Փոքր եւ միջին բիզնեսը նախընտրում է «Յունիբանկ»-ը

09.09.2010

«Արմինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի առաջին տեղակալ Զաքար Բոյաջյանի եւ Վարչության նախագահի տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանի հետ:

- Վերջերս «Յունիբանկ»-ը հնչեցրեց իր մտադրությունն առավել արագ տեմպերով մանրածախ վարկավորումը զարգացնելու մասին: Դա ինչպե՞ս կանդրադառնա բանկի կորպորատիվ վարկային պորտֆելի վրա:

Ա.Ավագյան. «Յունիբանկ»-ի նոր ռազմավարական ծրագրի հիմքում, որպես առաջնահերթ խնդիր, դրված է  վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման եւ հաճախորդների բազայի  ընդլայնման ապահովումը: Դա նշանակում է, որ չնայած մեր նախապատվությանը, այն է` մանրածախ վարկավորման ակտիվ զարգացումը, մենք շարունակելու ենք  աշխատել     կորպորատիվ հաճախորդների հետ: Այսինքն, «Յունիբանկ»-ը դիվերսիֆիկացնելով վարկային պորտֆելը, նախապատվությունը տալու է մանրածախ վարկավորմանն ու փոքր եւ միջին բիզնեսին: ՓՄՁ-երի համար նախատեսված վարկերի գումարը մեզ մոտ կազմում է 1 հազար ԱՄՆ դոլարից մինչեւ 1 մլն ԱՄՆ դոլար մեկ  վարկառուի գծով:
Հատկանշական է, որ «Յունիբանկ»-ն իր լայն տարածում ունեցող  մասնաճյուղային ցանցի (33 մասնաճյուղ) շնորհիվ կարողացել է առավելագույնս օգտագործել ներուժը բիզնես-վարկավորման ոլորտում եւ, Հայաստանի բոլոր մարզերում ներկայության շնորհիվ, կարողացել է ձեւավորել խոշոր վարկային պորտֆել:  2010թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ  բիզնես-վարկերին բաժին է ընկել բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 63 տոկոսը կամ 45 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի ընդհանուր պորտֆելը կազմել է 71 մլրդ դրամ (դրամային եւ դոլարային վարկերի հարաբերակցությունը կազմել է 46,5%/ 53,5%):  տարեսկզբի ցուցանիշի նկատմամբ միայն բիզնես-վարկերի պորտֆելն աճել է 6 մլրդ դրամով:

Բիզնես-վարկերի կառուցվածքը մեզ մոտ նույնպես բավականին դիվերսիֆիկացված է, բայց առյուծի բաժինը պատկանում է արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներին` 48% եւ 30%, համապատասխանաբար:

Զ.Բոյաջյան. Կցանկանայի նշել, որ ժամանակի հետ մենք, ինչ խոսք, կավելացնենք ընդհանուր վարկային պորտֆելում սպառողական վարկերի կշիռը, բանկային ծառայությունների մանրածախ շուկայում զգալի գումարի ռեսուրսների տեղաբաշխման եւ նոր ու հետաքրքիր վարկատեսակների մշակման միջոցով: Արդեն այսօր այդ միտումը զգացվում է. օրական մեր պորտֆելը, միայն վարկային քարտերի ուղղությամբ, աճում է 10 մլն դրամով:


-Ինչու՞ վարկառուն, որին անհրաժեշտ է բիզնես-վարկ պետք է ընտրի «Յունիբանկ»-ը  եւ ի՞նչ պահանջներ են ներկայացվում բանկի կողմից կորպորատիվ հաճախորդին:

Զ.Բոյաջյան. Այսօր մեր բիզնես-վարկատեսակները շատ մեծ պահանջարկ ունեն շուկայում, եւ , պատահական չէ, որ արդյունաբերության վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը հայաստանյան բանկերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Հաճախորդին առաջարկվում է համագործակցության տարբեր ուղղություններ, որոնք  մշակվում են հաշվի առնելով հենց իր բիզնեսի առանձնահատկությունները: Մենք փուլ առ փուլ մշակում ենք նոր «մասնագիտացված» վարկատեսակներ, որոնք նախատեսված են հաճախորդների կոնկրետ  խմբերի համար: Մեր հիմնական նպատակը  հաճախորդին համալիր բանկային սպասարկում առաջարկելն է, սպասարկում, որը հիմնված է երկարաժամկետ համագործակցության վրա: Դա շահեկան է հենց հաճախորդի համար, քանի որ այդ դեպքում նա կարող է օգտվել բանկի լոյալության ծրագրերից եւ ստանալ համապատասխան առավելություններ:
Իսկ «Յունիբանկ»-ի կորպորատիվ հաճախորդ դառնալու համար անձը պետք է ունենա նվազագույնը վեց ամիս գործող բիզնես եւ չունենա բացասական վարկային պատմություն:  


-Որո՞նք են այսօր կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման բանկի հիմնական աղբյուրները:

Զ.Բոյաջյան.Ներկայումս «Յունիբանկ»-ը տրամադրում է բիզնես-վարկեր ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների (ժամկետային ավանդների գծով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ բանկերի շարքում), IFAD միջազգային ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների, ինչպես նաեւ ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ից 20 մլն դոլարվարկային գծի միջոցների հաշվին: Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում հաստատել ենք 35 մլն դոլարի կամ 12 մլրդ դրամի վարկեր:
Միաժամանակ դիտարկում ենք ֆինզնսավորման աղբյուրների էլ ավելի դիվերսիֆիկացման հնարավորությունները, չնայած որ պատրաստ ենք սեպտեմբերից սկսած վարկային առավել մեծ պահանջարկի բավարարմանը:

Ներկայումս, նոր ռեսուրսների ներգարվման նպատակով բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Մինչեւ տարեվերջ արդեն կունենանք  ստորագրված պայմանագրեր: Մասնավորապես, նախատեսում ենք համագործակցել հայ-գերմանական հիմնադրամի հետ, որը Հայաստանում իրականացնում է գերմանական KfW բանկի ծրագրերը: Այս միջոցները նախատեսում ենք ուղղել հիփոթեքային վարկավորման եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներ: Բացի դրանից բանակցություններ ենք վարում նաեւ այլ կազմակերպությունների հետ, որոնցից ներգրաված միջոցները կուղղվեն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտ: Այդ կերպ, մենք հետզհետե ավանդներից եւ բիզնես-վարկերի մարումներից ստացված բոլոր միջոցները կուղղենք   սպառողական վարկավորմանը, իսկ բիզնես-վարկերի պահանջարկը կբավարարենք միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: Ընդ որում, պայմանները, որոնցով այդ միջոցները կտեղաբաշխվեն շուկայում վարկառուների համար կլինեն ավելի գրավիչ: Մենք պատրաստվում ենք պայմանագրեր կնքել անմիջապես բանկի եւ տվյալ կազմակերպության միջեւ, ինչը մեզ ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր առաջարկելու հնարավորություն է տալիս: Էժան լրացուցիչ ռեսուրսների ներգրավման շնորհիվ մենք կկարողանանք նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, միաժամանակ ստիպված չլինելով իջեցնել ավանդների տոկոսադրույքները:

Ա.Ավագյան. Խոսելով տարբեր կազմակերպությունների ռեսուրսների տեղաբաշխման մասին, հարկ եմ համարում նշել, որ «Յունիբանկ»-ը ռուսական կայունացման վարկի միջոցներից տեղաբաշխման ծավալով  իրավմամբ առաջին էր: Մենք տեղաբաշխել ենք այդ ծրագրի ռեսուրսների 35%-ը:
    

