Դեբետային քարտեր
Բանկային քարտի կորուստը
Բանկային քարտի կորստի կամ գողանալու դեպքում ձեռնարկվող միջոցառումները
Քարտապանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քարտի կորուստը կամ անօրինական օգտագործումը կանխելու համար: Քարտի կորուստ է դիտվում այն կորցնելը, յուրացումը, բռնագրավումը: Քարտը կորցնելու կամ գողանալու դեպքում քարտապանը պարտավոր է բանկին այդ մասին անհապաղ տեղեկացնել` (+37410) 555 385 կամ (+37410) 59 55 55 հեռախոսահամարներով, (+37410) 55 51 40 ֆաքսով, unibank@unibank.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ այցելել բանկ` քարտի գործողությունը դադարեցնելու նպատակով: Ընդ որում, գրավոր կամ բանավոր ծանուցումը պետք է զուգորդվի քարտապանի կողմից դիմումում նշված գաղտնաբառի նշումով, իսկ գրավոր և/կամ ֆաքսով տրված ծանուցումը` նաև քարտապանի ստորագրությամբ: Բացի դրանից, քարտապանը ծանուցմամբ պետք է բանկին հայտնի նաև քարտի համարը և գործողության ժամկետը:
Քարտապանի կողմից քարտի կորստի մասին բանավոր եղանակով ցանկացած ծանուցում պետք է հաստատվի քարտապանի կողմից բանկին գրավոր ներկայացված դիմումում` բանկին բանավոր ծանուցում տրամադրելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում: Քարտապանի կողմից բանկին ուղղված ծանուցման մեջ ամենայն մանրամասնությամբ պետք է նշված լինեն քարտի կորստի կամ գողության մասին բոլոր հանգամանքները, ինչպես նաև քարտը անօրինական կարգով օգտագործելու վերաբերյալ այն բոլոր տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել քարտապանին: Բանկը իրավունք է վերապահում իրեն ստացված տեղեկությունները տրամադրել իրավասու մարմինների տիրապետմանը` անհրաժեշտ հետաքննություն իրականացնելու նպատակով: Քարտապանը իր հերթին պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի օժանդակի կորած քարտի հետախուզմանը և հայտնաբերմանը:
Քարտը կորցնելու, հափշտակվելու, կամ բռնագրավվելու մասին ծանուցման ամսաթիվ և ժամանակ է համարվում բանկի կողմից քարտապանի ստորագրությամբ վավերացված ծանուցումը փաստացի ստանալու ամսաթիվը և ժամանակը: Քարտապանի ծանուցումը ստանալուց հետո քարտապանի պատասխանատվությունը քարտի հետագա օգտագործման համար բանկի կողմից դադարեցվում է:
Քարտապանի տվյալները ստուգելուց և հաճախորդին նույնականացնելուց հետո քարտային սպասարկման բաժնի աշխատակիցը քարտը բլոկավորում է` քարտի կարգավիճակը փոխելով համապատասխանաբար կորցրածի կամ գողացվածի: Քարտային սպասարկման բաժնի աշխատակիցը ստուգում է քարտով կատարված գործարքները, որից հետո քարտապանից ճշտում է նախընտրելի տարբերակը (թողարկել, չթողարկել, թողնել բլոկավորված մինչև քարտի գտնելը, թողարկել որևէ ժամկետից հետո և այլն): Եթե քարտապանը գտնում է քարտը, ապա տեղեկացնում է քարտային սպասարկման բաժնի աշխատակցին: Վերջինս հաճախորդի նույնականացումից հետո ապաբլոկավորում է քարտը: Եթե քարտապանը չի գտնում քարտը, ապա մոտենալով բանկի ցանկացած մասնաճյուղ` լրացնում է քարտը վերաթողարկելու վերաբերյալ դիմումի ձևը (նշելով վերաթողարկման պատճառը): Երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտապանին տրամադրվում է նոր քարտ` նոր PIN կոդով և քարտային հաշվով: