Զարգացած երկրներում բանկային քարտը անվանում են «դարի ծառայություն», «բանկային գործում տեխնոլոգիական հեղափոխության» առանցքային տարրերից մեկը: Բանկային քարտերն արդարացիորեն համարվում են մանրածախ բանկինգի զարգացման մակարդակի կարեւոր ցուցիչ, «21-րդ դարի բանկային բիզնեսի համեմունք», ասում է «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Իրոք, ժամանակակից աշխարհում կանխիկ փողը հետզհետե հանձնում է իր դիրքերը քարտերի օգտին: Արտասահմանում քարտերը դարձել են առեւտրի եւ սպասարկման ոլորտի անբաժանելի մասնիկը: Դրանցով ավելի հարմար է վճարել ցանկացած տիպի ծախսեր` սուպերմարկետում գնված ապրանքի, թե ռեստորանում ճաշի դիմաց: Իսկ եթե անհրաժեշտ լինի կանխիկ գումար, ապա բավական է մոտենալ մոտակա բանկոմատին: Դրանց մեծ մասն աշխատում է շուրջօրյա: Ամեն ինչ շատ հեշտ է եւ հասկանալի՞ : Հեշտ է, բայց ոչ հասկանալի: Ամեն դեպքում ո’չ բոլորին: Ահա եւ պատճառը թե ինչու մեզ մոտ` Հայաստանում, «դարի ծառայությունը» այսքան դանդաղ է կյանք մտնում: Դժվար է հրաժարվել այդքան սովոր եւ հարազատ կանխիկ փողից եւ փոխարինել այն պլաստիկի մի կտորով, անծանոթ անվանումներով եւ քիչ ծանոթ սարքավորումներով, որոնց կոչում են բանկոմատներ եւ POS-տերմինալներ: Կանխիկից դանդաղ ենք հրաժարվում, չնայած քարտի շատ առավելություններին, չնայած անառարկելի փաստին, որ «կորցնելով քարտը, չենք կորցնում գումարը», ինչը, ինչ խոսք, չես ասի դրամապանակը կանխիկ գումարի հետ մեկտեղ կորցնելու պարագայում: Քարտից բազմակողմանի չենք օգտվում անգամ աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտ ունենալու դեպքում:
«Հայաստանում անկանխիկ եղանակով վճարումների երեւույթը դեռեւս լայն տարածում չի ստացել, թեեւ ծավալների աճի միտում նկատվում է: Եթե 2005թ.-ին անկանխիկ գործարքներին բաժին էր ընկնում «Յունիբանկ»-ի քարտային ընդհանուր գործարքների ընդամենը 3-5 տոկոսը, ապա այսօր այդ թիվն արդեն կազմում է 10 տոկոս», - ասում է Մեսրոպ Հակոբյանը:
Մեր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շուկան զարգանում է ոչ թե անհատական քարտապանների, այլ հիմնականում աշխատավարձային նախագծերի հաշվին: Իսկ քարտապանների ճնշող մեծամասնությունը քարտի հաշվին աշխատավարձի փոխանցումից հետո բանկոմատից միանգամից կանխիկ ստանում է ամբողջ գումարը:
Դեռ 2000թ.-ի սկզբին, երբ հանրապետությունում պլաստիկ քարտերը սկսեցին տարածվել աշխատավարձային քարտերի միջոցով, բանկերն իրենց քարտերով սեփական բանկոմատներից գումար կանխիկացնելու դիմաց միջնորդավճար չէին գանձում, իսկ ArCa համակարգի այլ բանկերի բանկոմատներում կանխիկացնելու դիմաց գանձվում էր շատ ցածր միջնորդավճար: Ռուսաստանում, օրինակ հակառակ պատկերն էր, ինչն էլ եւ նպաստեց ակնախիկ վճարումների ծավալների մեծացմանը. քարտային բիզնեսը Ռուսաստանում սկսեց զարգանալ վարկային քարտերով, որոնք սկզբից մատչելի էին անհատական հաճախորդների համար, իսկ հետագայում նաեւ այդ քարտերը թողարկվեցին աշխատավարձային նախագծերի շրջանակներում, սակայն կանխիկացման միջնորդավճարը կազմեց 2-3 տոկոս:
Պլաստիկ քարտից չվախենալու եւ նրա առավելություններից հմուտ օգտվելու համար, անհրաժեշտ է հասկանալ քարտի աշխատանքի սկզբունքը: Դրանից հետո ամեն ինչ իրոք դառնում է շատ պարզ, հասկանալի եւ անգամ հաճելի:
Սկզբի համար փորձենք տալ բանկային քարտի սահմանումը: Քարտը երկարաժամկետ օգտագործման վճարային եւ վարկային գործիք է, որն ունի ամենաբարձր պաշտպանվածությունը կեղծումից եւ պարունակում է քարտապանի նույնականացման տեղեկատվություն, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել վերջինիս վճարունակության ստուգում:
Քարտը ձեւակերպելու համար հաճախորդը պետք է գա բանկ, ներկայացնի անձնագիրը եւ լրացնի դիմումը: Սպասարկող մենեջերը կկազմի համապատասխան պայմանագիր, որի ստորագրումից հետո մի քանի օրվա ընթացքում հաճախորդը կստանա իր քարտը եւ փակ ծրարով PIN-կոդը:
Ի՞նչ է PIN-կոդ (Personal Identification Number): Ցանկացած բանկային քարտ ունի չորս թվանշանից բաղկացած հատուկ գաղտնի կոդ` գաղտնաբառի տարատեսակ: PIN-կոդը բանկոմատի նկատմամբ քարտապանի մուտքի գաղտնաբառն է: Կանխիկ գումար ստանալու համար բանկոմատի հատուկ պատուհանում «հավաքեք PIN-կոդը» գրառումից հետո քարտապանը պետք է մուտքագրի քառանիշ թիվը: Միայն այդ գործընթացից հետո /ավտորիզացիա/ բանկոմատը կտրամադրի պահանջվող գումարը:
Մեզ մոտ` Հայաստանում, առեւտրային կետերից ապրանքներ գնելու ժամանակ անհրաժեշտություն չկա հավաքելու PIN-կոդը , եթե վճարումը չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը: Գնորդը պետք է իր քարտը տա գանձապահին գործարքը, այն է` վճարումը իրականացնելու համար, ստորագրի համապատասխան կտրոնը եւ ետ վերցնի իր քարտը գնումների հետ մեկտեղ:
Ուշադրություն` PIN-կոդը պետք է իմանա միայն քարտապանը, չի կարելի այն ասել ոչ մեկին, անգամ բանկի աշխատակցին: Մի գրեք PIN-կոդը քարտի վրա, հակառակ դեպքում, եթե քարտը կորցնեք, ապա PIN-կոդը կարող է հայտնի դառնալ երրորդ անձին: Եթե դուք մոռացել եք ձեր PIN-կոդը , ապա անհրաժեշտ է կապվել սպասարկող բանկի հետ նոր կոդով նոր քարտ ստանալու համար: Եթե լրացել է քարտի ժամկետը, ապա քարտի վերաթողարկման ժամանակ PIN-կոդը մնում է անփոփոխ: Քարտը համարվում է բանկի սեփականությունը եւ քարտապանը վերաթողարկման ժամանակ պարտավոր է այն հանձնել: Քարտի գործողության ժամկետն է մեկ կամ երկու տարի: PIN-կոդը երեք անգամ անընդմեջ սխալ հավաքելու դեպքում քարտը ավտոմատ կերպով արգելափակվում է:
Այժմ դիտարկենք քարտի առավելությունները կանխիկի նկատմամբ: Առաջինը` հուսալիությունն է: Քարտը հնարավոր է կորցնել, կարող են նույնիսկ գողանալ, սակայն դրամը բանկում կմնա անձեռնմխելի: Քարտապանը կարող է պարզապես զանգահարել իր բանկ եւ տեղեկացնել այդ մասին:
