Յունիբանկի պարզաբանումները

15.04.2014

31 մարտի 2014թ.-ին ռուսաստանյան ՌԵԳՆՈՒՄ ԼԳ-ի կայքէջում հրապարակվել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի ընդարձակ հարցազրույցը «Կռվելու եմ մինչև վե՛րջ» («Буду драться до конца!») խորհրդանշական վերնագրով: Հարցազրույցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ պնդումներ և սադրիչ արտահայտություններ՝ Յունիբանկի և դրա ղեկավարության հասցեին:

Հաշվի առնելով ռեստորանատիրոջ անթույլատրելի պահվածքը, Յունիբանկը՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից, 11 ապրիլի 2014թ.-ի կից գրությամբ Մանվել Տեր-Առաքելյանին է հանձնել «Բանկի հրապարակային պատասխանի» նախագիծը՝ 15 ապրիլի 2014թ.-ին տարածման նախազգուշացմամբ: Միաժամանակ ռեստորանատիրոջը ընձեռվել է մինչև 14 ապրիլի 2014թ. ավարտը՝ հրապարակային ներողություն ու հերքում տարածելու միջոցով, սեփական սխալներն ինքնուրույն ուղղելու հնարավորություն, որի պարագայում Յունիբանկը հանձն է առել ձեռնպահ մնալ պատասխանով հանդես գալուց: Այդ մասին Յունիբանկի մամլո հաղորդագրությունը տարածվել է նույն օրն առավոտյան:

Ավաղ, Յունիբանկի քայլերը հավուր պատշաճի չեն գնահատվել ռեստորանատիրոջ կողմից: Նա ռեստորանի ֆեյսբուքյան էջում զետեղել է սադրիչ հարցազրույցի խմբագրված տեքստը՝ բաց թողնելով սպառնալի վերնագիրը ու սադրիչ վիրավորանքները: Բացի այդ, Մանվել Տեր-Առաքելյանը կրկին փորձել է աղմուկ բարձրացնել մամուլում՝ տարածելով ինքնահակասական ստահոդ տեղեկություններ վեճի հանգամանքների վերաբերյալ: Ի լրումն, ռեստորանատերը հայտարարել է, թե իբր երբևէ չի վիրավորել բանկի ղեկավարությանը և բացարձակ անհիմն մեղադրել է Յունիբանկին իրեն սպառնալիքներով լի գրություն ուղարկելու մեջ:

Հաշվի առնելով ռեստորանատիրոջ համառությունը սեփական սխալներում և նոր ստահոդ հայտարարությունները՝ Յունիբանկը 15 ապրիլի 2014թ.-ին դիմել է ՌԵԳՆՈՒՄ ԼԳ-ին պատասխանը հրապարակելու դիմումով: ՌԵԳՆՈՒՄ ԼԳ-ն հանձն է առել հրապարակել Բանկի պատասխանը սեփական կայքում՝ որոշ խմբագրական փոփոխություններով նույն օրը, որն էլ ներկայացնում ենք հանրության ուշադրությանը:

Բացի այդ, գրության բովանդակության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու նպատակով, հրապարակում ենք Յունիբանկի 11 ապրիլի 2014թ. գրության տեքստը, ինչպես նաև Հավելված 1-ը՝ Մանվել Տեր-Առաքելյանին առաջարկված «Հրապարակային ներողության և հերքման տեքստը»: Ցանկացած անձ կարող է համոզվել, որ Բանկի գրությունը չի պարունակում որևէ «սպառնալիք», այլ պարունակում է ընդամենը հերքման տարածման պահանջ և Հավելված 2-ում շարադրված պատասխանի տարածման նախազգուշացում: (Հավելված 1-ում մգացված են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և պատճենների հասցեատերերի տվյալները:)

Ցավոք, բանկը չի կարող հրապարակել Մանվել Տեր-Առաքելյանի հետ ողջ գրագրությունը, ինչը թույլ կտար լիարժեք բացահայտել խնդրի իրական պատկերն առ այն, որ Բանկը ոչ միայն երբևէ չի խոչընդոտել պարտքի մարմանը, այլ մշտապես պահանջել է մարել պարտքը և պատրաստ է եղել ընդունել պարտավորության ցանկացած կատարում:

Փաստերը խեղաթյուրելու ռեստորանատիրոջ քայլերը միտված են հանրության մոտ թյուր կարծիք ստեղծելուն և դատական գործընթացները ձգձգելուն` վարկերի մարումից խուսափելու նպատակով: Հիշեցնում ենք պարոն Տեր-Առաքելյանին, որ պարտքը ենթակա է անվերապահ մարման և Յունիբանկի վարկաբեկման ապարդյուն փորձերը երբևէ չեն կարող ազատել վարկի մարման պարտավորությունից: Յունիբանկն ամենայն հետևողականությամբ հետամուտ է լինելու վարկերի վերադարձմանը ողջ ծավալով: Յունիբանկը հորդորում է Մանվել Տեր-Առաքելյանին ձեռնպահ մնալ տնտեսական վեճն անձնավորելու փորձերից և այսուհետ գործել բացառապես իրավական դաշտում:

«Յունիբանկ» ՓԲԸ

Հետգրություն. Հաշվի առնելով հարցի նկատմամբ հանրային ուշադրությունը, Յունիբանկը պատրաստել է մի շարք պարզ հարցեր, որոնք լրագրողները կարող են ինքնուրույն առաջադրել ռեստորանատիրոջը: Վերջինս կաշկանդված չէ բանկային գաղտնիքով, ուստի, հուսով ենք, որ չի խուսափի պատասխանելուց: Վստահ ենք, որ դա պարզորոշ կբացահայտի ռեստորանատիրոջ հարուցած վեճի արհեստածին ու սին բնույթը:

Քաղվածք` Բանկի 11.04.2014թ. գրությունից
Հավելված 1
Յունիբանկի պատասխան հրապարակումը REGNUM ԼԳ կայքում

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկ. կոչ ենք անում «Հին Էրիվան»-ի սեփականատիրոջը մարել վարկը, այլ ոչ թե մամուլում աղմուկ բարձրացնել
  • Ուշադրություն` փոփոխություն “Կոմիտաս” մասնաճյուղի աշխատանքային ժամերում 28.03.14թ.-ին
  • Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր
  • Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. IFC-ն բանկին կհատկացնի ևս 5 մլն ԱՄՆ դոլար
  • Հայտարարություն
  • Յունիբանկը թևակոխել է բիզնես գործընթացների ավտոմատացման նոր փուլ
Տեսնել բոլորը