«Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին:
- «Գնահատելով «Յունիբանկ»-ի հնարավոր ռիսկերը նախաճգնաժամային ժամանակահատվածում` դուք բանկի գործունեությունը բնութագրում էիք որպես «չափավոր կոնսերվատիվե: Փոխվե՞լ է արդյոք բանկի քաղաքականությունը:
- Ինչպես նախաճգնաժամային ժամանակահատվածում, այնպես էլ հիմա «Յունիբանկ»-ի ռիսկերի կառավարման քաղաքականությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Նախ` կապիտալի համարժեքության պահպանումը, երկրորդ` վարկերի դիվերսիֆիկացումը, երրորդ` նոր ապրանքատեսակների ներդրումը:
Նախաճգնաժամային ժամանակահատվածում մենք բախվեցինք արժութային ռիսկերի հետ կապված լուրջ խնդրի, երբ մեր դրամային ավանդները փոխարկվեցին դոլարայինի: Մասնավորապես, փոխարկվեցին $ 50 մլն ծավալի ավանդներ, իսկ մեր ակտիվների մեծ մասը մնաց դրամով, ինչն էլ ազգային արժույթի արժեզրկման գործընթացում հանգեցրեց մեծ կորուստների: Սակայն մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն վերականգնել կորուստները, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին 827 մլն դրամ, այլեւ աշխատել շահույթով:
Սկսած նախորդ տարվա երկրորդ-երրորդ եռամսյակից, մենք վերանայեցինք մեր վարկային պորտֆելը: Բոլոր այն վարկառուների համար, ովքեր վճարելու պատրաստակամություն էին հայտնում, սակայն այդ ժամանակահատվածում որոշակի դժվարություններ ունեին բիզնես-գործունեության հետ, մենք երկարացրեցինք վարկերի ժամկետները, իջեցրինք տոկոսադրույքները, մեր հաճախորդների նկատմամբ ցուցաբերելով գործընկերային մոտեցում:
2009թ. ավարտը բանկի համար բավականին ակտիվ փուլ էր վարկավորման տեսանկյունից. ռուսաստանյան կայունացնող վարկի շրջանակներում մենք սկսեցինք վերաֆինանսավորում ստանալ Կենտրոնական բանկի կողմից: Այդ ծրագրի շրջանակներում նախորդ տարեվերջին փոքր եւ միջին բիզնեսի ուղղությամբ մենք հատկացրել ենք 17 մլրդ դրամ ծավալի միջոցներ: Բանկի բիզնես-վարկերի պորտֆելը տարեվերջի դրությամբ գերազանցեց 65.6 մլրդ դրամը, վարկերի քանակը` 9.5 հազարը: Միայն չորրորդ եռամսյակում բանկը հատկացրեց 2 000 վարկ: Վարկային պորտֆելի աճին զուգընթաց, բանկի համարժեքության պահպանման նպատակով, մենք դիմեցինք «Յունիբանկ»-ի բաժնետերերին կապիտալի համալրման խնդրանքով: Բանկի կապիտալը համալրվեց 2.8 մլրդ դրամով, միաժամանակ, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվեց ստորադաս պարտավորություն` եւս 2.8 մլրդ դրամ ծավալով, 5 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է բանկի «չափավոր կոնսերվատիզմին», որի մասին ես խոսում էի նախաճգնաժամային ժամանակահատվածում, այն հավասարաչափ վերաբերում էր երկրի բանկային ողջ համակարգին, որը, ինտեգրված չլինելով միջազգային ֆինանսական շուկաներին, խուսափեց լուրջ կորուստներից:
Ներկայումս «չափավոր կոնսերվատիզմի» ռազմավարությունն այն է, որ մենք զարագանալու ենք որպես մանրածախ բանկ: Միջազգային փորձը վկայում է, որ մանրածախ ուղղվածությամբ բանկերը ճգնաժամի ընթացքում հայտնվեցին ավելի շահեկան իրավիճակում: Վարկային գիծ ունեցող հաճախորդները սկսեցին այն ակտիվ օգտագործել ճգնաժամի թեժ պահին, ինչը հանգեցրեց բանկերի տոկոսային շահույթի աճին:
Այսօր մենք վստահ հայտարարում ենք, որ «Յունիբանկ»-ը հանդիսանում է մանրածախ բանկ բոլորի համար` ուղղված բնակչության սպասարկմանն ու փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Մենք մտադիր ենք նվազեցնել մեր վարկերի միջին ծավալը, փոքրացնել հնարավոր ռիսկերը` միաժամանակ ընդլայնելով հաճախորդային բազան:
- «Յունիբանկ»-ը հայաստանյան այն փոքրաթիվ բանկերից է, որը վարկային միջոցներ չի ստացել միջազգային դոնորներից: Ո՞րն է պատճառը:
- Մենք նախատեսում էինք վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/, կնքվեց նույնիսկ $10 մլն-ի հուշագիր, սակայն ճգնաժամի խորացման արդյունքում ՎԶԵԲ-ը սառեցրեց որոշ նախագծեր, այդ թվում նաեւ մերը: Մեզ համար ամենադժվար պահերից մեկին` 2008թ. դեկտեմբերին, երբ սկսվեց բանկից ավանդների արտահոսքը (միայն դեկտեմբերին այն կազմեց $ 6 մլն), ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ը մեզ տրամադրեց $ 50 մլն-ի վարկային գիծ: Ավելին, մենք «Յունիաստրում Բանկ»-ի հետ ստորագրել ենք համաձայնագիր` բավականին մատչելի պայմաններով $ 20 մլն-ի վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:
Ըստ էության, բանկը լրացուցիչ արտաքին միջոցների կարիք չունի, այսօր մեր վարկային պահուստները կազմում են $30 մլն:
Օգտվելով առիթից` կցանկանայի նշել, որ շուտով «Յունիբանկ»-ը միջազգային վարկանիշ կստանա Moody’s-ից:
- Նախորդ տարվա արդյունքներով բանկն առաջատարի դիրք էր զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում առնվազն երկու ցուցանիշներով` ավտովարկավորման ծավալով եւ ժամկետային ավանդների քանակով: Ինչի՞ հաշվին է ձեզ հաջողվել ապահովել առաջատարությունը:
- Ինչ վերաբերում է ավտովարկավորմանը, ապա խոսքը իներցիոն առաջատարության մասին է, այսինքն` այն ցուցանիշների, որոնք արձանագրվել էին 2008թ. եւ տեղափոխվել նախորդ տարի: Նշեմ, որ 2007-2008թթ. մենք ամեն օր տրամադրում էինք 30-ից 40 ավտովարկեր, մինչդեռ երկրի առաջնային շուկայում ամեն օր վաճառվում էր 80-100 ավտոմեքենա: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ավտովարկավորումը բանկի համար կլինի ոչ ակտիվ ապրանքատեսակ. այսօր կան ավտոսրահներ, որոնք ունեն 2008թ. արտադրության չվաճառված ավտոմեքենաներ:
Ինչ վերաբերում է ժամկետային ավանդներին, ապա այդ շուկայում «Յունիբանկ»-ն արդեն ճանաչված առաջատար է: Կարեւորն այն է, որ բնակչությունը հավատում եւ վստահում է բանկին: Մեր ավանդների տոկոսադրույքները լավագույններից են եւ ունեն հարմարավետ ռեժիմներ: Մենք ավանդատուներին հնարավորություն ենք տալիս մասնակցել խաղարկությունների եւ շահել արժեքավոր մրցանակներ: Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի ավելի քան 13 հազար ավանդատու`ավանդի $ 7-8 հազար միջին ծավալով: Տեղաբաշխված միջոցների ավելի քան 80%-ը կազմում են դոլարային ավանդները, մինչդեռ 2008թ. մենք ունեինք հակառակ պատկերը:
- Ժամանակին դուք առաջարկում էիք օրենսդրորեն ամրապնդել անկանխիկ եղանակով անշարժ գույքի առքուվաճառքի մասին պահանջը: Ինչո՞վ ավարտվեց նախաձեռնությունը:
- Ինձ համար անհասկանալի պատճառներով այդ նախաձեռնությունը դեռեւս չի իրականացվել: Եթե անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները կատարվեն բանկային համակարգի միջոցով, դա կհանգեցնի բանկերի իրացվելիության աճին, իսկ գործարքները կլինեն թափանցիկ եւ վերահսկելի:
Անշարժ գույքի առքուվաճառքի մասնակիցների համար կստեղծվի վճարման ավելի հարմարավետ մեխանիզմ, իսկ գործարքը չի ենթարկվի հարկման, այնպես որ, կան բոլոր հիմքերը այդ նախաձեռնության իրականացման համար:
- Ցանկալի է լսել ձեր գնահատականը ապադոլարիզացմանն ուղղված ԿԲ քայլերի վերաբերյալ. խստացումները չե՞ն հանգեցնի տոկոսադրույքների աճին բանկային համակարգում եւ, մասնավորապես, «Յունիբանկ»-ում:
- Դոլարիզացման դեմ ուղղված պայքարը պետք է դառնա ընդհանուր գործ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. եթե մենք չպայքարենք դոլարիզացման դեմ, չենք ունենա դրամավարկային քաղաքականություն եւ ուղղակիորեն կախված կլինենք այն արժույթից, որը մեզ մոտ կշրջանառվի:
Կենտրոնական բանկի պահանջներին համաձայն, պարտադիր դրամային պահուստավորման է ենթակա բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների մի մասը: Վերաֆինանսավորման շրջանակներում սահմանվել է 7-տոկոսանոց սահմանափակում կապիտալի նկատմամբ բանկերի արժութային երկար դիրքերի համար: Բացի դրանից, վարկառուների կողմից մարվող վարկային միջոցները բանկերը պետք է պահեն դրամով կամ տեղաբաշխեն ազգային արժույթով:
Դոլարիզացման դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե պոտենցիալ ավանդատուները գոնե կարճաժամկետ հեռանկարում վստահ լինեն փոխարժեքի կայունության մեջ: Նշեմ, որ այսօր արտարժույթի հատուկ պահանջարկ չկա:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա իմ կանխատեսումներով, մինչեւ այս տարվա աշուն լուրջ տարբերություն կլինի դրամով եւ դոլարով վարկերի տոկոսադրույքների միջեւ. դրամով վարկերի տոկոսադրույքները կբարձրանան, դոլարով վարկերի տոկոսադրույքները կնվազեն:
- Դուք կարեւոր նշանակություն եք տալիս բանկային հատվածում IT-տեխնոլոգիաների ներդրմանը: Մասնավորապես, «Յունիբանկ»-ի կողմից ներդրվել է ավտոմատացված բանկային համակարգ /ԱԲՀ/` LSBank, գործարկվել է կայքի wap-տարբերակը, բանկը կոմունալ վճարումներ է կատարում online ռեժիմով եւ այլն: Պատրաստվու՞մ եք արդյոք նորամուծություններին:
- Վերջերս մենք սկսեցինք սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման աշխատանքները եւ ձեռք բերեցինք ծրագրային ապահովում: Պրոցեսինգը կգործարկվի արդեն այս տարվա հուլիսին: Ներկայումս մենք տեղադրում ենք համապատասխան սարքավորումը, որի փորձարկումից հետո հաճախորդներին կառաջարկենք լոյալության ծրագիր:
Օրինակ, եթե դուք վճարում եք սուպերմարկետում «Յունիբանկ»-ի քարտով, ապա ստանում եք բոնուսային միավորներ: Այսինքն, հաճախորդրը, ծախսելով գումարը, միաժամանակ, գումար է վաստակում: Մենք արդեն նախնական համաձայնագրեր ու հուշագրեր ենք ստորագրել որոշ ընկերությունների եւ առեւտրային կետերի հետ: Լոյալության ծրագրի ներդրումը համահունչ է մանրածախ ծառայությունների շուկայում բանկի գործունեության ընդլայնման ռազմավարությանը:
- «Յունիբանկ»-ը մասնաճյուղային ցանցի ընդլայնման ակտիվ քաղաքականություն է վարում: Այդ կապակցությամբ հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է լուծվում կադրերի հարցը, մասնավորապես, մասնաճյուղերի կառավարիչ ընտրելու մակարդակում:
- Այդ հարցն առանձին քննարկվել է մայիսի սկզբին կայացած «Յունիբանկ»-ի բաժնետերերի տարեկան ժողովում: Մենք սկսել ենք մտածել կոնկրետ ծառայությունների գծով մասնագիտացված մասնաճյուղեր բացելու մասին: Այդ հարցը դառնում է ավելի արդիական բանկի մանրածախ ծառայությունների շեշտադրման լույսի ներքո: Մասնաճյուղերի կառավարիչները պետք է պատասխանատու լինեն հիմնականում որակյալ սպասարկման համար` սահմանված չափանիշներին համապատասխան:Օրինակ, եթե մենք տրամադրենք վարկեր 300 հազար դրամի սահմաններում, որոնց ամսական վճարումները կկազմեն 10-12 հազար դրամ, ապա այդ հարցը կարող է լուծվել ավտոմատ ռեժիմով: Ինչ վերաբերում է նոր մասնագետների ընտրությանը, մենք նրանց փորձնական աշխատանքի ենք ընդունում 3-6 ամսով, կազմակերպում ենք ուսուցումը, ապա որոշում ենք աշխատանքի ընդունման հարցը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը միավորել է «Վաղարշյան» մասնաճյուղը «Կոմիտաս» մասնաճյուղի հետ23.05.2010 Տեսնել ավելին
-
Ժամկետային ավանդների գծով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջատարի դիրքը18.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը մասնաճյուղ է բացել Աջափնյակ համայնքում17.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր13.05.2010 Տեսնել ավելին
-
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի հերթական աջակցությունը երաժիշտներին10.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալն ավելացել է 86 տոկոսով09.05.2010 Տեսնել ավելին