Տարվա ընթացքում «Յունիբանկ»-ը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների

08.11.2009 «Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանի բացառիկ հարցազրույցը BANKER.AM պորտալին:
  
- Հարգելի պ-ն Աթայան, ինչպիսի՞ն են բանկի 2009 թվականի առաջին 9 ամիսների արդյունքները: Դուք գո՞հ եք արդյունքներից: Ի՞նչ հատկանշական նվաճումներ և դժվարություներ ունեցաք անցած եռամսյակում: Ինչո՞վ էր պայմանավորված վերջին եռամսյակում բանկի ակտիվների կտրուկ աճը:

- Տարեսկզբին  առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարված են, աճի միտումները գոհացուցիչ: «Յունիբանկ»-ի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում գերազանցել են 107,3 մլրդ դրամը` տարեսկզբի նկատմամբ աճելով 56,8%-ով: Ներկայումս այդ ցուցանիշով մենք ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում ենք չորրորդ տեղը: Ակտիվների նման աճը հիմնականում պայմանավորված է վարկային ներդրումների ավելացմամբ: Երրորդ եռամսյակի վերջում դրանց ծավալը հասել էր 56,3 մլրդ դրամի:  
Տարվա ընթացքում բանկը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների: Մենք ունենք մոտավորապես հարյուր հազար մշտական հաճախորդ: Այսօր «Յունիբանկ»-ը գործում է երկրի բոլոր շրջաններում, ունենք լայն ցանց` 33 մասնաճյուղ: Շուտով կբացվեն եւս երկու մասնաճյուղեր: Ընդ որում, առաջին անգամ Հայաստանում, մենք որոշեցինք տրամադրել շուրջօրյա բանկային սպասարկում: Մեր երկու մասնաճյուղերը` «Զվարթնոց»-ը եւ «Դավիթ Անհաղթ»-ը, ներկայումս աշխատում են 24 ժամ, առանց հանգստյան օրերի:  
Տարեսկզբի համեմատ զգալի աճել են նաեւ մեր պարտավորությունների ծավալները` մոտ 61%: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով շարունակում ենք զբաղեցնել ՀՀ բանկային համակարգի  առաջատարի դիրքը: «Յունիստրիմ» դրամական փոխանցումների մեր համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի կեսից ավելին:
Պլաստիկ քարտերի հատվածում աշխատելու ընթացքում մենք թողարկել ենք մոտավորապես 34 հազար քարտ: Մշտապես բարելավում ենք այդ ծառայությունների որակը, ավելացնում հասանելիությունը: Այսօր ունենք ավելի քան 60 բանկոմատ: POS տերմինալների մասով ՀՀ բանկային համակարգում  զբաղեցնում ենք երկրորդ տեղը:

- «Յունիբանկ»-ը տոնեց իր հիմնադրման 8-ամյակը: Ինչպե՞ս կբնութագրեք բանկի անցած այս ճանապարհը: Կարելի՞ է արդյոք ասել, որ բանկը կարողացավ հասնել իր առավելագույն հնարավոր արդյունքին, թե՞ կան նպատակներ, որոնք դեռ առջևում պետք է իրականացվեն: Որո՞նք են դրանք:

- Այո, դուք ճիշտ եք: Այս տարվա հոկտեմբերին լրացավ "Յունիբանկ"-ի 8-ամյակը եւ այն մեր կողմից նշվեց  մեծ շուքով: Բանկի տարեդարձն առավել հիշարժան դարձնելու համար Հայաստան հրավիրեցինք լեգենդար SPACE խմբին եւ մարզահամերգային համալիրում կազմակերպեցինք նրանց բացառիկ համերգը, որը ուղեկցվեց լազերային գունեղ շոուով: Ելույթ ունեցավ նաեւ մեր շատ սիրելի մաէստրո  Ջիվան Գասպարյանը:
Այս ութ տարիների հիմնական ձեռքբերումը թերեւս այն է, որ 5 մլն ԱՄՆ դոլար կապիտալով ստեղծված բանկը վերածվեց հանրապետական նշանակության ունիվերսալ բանկի: Այսօր «Յունիբանկ»-ը ցանկացած ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում է:  Սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերված հաջողություններով  եւ ձգտում ենք ավելիին: Եթե հակիրճ լինեմ, ապա մեր նպատակը լավագույնը լինելն է:

-Ի՞նչ նոր ծառայություններ, անակնկալներ է նախատեսել «Յունիբանկ»-ը իր հաճախորդների համար մոտ ապագայում:

-Ինչպես նշեցի «Յունիստրիմ» համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի կեսից ավելին, իսկ դա նշանակում է, որ օրական բանկը սպասարկում է 2500-3000 հաճախորդ` միայն դրամական փոխանցումների ոլորտում: Այսինքն, ունենալով հաճախորդների նման հոսք, բանկը պարտավոր է ապահովել պատշաճ որակի համալիր սպասարկում` արագ,  հարմարավետ եւ առանց հերթերի: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք առանձնացնել  խոշոր  կորպորատիվ հաճախորդների սպասարկումը եւ այն տեղափոխել շուտով բացվելիք նոր VIP  սրահներ:
Սպասարկման որակի բարձրացմանը նպաստում է նաև մասնաճյուղային ցանցը online համակարգին միացնելը: Դրա շնորհիվ, մեր հաճախորդները հնարավորություն են ստացել բանկային գործառնություններ իրականացնել ցանկացած մասնաճյուղում` անկախ առաջնային սպասարկման հասցեից:

