Ս.թ. ապրիլի 29-ին Երեւանում կկայանա «Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն Բանկի 2010թ.-ի գործունեության արդյունքները: Ժողովում, մասնավորապես, կքննարկվեն եւ հաստատման կներկայացվեն Բանկի Վարչության եւ ներքին աուդիտի հաշվետվությունները, 2010թ.-ի ֆինանսական և հարկային հաշվետվությունները, վերջիններիս վերաբերյալ «Գրանթ Թորնթոն Ամիօ» միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունը, ինչպես նաեւ որոշում կընդունվի շահութաբաժինների վճարման եւ գլխավոր պահուստ հատկացում կատարելու մասին: Բանկի բաժնետերերի կողմից կիրականացվի նաեւ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ն աճ է արձանագրել գործունեության բոլոր հիմնական ցուցանիշների գծով: Հաշվետու տարում Բանկի ակտիվները կազմել են 113.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 4.5%-ով: Վարկային ներդրումների ծավալը, աճելով 14.23%-ով, տարեվերջին կազմել է 74.9 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,3 մլրդ դրամ, ավանդների ծավալը` 81.1 մլրդ դրամ: 2010թ.-ին Բանկն իրականացրել է կանոնադրական կապիտալի համալրում 2.8 մլրդ դրամի չափով` հասցնելով այն 11.4 մլրդ դրամի: «Յունիբանկ»-ի ընդհանուր կապիտալը հաշվետու տարում աճել է 41.84%-ով` կազմելով 14.3 մլրդ դրամ: Բանկի շահույթը 2010թ.-ի արդյունքներով կազմել է 1,5 մլրդ դրամ:
2010թ-ի սկզբին «Յունիբանկ»-ի կողմից որպես ռազմավարության գերակա ուղղություն ընդունվեց մանրածախ բիզնեսի զարգացումը: Հատկապես Բանկը կարեւորեց քարտային, սպառողական եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծավալների ընդլայնումը: Իրականացված ծրագրերի արդյունքում տրամադրված բիզնես-վարկերի քանակը տարվա ընթացքում ավելացավ գրեթե երկու անգամ, իսկ պորտֆելը` ավելի քան 25%-ով` կազմելով 48,4 մլրդ դրամ, որից 16.3 մլրդ դրամը կազմեցին փոքր և միջին բիզնեսին հատկացված վարկերը: Այս տարի «Յունիբանկ»-ը, նոր վարկատեսակների մշակման, ինչպես նաև հաճախորդների համար վարկային միջոցների հասանելիության մեծացման շնորհիվ, նախատեսում է վարկավորման ծավալների մոտ 10 մլրդ դրամի աճ:
Քարտային բիզնեսի զարգացման գործում շեշտը դրվեց տեխնոլոգիապես հետաքրքիր քարտային ծրագրերի մշակման վրա, որոնք առանձնանում են շուկայում իրենց մրցակցային առավելություններով: Նման մոտեցման շնորհիվ 2010թ.-ը քարտային բիզնեսի զարգացման առումով «Յունիբանկ»-ի համար բեկումնային դարձավ. թողարկված միջազգային քարտերի քանակով Բանկն առաջատար դարձավ Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի շարքում: Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ի կողմից թողարկված Visa միջազգային քարտերի քանակը կազմում է 51 հազար, տեղադրված POS տերմինալներինը` 630, իսկ բանկոմատներինը` 70:
2010թ.-ը «Յունիբանկ»-ի համար արդյունավետ էր նաեւ ֆիզիկական անձանց համար նախատեսված սպառողական վարկերի ծավալների ընդլայնման առումով. Բանկն առաջատար դիրք զբաղեցրեց սպառողական վարկավորման շուկայում: Այս ուղղությամբ կատարված վարկային ներդրումները կազմեցին 24 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է:
«Յունիբանկ»-ը պահպանեց առաջատարի դիրքը ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Տարեվերջին Բանկի ժամկետային ավանդները կազմել են 68.6 մլրդ դրամ, որից 63%-ը բաժին է ընկել ֆիզիակական անձանց ավանդներին:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման կարևոր գործոն է լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը : Այդ իսկ պատճառով 2010թ.-ի ընթացքում «Յունիբանկ»-ը շարունակել է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը` Երևանում բացելով 3 նոր մասնաճյուղ` Ավան, Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում: «Կապան» և «Արտաշատ» մասնաճյուղերը տեղափոխվել են նոր, սպասարկման համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովող շինություններ: Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 34 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Մասնաճյուղային ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ սպասարկման որակի բարելավման նպատակով 2010թ.-ին Բանկում ստեղծվեցին Մասնաճյուղային ցանցի զարգացման և Հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման տնօրինություններ:
«Յունիբանկ» ՓԲԸ գործունեություն է սկսել ծավալել 2001թ.-ի հոկտեմբերից: Բանկի բաժնետերերն են «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը (մասնաբաժինը` 75,43%), Գագիկ Զաքարյանը (12.285%) եւ Գեորգի Պիսկովը (12.285%):
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար26.04.2011 Տեսնել ավելին
-
“Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք19.04.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը կիրականացնեն առեւտրի ֆինանսավորման միջազգային ծրագիր13.04.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%05.04.2011 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` գլխամասային գրասենյակի եւ “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատակարգի փոփոխություն31.03.2011 Տեսնել ավելին
-
2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով27.03.2011 Տեսնել ավելին