Վ.Աթայան. «Վատագույն օրերն անցյալում են, բանկային համակարգի նկատմամբ վստահությունը` վերականգնված»

11.01.2010

2009-ը իսկապես «փորձաքարային» տարի էր մեր տնտեսության, այդ թվում`  բանկային համակարգի համար: Բանկային համակարգի դեպքում ասվածն առանձնակի շեշտադրումներ է ստանում, որովհետև տնտեսության զարգացման ընթացքը մեծապես կախված է դրա գործունեությունից: Հայաստանի բանկային համակարգում իր ուրույն տեղն ունի «Յունիբանկը», որի վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ մենք զրուցել ենք բանկային համակարգի խնդիրների, ճգնաժամային և հետճգնաժամային զարգացումների, ինչպես նաև «Յունիբանկի» գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

- Ամփոփելով 2009թ. արդյունքները` կարելի՞ է ասել, որ բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ վերականգնվել է, և վատագույն օրերն արդեն անցյալում են, թե՞ դեռևս վաղ է խոսել այդ մասին:

- Դա իրոք այդպես է: Դրա վառ ապացույցը ֆիզիկական անձանց ավանդների ծավալների աճն է: 9 ամսվա արդյունքներով` այդ ցուցանիշը կազմել է մոտ 333 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 42%: «Յունիբանկին» բաժին է ընկնում այդ շուկայի 16%-ը, դա ավելի է, քան 53,6 մլրդ դրամը: Մեր բանկի ավանդների աճը 9 ամսվա կտրվածքով կազմել է 46,6%, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշներից մեկն է: Այս թվերն ինքնին խոսում են բնակչության վստահության մասին: Արձանագրված զգալի աճն ապացույցում է, որ քաղաքացիների վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, չնայած ճգնաժամային իրավիճակին, չէր խարխլվել: Իհարկե, որոշակի անհանգստություն մարդկանց մոտ կար: Այն ձևավորվել էր անորոշության և բացասական սպասումների ներքո, սակայն բնակչությունն արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ այդ պայմաններում, հատկապես կարճաժամկետ ներդրումների համար, բանկային համակարգն առավել ապահով է գումարը տանը պահելու կամ այլ ներդրում կատարելու համեմատ: Նախ` ավանդները երաշխավորված են, իսկ առաջարկվող տոկոսադրույքները ոչ միայն լրացնում են գնաճից առաջացած կորուստները, այլև որոշակի եկամուտ են բերում ավանդատիրոջը: Համենայնդեպս` «Յունիբանկի» ավանդների տոկոսադրույքները դա թույլ են տալիս: Կարող ենք փաստել, որ ռեսուրսների պակաս բանկային համակարգն այլևս չունի, հատկապես եթե բանկերի ներգրաված միջոցներին ավելացնենք միջազգային վարկերը, որոնք Հայաստան բերվեցին ՀՀ կառավարության կողմից և բաշխվեցին բանկերին: Վարկային ներդրումների ընդլայնման գործում կարևոր դեր խաղաց նաև ռուսական վարկը, որի միջոցներից զգալի հատված «Յունիբանկն» արդեն տեղաբաշխել է: Ռեսուրսների առկայությունը հնարավորություն ընձեռեց վերսկսել լայնածավալ վարկավորում` նախաճգնաժամային պայմաններով: Այսօր մենք հիպոթեկային վարկեր ենք առաջարկում սկսած 14% տարեկան տոկոսադրույքից և մինչև 15 տարի մարման ժամկետով: Բիզնես վարկերը տրամադրվում են սկսած 15%-ից, գումարը կազմում է մինչև 4,5 մլն դոլար:

- Ի՞նչ պայմանական փուլերի կբաժանեիք 2009 թվականը ՀՀ բանկային համակարգի համար:

- Այս տարվա առաջին եռամսյակը ես կանվանեի անորոշության փուլ ինչպես բանկերի, այնպես էլ շուկայի այլ մասնակիցների և բնակչության համար: Ճգնաժամային իրավիճակը և բացասական սպասումները հանգեցրին շուկայի սառեցմանը, այդ թվում` վարկավորման ծավալների նվազմանը:
Երկրորդ եռամսյակում, ինչպես գիտեք, խոշոր բանկերը, այդ թվում` «Յունիբանկը», մարտյան դևալվացիայի արդյունքում զգալի վնասներ կրեցին,  ինչը հիմնականում պայմանավորված էր բնակչության կողմից դրամով ավանդները դոլարով վերաձևակերպելու հանգամանքով: Փողը թանկացավ, տոկոսադրույքները բարձրացան, ռիսկերը մեծացան, և բանկերը ստիպված եղան պորտֆելների վերակազմավորում կատարել: Վնասների և վերակազմավորման փուլին հաջորդեց միջոցների հայթայթման և վարկավորման վերսկսման փուլը: Երրորդ եռամսյակից իրավիճակը բանկային վարկավորման շուկայում ընդհանուր առմամբ սկսեց կայունանալ, միջազգային վարկերը խթանեցին բանկային վարկավորման շուկան, և բանկերը սկսեցին հանդես գալ առաջարկներով: Այժմ հետզհետե վերականգնվում է նաև վարկային պահանջարկը. եթե մի քանի ամիս առաջ բանկերի համար խնդիր էր վճարունակ վարկառու գտնելը, ապա այժմ վարկային պորտֆելը դինամիկորեն աճում է: 2009թ. առաջին երեք եռամսյակներում մեր վարկային պորտֆելն աճել է 16,2%-ով` հասնելով 56 մլրդ 794,2 մլն դրամի:

- Ի՞նչ հիմնական փոփոխություններ տեղ գտան բանկի իրականացրած քաղաքականության մեջ: Որո՞նք էին Ձեր բանկի` ճգնաժամից քաղած հիմնական դասերը:

- Այս տարին նախանշված ծրագրերի և ռիսկերի վերանայման համար բեկումնային էր: Բանկի քաղաքականությունը դարձավ առավել պահպանողական, բայց մեզ հաջողվեց պահպանել աճի տեմպերը գրեթե բոլոր ուղղություններով: «Յունիբանկի» ռեսուրսների հիմնական աղբյուրը բնակչությունից ներգրաված ավանդներն են: Դա նվազեցնում է կախումը միջազգային ռեսուրսներից, և քանի որ մեզ, շնորհիվ բանկի համբավի, հաջողվեց կանխել ավանդների արտահոսքը ճգնաժամի գագաթնակետին, մենք պահպանեցինք բանկի ռեսուրսաապահովվածությունը և կարիք չունեցանք սառեցնելու վարկավորման գործընթացը:

- Ինչպիսի՞ն է հիմա «Յունիբանկի» վարկային պորտֆելի որակը թե՛ կառուցվածքային և թե՛ չվերադարձելիության ռիսկի առումով:

- Շուկայում վարկերի չվերադարձման լուրջ միտումներ ես դեռևս չեմ տեսնում: ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի մասնաբաժինը խնդրահարույց մակարդակի վրա չէ, թեև ստանդարտ վարկերի ծավալների փոքր-ինչ նվազում, իհարկե, կա. ըստ Կենտրոնական բանկի տվյալների` ստանդարտ վարկերը համակարգի ընդհանուր ծավալում կազմում են 92%` տարեսկզբի 95,6%-ի նկատմամբ: Բայց ի տարբերություն արտերկրի բանկերի, որտեղ ժամկետանց վարկերի ծավալն անհամեմատ ավելի մեծ է, մեզ մոտ բոլոր վարկերն ապահովված են գրավով: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում բանկը կարող է իրացնել գրավի առարկան և վերադարձնել իր միջոցները: «Յունիբանկում» ժամկետանց վարկերի մասնաբաժինը պորտֆելում 1%  է: Ինչ վերաբերում է վարկային պորտֆելի կառուցվածքին, ապա այս տարի մենք նախապատվությունը տվել ենք արդյունաբերության, սպառողական, հիպոթեկային և ավտովարկավորման ոլորտներին: Այդ ցուցանիշներով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում է:

- Վերջերս նկատվում է նորմատիվային դաշտի որոշակի խստացում ԿԲ-ի կողմից: Այդպիսի քայլերը որքանո՞վ են համահունչ շուկայի պահանջներին և չե՞ն սահմանափակում արդյոք բանկերի ազատությունը:

- Եթե նկատի ունեք արտարժույթի նորմատիվը 7% մակարդակի վրա սահմանելը, ապա ասեմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի վարքագիծը միանգամայն բնական է: Այդ կերպ ԿԲ-ն իր իրավասությունների ներքո փորձում է կանխել արտարժութային շուկայի հնարավոր տատանումները:  

- 2009-ը դժվար տարի էր ինչպես տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի համար: Ինչպե՞ս է ամփոփում տարին «Յունիբանկը»:

- Աճի միտումները գոհացուցիչ են, դրական տեղաշարժեր են եղել բոլոր ուղղություններով: Երրորդ եռամսյակի տվյալներով` «Յունիբանկի» ակտիվները գերազանցել են 107,3 մլրդ դրամը` տարեսկզբի նկատմամբ աճելով 56,8%-ով: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում ենք չորրորդ տեղը: Ունենք մոտ հարյուր հազար մշտական հաճախորդ, իսկ ընդհանուր առմամբ, տարվա կտրվածքով սպասարկում ենք միլիոնից ավելի քաղաքացիների: Այս տարի զգալի ընդլայնեցինք մասնաճյուղային ցանցը` հասցնելով այն 34 մասնաճյուղի, որոնցից «Զվարթնոց» մասնաճյուղը , առաջին անգամ Հայաստանում, աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով շարունակում ենք զբաղեցնել ՀՀ բանկային համակարգի առաջատարի դիրքը: «Յունիստրիմ» դրամական փոխանցումների մեր համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի կեսից ավելին: Սպասարկման որակի բարձրացման նպատակով մասնաճյուղային ցանցը միացրինք online համակարգին: Դրա շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն են ստացել բանկային գործառնություններ իրականացնել ցանկացած մասնաճյուղում` անկախ առաջնային սպասարկման հասցեից:

- Այս տարի «Յունիբանկը» տոնեց իր հիմնադրման ութամյակը: Որո՞նք են  այս տարիների հիմնական ձեռքբերումները:

- Հոկտեմբերին նշեցինք բանկի ութամյակը և այն առավել հիշարժան դարձնելու նպատակով Հայաստան հրավիրեցինք լեգենդար SPACE խմբին և մարզահամերգային համալիրում կազմակերպեցիք նրանց բացառիկ համերգը, որն ուղեկցվեց լազերային գունեղ շոուով: Խմբի հետ համատեղ ելույթ ունեցավ նաև մեր բանկի բարեկամ Ջիվան Գասպարյանը:
Բանկի ամենակարևոր ձեռքբերումն ընդամենը ութ տարվա ընթացքում հանրապետական նշանակության բանկ դառնալն էր, բանկ` բոլորի համար: Այսօր «Յունիբանկը» ցանկացած ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում է:

- Ինչպիսի՞ն է լինելու 2010-ը «Յունիբանկի» համար, որո՞նք են հիմնական անելիքները:

- 2010թ. նույնպես կշարունակենք բարելավել սպասարկման որակը: Այդ նպատակով  կառանձնացնենք խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկումը և այն կտեղափոխենք գալիք տարում բացվելիք նոր VIP սրահներ:
Մեծ ուշադրություն ենք դարձնելու իրական հատվածի զարգացմանը և շարունակելու ենք ընդլայնել ՓՄՁ-ների վարկավորումը: Մեր գործունեությունը կակտիվացնենք նաև պլաստիկ քարտերի շուկայում և կսկսենք համագործակցել ևս մեկ միջազգային վճարահաշվարկային կազմակերպության հետ: 2010թ. նախատեսում ենք թողարկված քարտերի քանակը հասցնել 100 հազարի: Կիրականացվեն նաև մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքներ` բացելով 9 նոր մասնաճյուղ:
Նոր տարում «Յունիբանկը» կշարունակի հովանավորչական ծրագրերի իրագործումը: Արդեն ձեռնամուխ ենք եղել կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ձայնասկավառակների թողարկման գործին: Լույս կտեսնեն կոմպոզիտորի մանկական երգերի ժողովածուն` «Յոթ գույն» անվանմամբ, և «Մուսա լեռան 40 օրը» բեմադրության համար գրված ստեղծագործությունների սկավառակը:

«Business Class» ամսագիր
դեկտեմբեր, 2009

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ
  • 40 հազար ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` նորաստեղծ ընտանիքներին
  • Նոր տարվա նախաշեմին նվերների հանձնումը «Յունիբանկ»-ի համար դառնում է ավանդական
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ը հաճախորդներին կսպասարկի նաեւ տոնական օրերին:
  • Moody’s հաստատել է «Յունիաստրում բանկ»-ի միջազգային եւ ազգային վարկանիշները
  • «Յունիբանկ»-ի օժանդակությամբ կթողարկվեն Գարի Քյոսայանի ձայնասկավառակները
Տեսնել բոլորը