- Հիմնական ցուցանիշներով ՀՀ բանկերի շարքում «Յունիբանկ»-ը գտնվում է առաջատարների խմբում: Ո՞ր հատվածում է և ինչով է բանկը գերազանցում իր մրցակիցներին, ի՞նչ մրցակցային առավելություններ ունի:

- Բանկի առավելություններից մեկը դա  արհեստավարժ  Խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են ռուսաստանյան եւ եվրոպական բանկերի ղեկավարներ: Երկրորդը՝ բանկի գործադիր ղեկավար մարմինն է որը բաղկացած է երիտասարդ մասնագետներից, ովքեր կարողանում են բարձր որակի աշխատանք մատուցել: Նաեւ մեր մրցակցային առավելություններն են` ֆինանսական հասանելի ռեսուրսները, տեխնոլոգիաների իմացությունը և կուտակած փորձը:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ բանկային համակարգի ներկայիս վիճակը: Կարելի՞ է ասել, որ ճգնաժամային գործընթացները բանկերի համար բեկվել են և կարելի է մտածել ինտենսիվ աճի մասին:

- Ես վստահաբար կարող եմ ասել, որ ճգնաժամային խորը վիճակներից ՀՀ բանկերն արդեն մի քանի ամիս է, ինչ դուրս են եկել: Դա մեզ հաջողվեց առաջին հերթին միջոցների տեղաբաշխման պահպանողական քաղաքականության շնորհիվ: Ճգնաժամից դուրս գալուն նպաստեցին նաեւ հայաստանյան բանկային համակարգի ամուր դիրքերը, վարկային ռեսուրսները, որոնք մեր իշխանությունները կարողացան ներմուծել Հայաստան: Կարեւոր դեր խաղաց այսպես կոչված «ռուսական վարկ»-ը, որը ՀՀ բանկերին տրվեց վերաֆինանսավորմամբ` նոր վարկային ծրագրերի իրագործման համար: Մենք արդեն վերսկսել ենք լայնածավալ վարկավորումը բոլոր ուղղություններով: Ծրագրեր ենք իրականացնում ինչպես  հիփոթեքի, ավտովարկավորման, այնպես էլ սպառողական եւ պլաստիկ քարտերով վարկավորման ոլորտներում: Հաշվի առնելով տնտեսության վերջին միտումները` ձեռնամուխ եղանք փոքր և միջին բիզնեսի աջակցման նոր ծրագրի իրականացմանը: Նշեմ նաեւ, որ ՓՄՁ-երի  համար նախատեսված բիզնես վարկի գումարը կազմում է մինչև մեկ միլիոն, իսկ խոշոր հաճախորդների համար` մինչեւ 4,5 միլիոն դոլար:

- Կպարզաբանե՞ք ընթերցողներին, թե ի՞նչ մասնակցություն և ներդրում ունի «Յունիբանկ»-ը հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաղթանակներում: Վերջին մարտի ժամանակ մենք ականատես եղանք, որ Դուք անձամբ մարտի դահլիճում էիք և անգամ հայտնվեցիք ռինգում, Արթուր Աբրահամի կողքին:

-Արթուր Աբրահամի հետ մեր համագործակցությունը սկսվել է  2005 թվականին, երբ Արթուրը դեռեւս  չէր նվաճել  աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ ժամանակվանից ի վեր ես միշտ ներկա եմ գտնվել նրա  մարտերին: Ռինգում նրան խրախուսելու եւ ոգեւորելու համար շատ մարդկանց հրավիրել եմ միանալու ինձ: Այժմ Արթուրի մենամարտերին Հայաստանից ներկա է լինում մի մեծ թիմ: Արթուր Աբրահամը նաեւ մեր  հաճախորդն է:  «Յունիբանկ»-ը միշտ պատրսատ է աջակցելու նրանց, ովքեր իրենց կարողությունները ներ են դնում ազգանավեր, հայ մշակույթն ու սպորտը աշխարհին ի ցույց դնելու գործում:  

-Ձեր գործունեության հետ կապված որեւէ զվարճալի մասնագիտական պատմություն կամ անեկդոտ պատմեիք Banker.am կայքի ընթերցողների համար:

-Վանաձորում մասնաճյուղ  բացելիս, տարածքի կահավորման  ժամանակ, այդ աշխատանքների պատասխանատուն մեկ էլ հայտարարեց, թե պատվիրված գորգը իր չափսերով չի համապատասխանում սրահի հատակին: Այն հարցին, թե այդ ինչպես եք չափել, որ պատրաստի գորգը չի համապատսխանում, աշխատակիցը լոռեցուն հատուկ բարբառով անվրդով պատասխանեց` «լոնքերով»:    

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