«Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն այս տարի կհասնի 200 հազարի

24.01.2011

«Յունիբանկ»-ի Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը:

- Վերջերս «Յունիբանկ»-ը հայտարարեց, որ սեփական պրոցեսինգային կենտրոնը կգործարկվի այս տարվա փետրվարի վերջին: Ինչո՞վ էր պայմանավորված սեփական պրոցեսինգի անհրաժեշտությունը եւ ինչպիսի՞ սպասումներ ունի Բանկը քարտային բիզնեսի զարգացման առումով:

- Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը մենք ձեռք ենք բերել BPC ընկերությունից, որը պրոցեսինգային լուծումների միջազգային վարկանիշով լավագույն եռյակում է: Սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայությունը զգալիորեն կուժեղացնի մեր մրցակցային դիրքերը բանկային մանրածախ ծառայությունների շուկայում, որոնց զարգացումը «Յունիբանկ»-ն ընդունել է որպես իր գործունեության գերակա ուղղություն: Ձեռքբերված պրոցեսինգի հիմնական նպատակը նոր քարտային ծրագրերի իրագործման ժամանակ անկախության եւ ճկունության ապահովումն է` անվտանգության առավելագույն մակարդակի պայմաններում: Պրոցեսինգի հետ մեկտեղ մենք ձեռք ենք բերել ֆրոդ /խարդախություն/ վերահսկողության հատուկ համակարգ, որը լայնորեն կիրառվում է արեւմտյան բանկերի կողմից: Այդ համակարգը ոչ միայն կասկածելի գործարքները վերհանելու, այլեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունի: Այսինքն մեր հաճախորդների քարտային գործարքները մոնիտորինգի են ենթարկվելու շաբաթը յոթ օր, քսանչորս ժամ շարունակ, երկրի ցանկացած վայրում:

Բնականաբար, իրականացված բարեփոխումները կնպաստեն քարտային ոլորտում բիզնեսի ծավալների էլ ավելի կտրուկ աճին: Այս ուղղությամբ կատարված մեր ներդրումները միայն մեկ տարվա ընթացքում կազմեցին ավելի քան մեկ միլիոն դոլար: 2010թ.-ին արձանագրել ենք թողարկված քարտերի քանակի զգալի աճ` ավելի քան 66 տոկոսով, հասցնելով քարտերի քանակը 66 հազարի: Ի դեպ, թողարկված միջազգային քարտերի քանակով «Յունիբանկ»-ը Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ առաջատար դիրքում է: Այս տարի սպասումները ավելին են. մինչեւ տարեվերջ նախատեսում ենք թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS-տերմինալներինը 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:

- Որո՞նք են սեփական պրոցեսինգային կենտրոնի առավելությունները հաճախորդների համար: Ինչպիսի՞ նոր ծառայություններ կմատուցեք քարտապաններին:

- Արդեն մարտին ծրագրում ենք սկսել Visa չիպային քարտերի թողարկումն ու սպասարկումը, որոնք անվտանգության ապահովման ավելի բարձր մակարդակ ունեն: Բացի դա, չիպային քարտը հաճախորդին կարող է ավելի շատ ծառայություններ մատուցել, քան թե մագնիսային ժապավենովը: Օրինակ, լոյալության մեր ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը նույնպես ծրագրված է գարնանը, հաճախորդներին կառաջարկենք քարտ, որն իր մեջ կներառի մի քանի ֆունկցիա եւ ի վիճակի կլինի փոխարինել վարկային, զեղչային կամ էլ բոնուսային քարտերին միաժամանակ: Մեր քարտը կլինի նաեւ բազմարժութային, այսինքն մեկ քարտին ամրագրված կլինեն մի քանի հաշիվներ տարբեր արժույթներով, ինչը, բնականաբար, շատ հարմար է օգտագործման համար, հատկապես` արտերկրում:

Պրոցեսինգի շահագործմանը զուգընթաց կվերազինվեն նաեւ մեր բանկոմատները: Մասնավորապես, «Յունիբանկ»-ի քարտապանները կկարողանան բանկոմատով փոփոխել իրենց PIN-կոդը կամ էլ քաղվածք ստանալ կատարված վերջին տաս գործարքների վերաբերյալ:

- Սեփական պրոցեսինգի գործարկումից հետո, շարունակելու՞ եք, արդյոք, աշխատել ArCa ազգային համակարգի հետ :

Միանշանակ Յունիբանկը կշարունակի մնալ ArCa համակարգի լիիրավ անդամ: Սեփական պրոցեսինգային կենտրոն ունենալու մեր նախաձեռնությունը պայմանավորված է քարտային բիզնեսի ծավալների մեծացմամբ եւ հաճախորդների ամբողջական պահանջարկի բավարարման ցանկությամբ: Հաճախորդին հետաքրքրելու համար քարտի դասական առավելություններն արդեն բավարար չեն` այն պետք է մի շարք հնարավորություններ տրամադրի, ինչն էլ մենք առաջարկում ենք: Առավել եւս, երբ սեփական պրոցեսինգի առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնելու քարտային սակագները հաճախորդների համար:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • 2011թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 8 նոր մասնաճյուղ
  • Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում
  • Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով
  • Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի աշխատանքային ժամերը տոնական օրերին
  • UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է Հայաստանում
Տեսնել բոլորը