Երկրորդը` հարմարավետությունն է: Տանից դուրս գալիս այլեւս հարց չի առաջանում, թե որքա՞ն գումար վերցնել: Քարտն ամենաանվտանգ ու տարողունակ դրամապանակն է: Քարտապանը խնդիր չունի մանրադրամի եւ կեղծ թղթադրամների հետ: Արտասահման ուղեւորվելիս քարտը հայտարարագրելու կարիքը չկա, անկախ նրա հաշվին եղած գումարից: Նույնիսկ կարիք չկա այլ երկրում տեղական արտարժույթ ձեռքբերելու, քանի որ ապրանքների եւ ծառայությունների դիմաց քարտով վճարելիս արժույթի փոխարկումը կատարվում է ավտովատ կերպով:
Կարելի է նաեւ բանկային քարտը պատվիրել արտարժույթով: Քարտապանն ազատվում է նաեւ այն մտատանջությունից, թե որտեղ, ինչի համար եւ որքան է վճարել, քանի որ նա միշտ կարող է իր հաշվից քաղվածք ստանալ:
Բանկային քարտը հնարավորություն է ընձեռում շուրջօրյա մուտք ունենալ բանկային հաշիվ եւ օգտվել մի շարք առավելություններից: Այսպես, օրինակ, որոշակի քարտեր օվերդրաֆտի ստացման հնարավորություն են տալիս:
-Անկանխիկ վճրաումներ կատարող հաճախորդները մեծ հավանականություն ունեն քարտային հաշվին վարկ ստանալու, քանի որ բանկի կողմից տեսանել է, թե հաճախորդը ինչպես է ծախսում փոխառու միջոցները: Դա էականորեն նոր որակական մակարդակի է բարձրացնում բանկի եւ հաճախորդի հարաբերությունները, դարձնելով այն թափանցիկ: Յունիբանկում առկա է նպատակային վարկային քարտերի շատ մեծ տեսականի` սպառողական, տուրիստական, բուժսպասարկման, ապահովագրման եւ այլն,- ասում է Մեսրոպ Հակոբյանը:
-Սեփական պրոցեսինգի թողարկմամբ, որը նախատեսվում է աշնան սկզբին, կընդլայնվի մեր քարտային ծառայությունների տեսականին, եւ մենք կկարողանանք արտադրողների եւ առեւտրային ցանցերի հետ ստեղծել նոր համատեղ նախագծեր: Մենք արդեն իսկ որոշ ճանաչված ընկերությունների հետ լոյալության ծրագրի թողարկման նպատակով, որը հիմնված է բոնուսային միավորների գաղափարի վրա, կնքել ենք մի շարք համաձայնագրեր: Ըստ այս ծրագրի հաճախորդը, բազմազան ապրանքատեսակների եւ ծառայությունների դիմաց վճարելով, վաստակում է գումարի տեսքով միավորներ, որոնք կկուտակվեն նրա քարտային հաշվին: Դրանով իսկ ծրագրի մասնակից ընկերությունները հաճախորդին վերադարձնում են նրա կողմից ծախսված գումարի մի մասը` լոյալություն ցուցաբերելով հաճախորդի նկատմամբ:
Համոզված եմ, որ քարտապանները կսկսեն պլաստիկ քարտերին վերաբերվել ոչ որպես պարզապես դրամի կանխիկացման միջոցի, այլ մի շարք առավելությունների ձեռքբերման հնարավորության, որոնք նրանք ոչ մի այլ դեպքւմ ստանալ չեն կարող:
Մեր գլխավոր նպատակն է ապացուցել հաճախորդին, որ դրամը բանկում պահելը շահեկան է հենց իրենց համար, - եզրափակել է Մեսրոպ Հակոբյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ժամկետային ավանդների գծով Յունիբանկը դարձյալ առաջին տեղում է23.08.2010 Տեսնել ավելին
-
Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ն առաջին եռյակում է18.08.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգն առաջինը ՌԴ-ում ստացել է Եվրամիության միասնական արտոնագիր16.08.2010 Տեսնել ավելին
-
Մեծացվել է երաշխավորված ավանդի սահմանաչափը09.08.2010 Տեսնել ավելին
-
Կադրային նոր նշանակումներ «Յունիբանկ»-ում02.08.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ28.07.2010 Տեսնել ավելին