Մինչեւ ապրիլի վերջ «Յունիբանկ»-ը կբացի երեք նոր մասնաճյուղ

16.02.2010

Մինչեւ այս տարվա ապրիլի վերջը «Յունիբանկ» ՓԲԸ կբացի երեք նոր մասնաճյուղեր, որոնցից երկուսը` մայրաքաղաքում, մեկը` մարզում: Փետրվարին կգրանցվի եւ հաճախորդների սպասարկումը կսկսի «Ավան», մարտին` «Աջափնյակ», իսկ ապրիլին` «Ագարակ» /տեղակայված է Ագարակ քաղաքում/ մասնաճյուղերը: Նոր մասնաճյուղերը հաճախորդներին կսպասարկեն 9:15-ից մինչեւ 17:00, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:
Ինչպես նշեց Օպերացիոն գծով տնօրեն Էլիզա Մհերյանը, նոր մասնաճյուղերը կտրամադրեն «Յունիբանկ»-ի ծառայությունների  ողջ փաթեթը, այդ թվում նաեւ կընդունեն կոմունալ վճարումներ  UNIPAY համակարգի միջոցով: «Կարճ ժամանակահատվածում այս համակարգը մեծ ճանաչում է ստացել ազգաբնակչության կողմից: Բանկը UNIPAY համակարգի միջոցով սկսել է կամունալ վճարումներ ընդունել անցած տարվա հոկտեմբերից եւ ընդամենը հինգ ամսվա ընթացքում հաճախորդների քանակը հասցրել է ինը հազարի: Ի դեպ «Յունիբանկ»-ի ակտիվ հաճախորդների քանակը գերազանցում է 85 հազարը», - ասում է Էլիզա Մհերյանը:
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ն ընդհանուր առմամբ կբացի 9 նոր մասնաճյուղեր` հասցնելով դրանց քանակը 43-ի եւ, դրանով իսկ, ապահովելով բանկային ծառայությունների հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերում: Բանկն առանց աշխատանքային գործընթացն ընդհատելու եւ հաճախորդներին անհարմարություններ պատճառելու, մասնաճյուղային ցանցին ընդլայնմանը զուգահեռ, շարունակում է վերջիններիս կորպորատիվ ոճով վերակառուցման գործընթացը: Մարտ ամսին «Արտաշատ» եւ «Կապան» մասնաճյուղերը կտեղափոխվեն նոր, հաճախորդների սպասարկման համար առավել հարմարավետ տարածքներ, իսկ առաջին կիսամյակի վերջին կավարատվի «Գյումրի» մասնաճյուղի նոր մասնաշենքի շինարարությունը:
2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58%-ով և դեկտեմբերի վերջին կազմել 108,6 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,6 մլրդ  դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 22,8%: Բանկի  վարկային ներդրումների աճը կազմել է գրեթե 43%, ծավալը`  66,7 մլրդ  դրամ: «Յունիբանկ»-ի պարտավորություններն 2009թ.-ին աճել են 63,6%-ով և կազմել 97 մլրդ   դրամ: Բանկի ավանդների ծավալը գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկն էապես ավելացրել է իրավաբանական անձանց ավանդների ծավալը` 341%-ով, հասցնելով այն 37,3 մլրդ դրամի: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
Տեսնել բոլորը