IFC և BSTDB Յունիբանկին կտրամադրեն 10 մլն ԱՄՆ դոլար ՓՄՁ-ների վարկավորման ընդլայնման համար

19.12.2013


Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն “Յունիբանկ” ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր:

Համագործակցության պայմանագրի շրջանակներում, IFC-ն և BSTDB-ն Յունիբանկին կհատկացնեն յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին կմատուցի նաև խորհրդատվական ծառայություններ:

IFC-ի և BSTDB-ի նման միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրերը համահունչ են բանկի ռազմավարությանը` դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ վարկառուների համար: “Միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ, բանկը հնարավորություն կստանա ընդլայնելու բիզնես վարկավորման ծրագիրը` բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Վարկային միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների հետագա առաջխաղացմանը, ինչը կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության զարգացմանը”, - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Մասնավոր հատվածը հանդիսանում է IFC-ի և BSTDB-ի առաջնահերթություններից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

“Մենք որախ ենք արձանագրել, որ այսօր սկսում ենք համագործակցություն Յունիբանկի հետ: ՓՄՁ-ների համար հասանելի կդառնան երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ և կմաշկվի ռիսկերի կառավարման նոր համակարգ”,- նշեց IFC-ի ներդրումների գծով ավագ համակագող Արման Բարխուդարյանը:
“Ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը դիտվում է որպես հիմնական խոչընդոտ մասնավոր հատվածի զարգացման համար, որն էլ, իր հերթին, առանցքային է աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Մեր համագործակցությունը Յունիբանկի հետ հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորումը տնտեսության աճը խթանող տարբեր ոլորտներում”,- ասում է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող IFC-ի բանկային խորհրդատվական ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման բանկի կողմից:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի: IFC- ի վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org; www.facebook.com/IFCwbg

BSTDB-ի մասին

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկի քաղաքում: ՍԱԶԲ-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համա•ործակցությանը, տրամադրելով վարկեր, վարկային gծեր և երաշխիքներ անդամ երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45 մլրդ Եվրո: ՍԱԶԲ-ին շնորհվել է Standard and Poor’s-ի կողմից երկարաժամկետ “A-” վարկանիշը և Moody’s-ի կողմից A3 վարկանիշը: ՍԱԶԲ-ի վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք www.bstdb.org:

“Յունիբանկ” ՓԲԸ-ի մասին

“Յունիբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղերով, որոնք հաճախորդներին մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը` ավանդների ընդունում, բիզնես և սպառողական վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և այլն: Բանկի ակտիվների ծավալը գերազանցել է 150 մլրդ ՀՀ դրամը, կապիտալը` 18 մլրդ դրամը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով
  • Յունիբանկը նշեց հիմնադրման 12-ամյակը
  • Ապառիկ հեռախոս` երեք զրոներով
  • Յունիբանկն ավարտեց PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացման գործընթացը
  • Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 14%
  • Աշխատանքային ժամերի փոփոխություն “Օպերա” և “Կենտրոն” մասնաճյուղերում
Տեսնել բոլորը