Հայաստանում բացվել է «Յունիռեսո» ապահովագրական նոր ընկերություն:
11.11.2008 Նոյեմբերի 12-ին Երևանում կկայանա «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության բացման պաշտոնական արարողությունը: Ընկերության հիմնադիրներն են ռուսաստանյան ապահովագրական շուկայի առաջատար «Ռեսո-Գարանտիա» ընկերության հիմնադիր Սերգեյ Սարկիսովը եւ «Յունիբանկ»-ի ու «Յունիաստրում Բանկ»–ի համասեփականատեր Գագիկ Զաքարյանը, ով ներդրումային ծրագրեր է իրականացնում նաեւ հայաստանյան այլ նախագծերում, մասնավորապես «Ամիրյան Պլազա» բազմաֆունկցիոնալ կենտրոնում:Նորաստեղծ «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 570 մլն ՀՀ դրամ:
Առաջիկա տարիների համար ընկերության հեռանկարային զարգացման ռազմավարությունն ուղղված կլինի «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ի կայացմանը` որպես Հայաստանի առաջատար, առավելագույնս ունիվերսալ և պահանջարկ վայելող ապահովագրական ընկերություններից մեկը: «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ն ծրագրում է դառնալ հանրապետության առաջին մանրածախ ապահովագրական ընկերությունը, որի հիմնական գործունեությունն անմիջականորեն ուղղված կլինի ֆիզիկական անձանց սպասարկմանը:
«Ռեսո Գարանտիա»-ի հաջող փորձի և տեխնոլոգիական հնարավորությունների կիրառումն արդեն իսկ ենթադրում են ընկերության կողմից առաջարկվելիք ապահովագրության պայմանների համապատասխանություն միջազգային չափանիշներին, ապահովագրական շուկայի ժամանակակից միտումներին և պահանջներին: Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը` տնտեսության ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ, կապահովի հաճախորդների անհատական պահանջներին և ակնկալիքներին առավելագույնս համապատասխանող որակյալ ծառայությունների ներդրում:
Ներկայումս «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի մասնագետների կողմից մշակվում է առանձնակի պահանջարկ ունեցող ապահովագրական ծառայությունների մեծ փաթեթ` նախատեսված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այժմ ընկերության համար ապահովագրության գերակա դասերն են ցամաքային տրանսպորտի, գույքի` հրդեհից և բնական աղետներից, այլ վնասներից ապահովագրումը, դժբախտ պատահարներից ապահովագրումը, և փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրումը: Հաջորդ տարվանից «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ն ծրագրում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շարքը, մասնավորապես` հաճախորդներին առաջարկելով օժանդակության ապահովագրություն, որն ապահովում է ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական կեցության վայրից հեռու գտնվող մարդկանց աջակցության տրամադրումը, ընդհանուր պատասխանատվության և ցամաքային ավտոտրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, ինչպես նաև գնահատողների, անշարժ գույքի գործակալների, տրանսպորտային ընկերությունների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն:
Հանրապետությունում շինարարության արագ տեմպերը ընկերության համար լայն հնարավորություն են ստեղծում շինարարական-մոնտաժային ռիսկերի համալիր ապահովագրման ծրագրերի իրականացման համար: Հետագայում «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ի գործունեության կարևոր ուղղությունը կդառնա բժշկական ապահովագրությունը ևս:
Ընկերության զարգացման առանցքային ոլորտ է համարվում նաեւ հաճախորդների համալիր սպասարկման ապահովումը: Այս առումով «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ն ակտիվորեն կզարգացնի գործընկերային ծրագրեր` համագործակցություն հաստատելով ֆինանսաբանկային կազմակերպությունների, արտադրական, շինարարական, տրանսպորտային ընկերությունների, տուրիստական գործակալությունների, բժշկական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների հետ:
Հայաստանի ողջ տարածքում ծառայությունների հասանելիության մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով` ընկերությունը մտադիր է իր ներկայությունն ապահովել երկրի բոլոր շրջաններում: «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ի` մար¬զերում հետագա առաջխաղացման քաղաքականությունը ենթադրում է ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում մասնաճյուղային լայն ցանցի ստեղծում:
«ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ի վստահելի և կայուն գործունեությունը կապահովվի վերաապահովագրական որակյալ ծրագրերով և արտասահմանյան հանրաճանաչ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությամբ: Ռիսկերի վերաապահովագրության հարցում ընկերությունը գործընկերների ընտրության կարևոր չափորոշիչ է համարում նրանց ֆինանսական կայունությունն ու համբավը, ինչն արտահայտվում է վերաապահովագրողների միջազգային բարձր վարկանիշային գնահատականներում: «ՅՈՒՆԻՌԵՍՈ»-ի համար վերաապահովարության հիմնական թիրախային շուկաները եվրոպական, այդ թվում և անգլիական ու ռուսական ապահովագրական շուկաներն են:
«Ռեսո-Գարանտիա» ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: Ընկերությունն ունի 800-ից ավելի վաճառքի գրասենյակներ Ռուսաստանի բոլոր շրջաններում և ավելի քան 19 000 ակտիվ գործող ապահովագրական գործակալներ: Հավաքագրած վճարների ծավալով «Ռեսո-Գարանտիա»-ն դասվում է ռուսաստանյան առաջատար ապահովագրական ընկերությունների թվին:
«Ռեսո-Գարանտիա»-ն ունի լիցենզիա ապահովագրության 104 տեսակների և վերաապահովագրական գործունեության համար: Ընկերության ծառայություններից օգտվում են ավելի քան 3.6 միլիոն կորպորատիվ և մանրածախ հաճախորդներ: Վերաապահովագրական ծրագրերում «Ռեսո-Գարանտիա»-ի գործընկերներն են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Swiss Re-ն, General Re-ն, Munich Re-ն, SCOR-ը, Hannover Re-ն, AXA Re-ն, Lloyd’s-ի սինդիկատները:
Ծանոթացեք նաեվ
-
Ջիվան Գասպարյանը նշում է իր 80 - ամյակը 10.11.2008