«Յունիբանկի» բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի B հարթակում

14.06.2016

2016թ.-ի հունիսի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Գործընթացը հնարավորություն է տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում` բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%: Հիշեցնենք, որ տեղաբաշխման ներկայացվել էր 5,2 մլրդ ՀՀ դրամ գումարի մոտ 22,7 մլն հասարակ անվանական բաժնետոմսեր:

Հաշվի առնելով ներդրողները զգալի հետաքրքրությունը «Յունիբանկի» բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, 2016թ.-ի մայիսին բանկը սկսեց բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` www.unibank.am և corp.unibank.am:

2016թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ.-ի առաջին եռամսյակում ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվեց
  • Այսօր Յունիբանկը կավարտի պարտատոմսերի տեղաբաշխումը
  • Յունիբանկը բաժնետերերին ներկայացրեց 2015թ.-ի Տարեկան հաշվետվությունը
  • «Ժողովրդական բանկ». Յունիբանկի բաժնետոմսերի երրորդ թողարկում և Բաժնետերերի տարեկան ժողով
  • Դիտեք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանի և ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանի հարցազրույցը բաժնետոմսերի նոր թողարկման մասին
  • «Յունիբանկը» ամփոփեց 2015թ.-ի արդյունքները
Տեսնել բոլորը