրականացրել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:
Հատուկ այդ նպատակով Գարի Քյոսայանի գրած երաժշտությունը բաղկացած է չորս պայմանական մասերից, որոնցից ամեն մեկը խորհրդանշում է վեպի հերոսների կյանքի այս կամ այն ժամանակահատվածը: Սկսվելով խաղաղ կյանքը պատկերող վալսի հնչյուններով, անցում կատարելով դեպի կոտորածը,  սպանդն ու պայքարը, երաժշտությունն ավարտվում է ապագայի նկատմամբ հույս եւ հավատ ազդարարող շեփորի «երգով»:
Գարի Քյոսայանը հայաստանյան եւ արտերկրի արվեստասեր հասարակությանն առավել  հայտնի է որպես ջազի կոմպոզիտոր: Լոս Անջելեսում մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում 1998 թվականին նրա ստեղծած ջազի «Gary Kesayan Jazz Quartet» խումբը, որը հանրահայտ երաժիշտների ամենահաջողված համադրություններից մեկն է: Խմբի կազմում են  ջազի վարպետներ Գարներ Թոմասը եւ Ռիչարդ Թեյլորը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, խումբը  ամեն տարի համերգներով հանդես է գալիս  նաեւ Երեւանում: Համերգների ժամանակ հնչում են ամերիկյան ջազի  գլուխգործոցները եւ Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, այդ թվում` հանրահայտ «Ծիրանի ծառը»:
Ջազի հետ Գարի Քյոսայանի հանդիպումը պատահական, բայց եւ ի վերուստ ասես կանխորոշված էր:  Չայկովոսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սերգեյ Քյոսայանի հնգամյա որդին` Գարին,  առաջին անգամ ջազ լսեց դերասան Կարեն Ջանիբեկյանի տանը: Տարիներ անց` 1980 թվականին,  Երեւանում նա ստեղծեց առաջին միջազգային ջազ ակումբը` «Ինտերջազկլուբը»: Հրավեր ստանալով ԱՄՆ-ից, Գարի Քյոսայանը մեկնում է Լոս Անջելես` կատարելագործելու իր վարպետությունը: Այժմ կոմպոզիտորը բնակվում եւ աշխատում է հայրենիքում:  Գարի Քյոսայանը ղեկավարում է Mezzo Classic House ակումբի գեղարվեստական մասը:
Ինչպես նշում է «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան թերթը, Գարի Քյոսայանի երաժշտությունը թարմ շունչ է ջազային երաժշտության մեջ: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ եւ ստեղծագործական դարձվածքաբանության նորամուծական մեթոդներ: Նրա երաժշտությունը ունկնդրին  ուղեկցում է դեպի գեղեցիկը եւ հավերժը` միշտ մնալով թարմ եւ նորաշունչ: Նրա ստեղծագործություններից ճառագում են  հոգեկան բավարարվածություն եւ էմոցիոնալ հավասարակշռություն` զուգահեռվելով ժամանակի նշանավոր  ստեղծագործությունների հետ: Իզուր չէ, որ Գարի Քյոսայանի առաջին` «Քեզ համար», ալբոմը 1998 թվականին թողարկվելով ԱՄՆ-ում, դարձել է  տարվա լավագույն ջազային ալբլոմ, իսկ ինքը` կոմպոզիտորը, ճանաչվել  ԱՄՆ-ի լավագույն ջազ երաժիշտը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