-Դուք նշեցիք, որ մտադիր եք մասնակցություն ունենալ KfW բանկի հիփոթեքային ծրագրում, որն, ըստ էության, ծրագրի երկրորդ փուլն է, եւ նախատեսում է լրացուցիչ 20 մլն եվրոյի տեղաբաշխում հիփոթեքային շուկայում: «Յունիբանկ»-ը հիփոթեքային վարկավորման գծով առաջատարներից մեկն է: Ինչո՞վ է պայմանավորված այդ ծրագրում ընդգրկվելու որոշումը:
  

Ա.Ավագյան. Դուք ճիշտ եք: «Յունիբանկ»-ը հիփոթեքային վարկավորման իր ծավալով հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է: Հիփոթեքային վարկավորման մեր պորտֆելը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 11.5 մլրդ դրամ: Դա բանկի պրոֆեսիոնալ մենեջմենթի վաստակն է, որը դեռ տարիներ առաջ  հանդես եկավ ոչ միայն Երեւանում եւ հարակից տարածքներում, այլ նաեւ մարզերում ակտիվ հիփոթեքային վարկավորում իրականացնելու առաջարկով:  Ինչ վերաբերում է KfW բանկի ծրագրում մասնակցությանը, ապա դրա հիմնական նպատակը պորտֆելի էլ ավելի դիվերսիֆիկացումն է: Չէ՞ որ վարկային պորտֆելը կենդանի մարմին է, որն անընդհատ «սնուցման»  կարիք ունի, նոր վարկատեսակների ընդգրկման, ինչու՞ չէ, նաեւ որոշ “մահացող” վարկատեսակներից ազատման կարիք:
Կարծում եմ ճկունության դրսեւորումը հետաքրքրության բարձրացման եւ հաջողության հասնելու գրավական է:

-Ինչպե՞ս է  «Յունիբանկ»-ը վերահսկում կորպորատիվ եւ մանրածախ վարկավորման ոլորտում առկա ռիսկերը: Ինպիսի՞ն են Ձեր սպասումները վարկային պորտֆելի նկատմամբ տարեվերջին:  

Զ.Բոյաջյան. Ինչպես հիշում եք, 2008թ.-ի սկզբին «Յունիբանկ»-ում ավարտվեց ABN AMRO բանկի բանկային ռիսկերի կառավարման բարելավման ծրագրի ներդրումը, որը բանկի համար դարձավ կարեւորագույն քայլ միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի վերահսկման համակարգի ներդրման համար: Այժմ մենք դիտարկում ենք ռիսկերի կառավարման մեկ այլ մեխանիզմի մշակումը, որը նախատեսված է հատուկ սպառողական շուկայի համար, մասնավորապես պլաստիկ քարտերով վարկավորման, քանի որ այս ոլորտում «Յունիբանկ»-ը ծրագրել է գրավել առաջատարի դիրքը: Նախատեսվում է, որ տարեվերջին բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կհսանի 100 հազարի:

Ա.Ավագյան. Ինչ վերաբերում է վարկային պորտֆելի ծավալների կանխատեսմանը, ապա ասեմ, որ առաջին հերթին մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու դրա լավ որակին: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն փաստը, որ վարկավորման ակտիվ ժամանակահատվածը բաժին է ընկնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա նվազագույնը եւս 25 մլրդ դրամի տեղաբաշխում կիրականացնենք` հասցնելով վարկային պորտֆելը մինչեւ  90 մլրդ դրամի:    

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վարկեր բոլորի համար` «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկային քարտ U-100
  • Պլաստիկ քարտերն ընդդեմ կանխիկի. Դուք ո՞րը կընտրեք
  • Ժամկետային ավանդների գծով Յունիբանկը դարձյալ առաջին տեղում է
  • Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ն առաջին եռյակում է
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգն առաջինը ՌԴ-ում ստացել է Եվրամիության միասնական արտոնագիր
  • Մեծացվել է երաշխավորված ավանդի սահմանաչափը
Տեսնել բոլորը