Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր շահավետ ներդրումային առաջարկից

09.07.2026

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր շահավետ ներդրումային առաջարկից

Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Բանկի ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ։

Յունիբանկի բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն օգտվելու բաժնետոմսերի արժեքի հնարավոր աճից, այլև ստանալու շահութաբաժիններ։ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով: Աճել է նաև Բանկի բաժնետերերին վճարվող շահութաբաժինների ծավալը: Եթե 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամ, ապա 2024 թվականի արդյունքներով՝ 7,8 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի արդյունքներով՝  9,3 մլրդ դրամ:

Միաժամանակ Յունիբանկը հատուկ իր բաժնետերերի համար՝ անկախ բաժնետոմսերի դասից, իրականացնում է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսերի տեղաբաշխում։ Անժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13,25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում ամենագրավիչ առաջարկներից մեկը։ 36 ամսից հետո պարտատոմսերի եկամտաբերությունը կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները նույնպես կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ մասնակցելով Բանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։

Բանկի բաժնետերերին՝ կախված ձեռքբերված բաժնետոմսերի ծավալից, Յունիբանկն անվճար տրամադրում է նաև պրեմիում դասի Visa կամ Mastercard քարտեր:

«Յունիբանկի բաժնետոմսերի նախորդ թողարկումների հաջող տեղաբաշխումները վկայում են մեր ընտրած զարգացման ռազմավարության նկատմամբ ներդրողների վստահության մասին։ Բանկի՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։ Այս անգամ մենք շուկային ներկայացրել ենք Հայաստանի համար նոր՝ հիբրիդային ներդրումային առաջարկ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսեր և բարձր եկամտաբերություն ունեցող անժամկետ պարտատոմսեր։ Այս մոդելը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները և օգտվել երկու ֆինանսական գործիքների առավելություններից։ Լինելով հրապարակային ընկերություն՝ մենք առաջնորդվում ենք թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշներով՝ շարունակաբար ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի համար»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ։ Բանկի ակտիվները կազմել են գրեթե 400 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264,6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով, իսկ կորպորատիվ վարկային պորտֆելը՝ 37%-ով։

2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343,6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը շարունակաբար ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ՝ ստեղծելով ժամանակակից ֆինանսական հարթակ, որն ապահովում է Բանկի կայուն աճն ու մրցունակությունը։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026թ.-ի մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։

Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
    Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
  • Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
    Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
  • Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.07.2026թ.-ից
    Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.07.2026թ.-ից
  • Ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման նպատակով Յունիբանկը   գործարկել է «Ստոպ» գործիքներ
    Ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման նպատակով Յունիբանկը գործարկել է «Ստոպ» գործիքներ
  • Փոփոխություններ և լրացումներ hաշիվների բացման, սպասարկման, փակման և կանխիկով գործառնությունների սակագներում 13.07.2026թ.-ից
    Փոփոխություններ և լրացումներ hաշիվների բացման, սպասարկման, փակման և կանխիկով գործառնությունների սակագներում 13.07.2026թ.-ից
  • Փոփոխություն SWIFT և միջբանկային փոխանցումների սակագներում 13.07.2026թ.-ից
    Փոփոխություն SWIFT և միջբանկային փոխանցումների սակագներում 13.07.2026թ.-ից
Տեսնել բոլորը